Գործազրկության նպաստ ստացողների թիվը նվազել է

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 22, 2013 14:59

Հայաստանում գործազրկության մակարդակի նվազման հետեւանքով նվազել է նաև գործազրկության նպաստ ստացողների թիվը։ 2013 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Հայաստանում գործազրկության նպաստ են ստանում 10 հազար 351 գործազուրկներ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը նշեց, որ դեռևս չի վերլուծվել, թե ինչ այլ գործոններ կարող են նպաստել նպաստառուների նվազմանը։ «Այս տարի ևս գործազուրկների համար նախատեսված նպաստի չափը կմնա անփոփոխ՝ 18 000 դրամ»,- ավելացրեց Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ հունվարին կասեցվել է 211 գործազուրկի նպաստի ստացումը, ինչը կապված է նպաստի ստացման համար սահմանված ժամանակի ավարտի հետ։ «Գործազուրկները կարող են նպաստ ստանալ վեց ամսից մինչև մեկ տարի, այնուհետև պետք է նորից հաշվառվեն տարածքային կենտրոններում»,-նշեց Արտակ Սիմոնյանը։

2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 62 400 գործազուրկ, որոնցից 45 400 կանայք են։ 2012 թվականի նույն ժամանակահատվածում գործազուրկների թիվը Հայաստանում կազմել է 67 500, որը աշխատանք փնտրողների 85,9 տոկոսն է։ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով` աշխատանք փնտրողների թիվը 72.2 հազար է, որը նախորդ տարվա նկատմամբ նվազել է 10.1 տոկոսով։

Դիտվել է 1098 անգամ:
Print Friendly

Leave a Reply