Ադրբեջանցիները շփման գծին «ղարաբաղյան ազանը» են հնչեցրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 23, 2013 8:43

Ադրբեջանի կրոնական ենթակառուցվածքներով զբաղվող Պետական կոմիտեի նախագահ Էլշադ Իսքենդերովը Աղդամի շրջանի Չեմենլի գյուղում շփման գծից ոչ հեռու տեղի ունեցած «Դեպի Ղարաբաղ ճշմարտության և իրավունքի ձայնով» ակցիայի շրջանակներում հայտարարել է, որ Ադրբեջանի գլխավոր խնդիրը «Հայաստանի օկուպացրած տարածքները հետ բերելն է»:
«Վերջին ազանի (աղոթքի կանչ իսլամում) կանչերի ներքո մեր որդիները Ղարաբաղում պաշտպանություն են կազմակերպել, մարտի են գնացել, նահատակներ են դարձել: Մեզ հաջողվել է ստանալ այս ձայնագրությունը և հիմա մեր նպատակը այդ ազանի ձայնը օկուպացված ադրբեջանական տարածքներ հասցնելն է»,-«Anadolu» գործակալությունը վկայակոչում է Իսքենդերովի հայտարարությունը:
«Դեպի Ղարաբաղ ճշմարտության և իրավունքի ձայնով» ակցիային են միացել հազարավոր մարդիկ Ադրբեջանի տարբեր բնակավայրերից: Նրանք ուրբաթօրյա նամազը՝ մուսուլմանական աղոթքը, կատարել են շփման գծի Ջյումշյուդ մզկիթում: Իսքենդերովը նաև կոչ է արել ադրբեջանական կրոնական բոլոր համայնքներին աջակցել ակցիային և պարբերաբար հնչեցնել «ղարաբաղյան ազանը» երկրի մզկիթներում: Իսքենդերովը դիմել է նաև Թուրքիայի, Իրանի և Պակիստանի դիվանագետներին՝ խնդրելով նրանց, որպեսզի վերջիններիս երկրներում նույնպես հնչեցվի վերոնշյալ ազանը, ցույց տալու համար եղբայրական Ադրբեջանին իրենց աջակցությունը:

Դիտվել է 847 անգամ:
Print Friendly

Leave a Reply