Րաֆֆի Հովհաննիսյան: “Դուք ընտրեցիք ձեր ծառային’’

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 22, 2013 22:10

Այսօր  Ազատության  հրապարակում  “ Ժառանգություն” կուսակցության  առաջնորդ Ր.Հովհաննիսյանը  դիմելով  հանրահավաքի  մասնակիցներին  հայտարարեց Սերժ Սարգսյանի  հետ  հանդիպման  որոշ  մանրամասներ:

“Դուք  ընտրեցիք  ձեր  ծառային, ով  հինգ  տարի ազգային  պետական օրակարգով  ծառայի  ժողովրդին: Ոչ  մեկին  մենք  վատը  չենք  մաղթում, ոչ Հայաստանի ներսում, ոչ էլ  մեր  հարևաններին…Թող  մի  բան  պարզ  լինի, որ հակապետական,  հակազգայնական արձանագրությունների դարաշրջանն անցել է և 2015 թվականի ապրիլի   24-ին կամք  կունենանք  առանց  արձանագրությունների, առանց նախապայմանների Թուրքիային  ներկայացնել մեր պահանջները”: Այնուհետև Ր. Հովհաննիսյանը դեռ երեկվանից անորոշությամբ  համակված  ժողովրդին  տեղեկացրեց Սերժ Սարգսյանի հետ հանդիպման  մանրամասներին:

-Շատերն  հարցնում են, թե  ինչու  գնացիր Սերժ Սարգսյանի մոտ, որովհետև  ես  իմ  հայրենիքում  վախ  չունեմ: Ասացի՝  ճանաչեք ժողովրդի  հաղթանակը, պատասխանը՝ ոչ: Ասացի՝  շամպայն  խմելու փոխարեն հայտարարեք  նոր  ընտրություններ,  պատասխանը՝ ոչ: Այդ  դեպքում, ասացի՝  պատժեք բոլոր  կեղծարարներին՝  մարզպետներին,  գյուղապետներին,  հանձնաժողովների  նախագահներին…Հայտարարեք, որ  բոլորին  պատժելու եք ՀՀ օրենքով:

Ր. Հովհաննիսյանի երկրորդ  պահանջը նույնպես  չի  ընդունվել Սերժ Սարգսյանի  կողմից. “Եթե  չունեք այդ  հնարավորությունը, ուժը ժողովրդի  հաղթանակը  ճանաչելու,  դեմ առ  դեմ  կրկնակի  ընտրության, ուրեմն  չնեղանաք  ինձանից, ես  մինչև  վերջ Ձեր  կողքին  պետք է  կանգնած  լինեմ և  ոչ  մի  տեղ  չեմ  գնալու“: Ր.Հովհաննիսյանի երրորդ  պահանջը խորհրդարական  արտահերթ ընտրությունների  անցկացումն էր, որը  նույնպես  մերժվել է:

Ր. Հովհաննիսյանը  այլևս  ոչինչ  չի ունեցել ասելու: Ազատության  հրապարակում հավաքված բազմության սատարող բացականչություններից  ոգևորված “ Ժառանգություն “ կուսակցության  առաջնորդը որոշել է այցելել  բոլոր այն  քաղաքները, որտեղ  նա  հաղթանակ է  տարել, այդ  հաղթանակները  պետք է  մեկ առ  մեկ  տանել քաղաքներն ու  գյուղերը: Վաղը  նա  գնալու է Վանաձոր, Գյումրի,Սպիտակ, Աշտարակ քաղաքաները,  իսկ կիրակի  օրը ժամը 15:00-ին կվերադառնա Ազատության  հրապարակ, անօրեն  իշխանությունների դեմ շարունակելու  պայքարը:

 

 

 

 

Դիտվել է 932 անգամ:
Print Friendly

Leave a Reply