Ահազանգ. Վկային ճնշում են, որպեսզի չտա անուններ

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | February 23, 2013 15:26

2012 թվականի նոյեմբերի 18-ին Մուշ ռեստորանում սպանված փաստաբան Սամվել Շարբաթյանի քույրն ահազանգում է փաստաբանի հարազատների և ականատես վկայի նկատմամբ գործադրվող ճնշումների մասին:

Ի դեպ այս քրեական գործով վկաների նկատմամբ կիրառվող ճնշումներին «Pastinfo.am»-ն անդրադարձել էր դեռևս փետրվարի 15-ին, իսկ այսօր Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրապարակել է փաստաբանի քրոջ նամակը, որտեղ վերջինս արձանագրում է. «18.11.2012թ. ժամը 22:00-ի սահմաններում Մուշ ռեստորանում եղբայրներ Արեն և Արտակ Վերանյանների և Սամվել Դիլոյանի գազանաբար ծեծի պատճառով սպանվել է հարազատ եղբայրս՝ փաստաբանների միության անդամ Սամվել Շարբաթյանը: Իրավապահ մարմինները կալանավորել են ոճրագործներին, բայց դրանով ավելի է վտանգված մեր՝ առանց այն էլ տուժված հարազատների կյանքը: Պատճառը, որ միակ վկան (չնայած ռեստորանում եղել են շատ վկաներ, որոնք ըստ իրավապահների քարի պես լռում են) Հայկը՝ քրոջս տղան, որը ծառայում է բանակում, պետք է ոճրագործների անունը չտա, որ չդատվեն, որ մեղք են»:

«Իսկ մեղք չէ՞ր եղբայրս, որ 3 հարբած ոճրագործներ գազանաբար խփում էին գլխին ու հայհոյում, իսկ Հայկը, որ ուզում էր փրկել քեռուն մի քանի հարված էլ բաժին է հասնում Հայկին, անգամ գիտակցության կորուստ է ունենում, իսկ ռեստորանում գտնվող այսպես կոչված եղբայր ընկերը՝ պարոն Խլղաթյանը և մի քանի մարդիկ իբր չեն լսում, չեն տեսել, շարունակել են խնջույքը՝ չխառնվելով կռվին»,- ասում է սպանվածի քույրն ու ավելացնում. «Ասեմ, որ դեպքի վայրում եղել է նաև 3-4 իբր անծանոթ տղաներ, որոնք ոճրագործների թիմակիցներն են և այժմ էլ հետապնդվում են ոստիկանների կողմից ու մեծ վախ են ներշնչում տուժածներիս, մանավանդ՝ Հայկին, որը գտնվում է մեզանից շատ հեռու և միշտ էլ վտանգի մեջ է»:

«Դիմել ենք բազմակի տարբեր իրավապահ մարմիններին, տեղեկացրել ենք, որ կան սպառնալիքներ, որ վախենում ենք, բայց հստակ պատասխան չկա, հանգստացնում են, որ ոճրագործները ձերբակալված են, բայց մյուս 4-ը՞, որ ազդում են նորակոչիկ զինվորի վրա, ո՞վ պետք է մտածի այս մասին, ի՞նչ է սպասենք հաջորդ ոճրագործությա՞նը: Ո՞վ պետք է մտածի, որ կա չէ՞ պատճառ, որ Հայկը այլևս չի ուզում տալ ոճրագործների անունները, կամ ինչի մնացած վկաներին չեն ստիպում խոսել, ինչի՞ հաշվի չեն առնում տղայի՝ Հայկի հոգեկան սթրես, ծանր տրավմա ապրած վիճակը, կամավոր գնաց բանակ, որ հեռու լինի ոճրագործներից, հիմա էլ ողջ զորքի առջև ե՞ն ստորացնում զինվորին, ստորացնողն էլ մի գործից անտեղյակ, ոչ կիրթ լրագրող Ադրինե Թորոսյանն է, որը խառնել է անձնականը գործնականի հետ, կատարում է ոճրագործի պատվերը, զանգում է զորամաս Հայկին և ստիպում, որ պատասխանի իր անմիտ հարցերին, այդքանով չբավարարվելով, զանգում և Հայկի դեմ է հանում հրամանատարությանը, որ ստիպված Հայկը պատասխանի և Ադրինեն տպագրի հոդված՝ փորձելով խառնել և շփոթմունք գցել տուժածներիս և իրավապահ մարմինների մեջ: Մեր քաղաքում ինչի չկա՞ր ավելի կիրթ լրագրող, միայն Դիլոյանի ընկերուհի Ադրինեն է՞ր մնացել: Ո՞վ պետք է այս հարցերին պատասխան և լուծում տա: Մեր երկրում էլ չմնաց բարձրաստիճան իրավապահ, որ չդիմենք, ի՞նչ անենք, ինչքա՞ն սարսափենք, և ինչի՞ վախենալով ապրենք, առանց այդ էլ տեսնելով մեր հարազատի խոշտանգված գլուխը սարսափահար եղանք, որ մեր ապահով երկրում նման ոճրագործությու՞ն, և գումարած սպառնալի՞ք, որ ազատ արձակվեն գազաննե՞րը: Մեզ հանգստացնում են, թե իբր խիստ ռեժիմի տակ են գտնվում, իսկ ոնց է լինում, որ 10 օրվա կալանավորվածը ելույթ է ունենում հեռուստատեսությամբ ծամոնը բերանին, արհամարհական ծիծաղը երեսին, այսինքն՝ մի հասարակ լրագրող Ադրինեն հզոր է դատախազությունի՞ց:

Խնդրում եմ օգնել ճիշտ որոշում կայացնել, և ապահով, հանգիստ մեր վշտի հետ ապրենք: Եվ որ գոնե գտնվի մի հնարավորություն այս ոճրագործության հերոսները ազատ ման չգան հասարակության մեջ, պարծենալով, որ ո՞վ կարա մեր անունը տա, մենք թիկունք ունենք: Ավելացնեմ, որ գոնե իրավապահներից մեկի մտքով անցա՞վ, որ միջոցներ ձեռք առնեն Հայկի հոգեբանական վիճակը ստուգելու, սփոփելու համար, դրա փոխարեն ստիպում են, որ պետք է շարունակ տաս ոճրագործների անունները, որ դատենք: Էսպես ե՞ն համարում ապահով մեր երկիրը»,- ասվում է փաստաբանի քրոջ նամակում:

Աղբյուրը՝ hcav.am

«Փաստինֆո»
Դիտվել է 2484 անգամ:
Print Friendly

Leave a Reply