ԱԳ նախարարը առաջին դասախոսությունը կարդաց Դիվանագիտական դպրոցի նոր ունկնդիրներին

Պաշտոնական, Օրվա լուր | | February 22, 2013 22:22

Փետրվարի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը առաջին դասախոսությամբ
հանդես եկավ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի նոր ընդունված ունկնդիրների առջև։

Շնորհավորելով ունկնդիրներին դիվանագիտական դպրոց ընդունվելու
կապակցությամբ` նախարար Նալբանդյանն ասաց, որ կրթօջախի չորրորդ սերունդը
հաճախում է դիվանագիտական կադրերի պատրաստման կրթական հաստատություն, որի հիմնումը և արդյունավետ գործունեությունը արդեն կայացած փաստ է։

«Դիվանագիտութունն, իհարկե, նախեւառաջ, պիտի լինի արյան մեջ, բայց այն
նաեւ մասնագիտություն է, եւ ինչպես որեւէ մասնագիտություն, պահանջում է
հիմնավոր կրթություն։ Դուք հնարավորություն կունենաք մոտիկից ծանոթանալու դիվանագիտական արվեստին եւ բանակցություններ վարելու հմտությանը, Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումներին ու մոտեցումներին, միջազգային իրավունքի, միջազգային տնտեսական հարաբերությունների խնդիրներին, դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատանքի նրբություններին: Դպրոցում դասավանդելու են առաջատար մասնագետներ Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Միացյալ Թագավորությունից, Բելգիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Սլովենիայից, Էստոնիայից, Շվեյցարիայից, Կանադայից,
Նիդեռլանդներից, Չեխիայից և Ավստրիայից: Դուք հնարավորություն կունենաք
նաև լսելու Հայաստան այցելող արտգործնախարարներին և միջազգային
կազմակերպությունների ղեկավարներին»,- ասաց նախարար Նալբանդյանը։

Եզրափակելով խոսքը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ դպրոցի յուրաքանչյուր ունկնդիր պետք է առավելագույնս օգտվի մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու այս հնարավորությունից, որպեսզի
մեկ տարի հետո կարողանա համալրել Հայաստանի դիվանագիտական ծառայության
շարքերը։

Դիտվել է 970 անգամ:
Print Friendly

Leave a Reply