Այսօր Զորավար Անդրանիկի 148-րդ տարեդարձն է
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | February 25, 2013 12:43
Փետրվարի 25-ին լրանում է զորավարԱնդրանիկ Օզանյանի ծննդյան 148-ամյակը:
Անդրանիկ Օզանյանը հայ ժողովրդի պատմության ամենասիրված, միաժամանակ ամենահակասական կերպարներից է: Նա ծնվել է 1865 թ. փետրվարի 25-ին, Տրապիզոնի նահանգի Շապին-Գարահիսար գյուղաքաղաքում: Պատանեկան տարիներից հյուսնություն է արել, բայց տարվելով Արևմտյան Հայաստանում ծավալվող ազգային-ազատագրական շարժումներով` շուտով հյուսնի ուրագը փոխարինում է հրացանով: 1888 թ. Անդրանիկ Օզանյանն անդամագրվում է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությանը, բայց, շուտով խզում է կապերը հնչակյանների հետ և 1894 թ. անդամագրվում նոր կազմավորված Հայ հեղափոխական դաշնակցությանը:
Հնչակյանների շարքերում էլ նա սկսում է իր հեղափոխական գործունեությունը: 1889 թ. թուրք ենիչերիի սպանության մեղադրանքով ձերբակալվում է, սակայն հաջողվում է փախչել բանտից ու շարունակել պայքարը: Անդրանիկը շուտով միանում է Աղբյուր Սերոբի խմբին և հիմնականում զբաղվում Արևմտյան Հայաստան զենք-զինամթերքի առաքմամբ ու ֆիդայական խմբերի զինմամբ: 1895-ից նա ակտիվ ֆիդայական կյանք է վարում, աչքի է ընկնում բազում մարտերում: Անդրանիկի տաղանդն այն էր, որ ճիշտ և ժամանակին էր կողմնորոշվում տեղանքում, հմտորեն, արագ տեղաշարժվելով` կարողանում էր իր ջոկատը տեղաբաշխել այնպես, որ թշնամու քանակական գերակայությունը չեզոքանում էր: Նա անչափ քաջ ու խիզախ էր, նաև վճռական ու խիստ:






Facebook
Tweet This
Email This Post
