«Բարևն Աստծունն է, և Հանրապետականը պատրաստ է բոլորին շատ մեծ սիրով և՛ բարևել, և՛ ճանապարհել». Էդ. Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 23, 2013 14:12

Ժողովուրդը ձայնը տվել է Սերժ Սարգսյանին և վերջ: Tert.am-ին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ավելացնելով, որ փետրվարի 18 –ին շուրջ 861 հազար մարդ իր ձայնը տվել է Սերժ Սարգսյանին:

«Եվ սա ասում է ոչ միայն Էդուարդ Շարմազանովը, այլ հասարակության մեծամասնությունը, բոլոր միջազգային կառույցների՝ դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչները եվրոպականից մինչև ԱՊՀ, « Ֆրանսիայից մինչև Չինաստան, Ռուսաստան, Իրան, Ֆրանսիա և այլն»,-ասել է նա:

Այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այդքան շատ ձայներ է հավաքել, ՀՀԿ խոսնակը համարել է նորմալ և ավելացրել, որ Հանրապետականի համար շատ թանկ են այդ 37 տոկոսի ձայները: «Եվ մենք էն կարծիքի չենք եղել, որ պետք է բոլորը մեզ ձայն տան; Մենք հո չենք ապրում ավտորիտար կամ բոլշևիկյան հասարակության մեջ»,-նշել է ՀՀԿ խոսնակը, ով սակայն, չի ընդունում հայաստանյան մտայնությունը, որ «պարտված թեկնածուն իրեն միայն տեսնում է նախագահական պալատում՝ ինչ-որ պաշտոնների ձևով, և ամեն պարտված թիմ ուզուրպացնում է Ազատության հրապարակը»:

Նա իբրև օրինակ բերել է ԱՄՆ-ում կամ Չեխիայում մեկ ամիս առաջ տեղի ունեցած ընտրությունները, որտեղ նախագահ է ընտրվել Զեյմանը` 54 տոկոսով, երկրորդ տեղը գրաված Շվերցտենբերգը՝ 46 տոկոսով:

«Բայց նա չասաց, որ եթե 46 տոկոս եմ հավաքել, ուրեմն՝ 86 տոկոս է, հետո չասաց՝ դե արի կրկնակի քվեարկություն անենք, հետո չասաց՝ դե արի խորհրդարանը ցրե՛նք: Երկու տոկոսի տարբերությամբ Օլանդին պարտված Սարկոզին շնորհավորեց նրան: Չի՛ կարելի բազարային մտածելակերպով քաղաքականություն իրականացնել»,- մեկնաբանել է ԷդուարդՇարմազանովը:

Ի ամփոփում՝ ՀՀԿ մամուլի խոսնակն ասել է, որ թող ոչ մեկի մտքով չանցնի մեր երկիրը տանել ավանտյուրիստական ճանապարհով և ավելացրել. «Իսկ իշխանության ուզուրպացիայի ճանապարհով շատ տխուր ճակատագիր է սպասվում»:

ՀՀԿ խոսնակի խոսքով՝ իշխող կուսակցության համար անսպասելի չէր երեկ՝ Ազատության հրապարակ Դաշնակցության մուտքը, ովքեր հայտարարեցին, որ այդտեղ են, քանի որ չեն կարող չլինել ժողովրդի կողքին: «Բոլոր նրանք, ովքեր կոալիցիայում չեն և ընդդիմադիր ուժ են, պաշտպանելու են Րաֆֆի Հովհաննիսյանին կամ առնվազն ոչ իշխանության թեկնածուին, քանի որ, հիշենք, որ ՀՅԴ-ն ընտրություններից առաջ կոչ էր արել ձայն չտալ իշխանության թեկնածուին: Եվ նոր չէ, որ բոլոր ուժերը, թույլերը միավորվում են ուժեղի դեմ: Բնության մեջ էլ է այդպես, և իշխող կուսակցությունն ուժեղ է ՝ և՛ իր հանդուրժողականությամբ, և՛ իր դիրքով, և՛ իր հողին կպածությամբ»,- ասել է Էդուարդ Շարմազանովը՝ ավելացնելով , որ չի կարծում, որ հինգ -վեց կուսակցությունների ղեկավարների միավորման շքերթը սասանում է իշխանության դիրքերը և «ավելացնում է Րաֆֆի համակիրների տեսակարար կշիռը:

Ինչ վերաբերում է «Բարևի հեղափոխությանը», ապա Էդուարդ Շարմազանովը նշել է, որ հասարակությունում տեղի է ունեցել սահմանադրական հեղափոխություն՝ իշխանության գլխավորությամբ:

«Բարևն Աստծունն է, և «Հանրապետականը» պատրաստ է բոլորին շատ մեծ սիրով և՛ բարևել, և՛ ճանապարհել: Եվ Երևանի քաղաքապետի ընտրություններով ևս կպարզվի, որ բարևը Հանրապետականի միջոցով Աստծունն է»,-ասել է նա:

Ի պատասխան հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը գնում  էայսպես կոչված սահմանադրակա՞ն ճանապարհով, այսինքն՝ կառուցողական, թե՞ հեղափոխական, ՀՀԿ խոսնակը պատասխանել է, որ սահմանադրական հեղափոխություն լինում է միայն ընտրությունների միջոցով: Այն է՝ իշխանության փոփոխություն կամ վերընտրություն, իսկ ընտրությունների արդյունքում ձայնը տվել է Սերժ Սարգսյանին:

«Սահմանադրական ճանապարհով հեղափոխության մասին խոսացողները կամ անգրագետ են … Ես Արմեն Մարտիրոսյանին պատասխանել եմ, որ խորհրդարանը չի կարող ցրվել, գոնե առաջիկա երեք ամսվա ընթացքում անհնար է, որովհետև Սահմանադրությունը պատվերով համերգ չի էլի, որ ով երբ ուզի, ցրի, սա պետություն է»,- ասաց ՀՀԿ խոսնակը:

Շարմազանովը հիշեցրել է, Սահմանադրության 117 և 74 հոդվածներով խորհրդարանի ցրում նախատեսված է երեք դեպքերում. խորհրդարանի՝ երեք ամիս անգործության դեպքում. եթե կառավարության լուծարումից հետո նորանշանակ վարչապետի ծրագիրը Ազգային ժողովը չի հաստատում կամ հերթական նստաշրջանից առաջ:

Իսկ գարնանային նստաշրջանը արդեն սկսվել է, այնպես որ տեսականորեն դա կարելի է անել աշնանային նստաշրջանից առաջ:

Ի պատասխան հարցին, թե ՀՀԿ-ից «Ժառանգությանը» եղե՞լ է կամ կլինի՞ կոալիցիայի մաս կազմելու առաջարկ, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ կուսակցության ներսում չի քննարկվել ապագա իշխանական կառավարության կամ գուցե կոալիցիայի հարց:

«Տեսական առումով, խոսքը Րաֆֆիի մասին չէ, բայց քաղաքականությունը հնարավորինի արվեստ է: Ամեն ինչ հնարավոր է, բայց այսօր ՀՀԿ-ն չի քննարկել ապագա կոալիցիայի հարց»,-ասաց ՀՀԿ խոսնակը:

Դիտվել է 1904 անգամ:
Print Friendly

Leave a Reply