ՄԻՊ. Անվճար ուսումնառության տեղերի բացակայությունը հակասում է Սահմանադրությանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 22, 2013 15:17
Փետրվարի 22-ին Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով քննության առավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա գործը: Կարեն Անդրեասյանը վիճարկում է ՀՀ կառավարության 2012 թ. ապրիլի 26-ի թիվ 554-Ն որոշման սահմանադրականությունը:
Վիճարկվող` «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2012/2013 ուսումնական տարվա` ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով տեղերը հաստատելու մասին» որոշմամբ, մասնավորապես, Երևանի պետական համալսարանի «Իրավագիտություն» և «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությունների գծով անվճար ուսումնառության տեղեր, ինչպես և նախորդ երկու տարիներին, նախատեսված չեն:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ, ՄԻՊ-ի աշխատակազմի Իրավական վերլուծության վարչության պետ Արամ Վարդևանյանը նշեց, որ իրենք գտնում են, որ նման որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, համաձայն որի յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք՝ օրենքով սահմանված կարգով: Նրա հիմնավորմամբ, բացի այդ, «Կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարվա համար պետք է սահմանի պետական պատվեր` ըստ մասնագիտությունների, ուսումնական հաստատությունների` յուրաքանչյուր մասնագիտության համար նախատեսելով անվճար ուսուցման տեղեր` առնվազն տասը տոկոսի սահմաններում:
Ըստ ՄԻՊ-ի ներկայացուցչի, հետևաբար` կառավարության որոշմամբ արված սահմանափակումը դիտարկվում է որպես օրենքի կոնկրետ պահանջի խախտում: Ինչ վերաբերում է նրան, որ որպես օրինակ բերված են վերոհիշյալ երկու մասնագիտությունները, չնայած այլ մասնագիտություններով առկա սահմանափակումներին, ապա դա բացառապես պայմանավորված է քաղաքացիների կողմից ստացված դիմում-բողոքներով:
Պատասխանող կողմը` ՀՀ կառավարության ներկայացուցիչ, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ համոզմունք հայտնեց, որ նշված սահմանափակումը օրենքի խախտում չի հանդիսանում, և որ կառավարությունը մինչև տվյալ ուսումնական տարեսկիզբը նախապես սահմանում է անվճար և վճարովի ուսման տեղերը` ըստ տարբեր բուհերի և մասնագիտությունների, առաջնորդվելով պետության համար գերակայություններով: Նա ընդգծեց նաև, որ «Իրավագիտություն» մասնագիտության գծով անվճար տեղեր կան երկու այլ բուհերում, և դիմորդը ընտրության հնարավորություն ունի:
ՍԴ-ն նիստին հրավիրել էր նաև Երևանի պետական համալսարանի ռեկտոր, Պետական բուհերի ռեկտորների խորհրդի նախագահ Արամ Սիմոնյանը` գործով որոշ պարզաբանումներ տալու նպատակով: Ա.Սիմոնյանը, մասնավորապես, ի պատասխան իրեն ուղղված հարցերի, ընդունեց, որ կոնկրետ «Իրավագիտություն» և «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությունների գծով սովորողները, առաջադիմության բարձր ցուցանիշների պարագայում, զրկված են ռոտացիոն սկզբունքից օգտվելու` անվճար ուսումնառության համակարգ տեղափոխվելու, իրավունքից: Նա նշեց նաև, որ «Իրավագիտություն» մասնագիտության գծով սահմանված է ամենաբարձր ուսման տարեկան վարձավճարը` 700 հազար դրամ:
ՍԴ-ն առաջիկա մեկ ժամում կհրապարակի իր որոշումը:






Facebook
Tweet This
Email This Post
