Օձերն արթնանում են. Հագեք ռետինե կոշիկներ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | May 20, 2009 19:02

Մայիսի 19-ին 44-ամյա Արթուր Վիրաբյանը գյուրզայի խայթոցով տեղափոխվեց Հանրապետական հիվանդանոց: Օձը խայթել է Արթուրին Դալմայի այգիներում աշխատելիս: Հիվանդանոցի «Սուր թունավորումների բաժանմունքի» վարիչ Սուրեն Մակարյանը տեղեկացնում է, որ հիվանդի վիճակը խիստ ծանր է, մոտ 3-4 օր անց պարզ կլինի` կապրի, թե ոչ: Մակարյանը զգուշացնում է. որ օձերի խայթոցների սեզոնն արդեն սկսվել է, և ովքեր աշխատում են դաշտերում, թող անպայման հագնեն ռետինե կոշիկներ և, առհասարակ, չփորձեն օձ բռնել: Ըստ Մակարյանի` հիվադանոցում բոլոր տեսակի սուր թունավորումները բուժվում են պետպատվերի շրջանակներում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ այս տարի հանրապետությունում օձի խայթոցի դեպք դեռ չի գրանցվել, այնինչ միայն Հանրապետական հիվադանոց այս տարի օձի խայթոցով արդեն երկու հոգի է տեղափոխվել:

Հանրապետության բոլոր հիվանդանոցները(նաև մասնավոր ) արդեն ապահովված են օձի հակաթույնով: Ըստ Արմենպրեսի` Առողջապահության նախարարության դեղերի բաժնի պետ Մարինե Հարությունյանն ասում է, որ այս տարի «Նիբֆարմ» ընկերությունը Ուզբեկստանից անհրաժեշտ քանակությամբ հակաթույն է ներկրել Հայաստան, որն ամեն հիվանդանոց իր միջոցներով է ձեռք բերում:

Օձի հակաթույնի առավել շատ պաշար ձեռք են բերում Արմավիրի, Արարատի մարզերի հիվանդանոցները, քանի որ այս մարզերում ավելի հաճախ են գրանցվում խայթոցների դեպքեր:

Դիտվել է 1865 անգամ:
Print Friendly

Leave a Reply