Դատարանն արդարացրել է քաղաքապետարանի պաշտոնյային

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | February 22, 2013 13:00

«Նախաքննության մարմնի ենթադրությունը չի կարող դրվել մեղադրանքի հիմքում»,- եզրակացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն` արդարացնելով Սիսիանի քաղաքապետարանի եկամուտների հավաքագրման բաժնի պետ Համիկ Ստեփանյանին:

Բայց դեպքերի զարգացումը ներկայացնենք` ըստ հաջորդականության:

2011 թվականի դեկտեմբերի 30-ին Սիսիանում քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով` Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը: Ըստ քննչական մարմնի, Սիսիանի քաղաքապետարանի եկամուտների հավաքագրման բաժնի աշխատակիցները՝ անձնական շահագրգռվածությունից ելնելով և իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքի վարչական տարածքում գյուղատնտեսական մթերքների բացօթյա վաճառք իրականացրած ֆիզիկական անձանցից տեղական տուրքի վճարներ էին գանձել: 2012 թվականի մարտի 28-ին նախաքննության մարմինը Սիսիանի քաղաքապետարանի եկամուտների հավաքագրման բաժնի պետ Համիկ Ստեփանյանին մեղադրանք էր առաջադրել հիշյալ հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ պաշտոնյան քաղաքապետարանի բյուջե հնարավորինս շատ գումար մուտքագրելու համար խախտել է «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը ու «Առևտրի և ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ հանձնարարելով աշխատակիցներ Սուսաննա Համբարձումյանին և Սմբատ Առաքելյանին համայնքի վարչական տարածքում` ոչ սահմանված վայրերում, գյուղատնտեսական մթերքների բացօթյա վաճառք իրականացրած, որպես ֆիզիկական անձ հանդես եկած անձանցից գանձել տեղական տուրքի վճարներ: Արդյունքում թվով 6 տուժողներից երեք տարի շարունակ` 2008 թվականի նոյեմբերից մինչև 2011 թվականի նոյեմբերը որպես տեղական վճարներ գանձվել է ընդհանուր առմամբ 581.350 ՀՀ դրամ և մուտքագրվել քաղաքապետարանի բյուջե, որով նախաքննական մարմնի գնահատմամբ էական վնաս է պատճառվել քաղաքացիների իրավունքներին և օրինական շահերին: Իսկ դատարանի գնահատմամբ` եկամուտների հավաքագրման բաժնի պետի գործողություններում բացակայել է հանցակազմը:

Մասնավորեցնենք, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ն. Օհանյանի նախագահությամբ, անցկացված դատաքննության ընթացքում Համիկ Ստեփանյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ տուժողների անունները եղել են աշխատակիցների կողմից ներկայացրած հաշվետվություններում, սակայն չի իմացել, որ վերջիններս իրականացրել են գյուղատնտեսական ապրանքների բացօթյա առևտուր, քանի որ նրանց չի ճանաչել, չի հանդիպել և տեղական տուրք վճարել չի պարտադրել։ Բաժնի աշխատակիցների կողմից ներկայացրած հաշվետվություններում և անդորրագրերում նշում չի եղել, որ գանձում է կատարվել գյուղմթերքների բացօթյա առևտուր իրականացնող ֆիզիկական անձանցից, ուստի մտածել է, որ տեղական տուրքեր վճարողներն իրենց գործունեությունը ծավալել են օրենքին համապատասխան, իսկ գանձված գումարները մուտքագրվել են քաղաքապետարանի բյուջե:

Ամբաստանյալը պնդել է, որ երբևէ իր բաժնի տեսուչներ Սուսաննա Համբարձումյանին և Սմբատ Առաքելյանին չի հանձնարարել համայնքի տարածքում գյուղատնտեսական մթերքների բացօթյա առևտուր կատարող ֆիզիկական անձանցից տեղական տուրքի գումար գանձել, ընդհակառակը` նրանց բազմիցս զգուշացրել է նշված անձանցից գումարներ չգանձել: Չսահմանված վայրերում քաղաքացիների կողմից գյուղմթերքների բացօթյա առևտուր կատարելու մասին դիմել է համայնքի ղեկավարին, վերջինս էլ Սիսիանի ոստիկանության բաժնի պետին, որից հետո Արա Գևորգյանի, Գագիկ Պետրոսյանի և այլ քաղաքացիների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:

Համիկ Ստեփանյանն ընդգծել է նաև, որ 2008-2011 թվականների ընթացքում` իր աշխատած տարիներին, քաղաքապետարանի եկամուտներն ավելացել են 30 միլիոն դրամով, որի համեմատ մեղադրանքի ծավալում նշված 581.350 դրամը, որը հավաքվել է 4 տարվա ընթացքում, չնչին տոկոս է կազմում: Հետևաբար որևէ նպատակ, խնդիր կամ անձնական այլ շահագրգռվածություն չի ունեցել նշված գումարի չափով բյուջե գումար մուտքագրելու:

Դատարանը 2012թ. օգոստոսի 28-ի դատավճռով գտել է, որ գործով ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվել նախաքննության մարմնի կողմից Համիկ Ստեփանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը: Մասնավորապես, Համիկ Ստեփանյանի կողմից հանձնարարություն տալու վերաբերյալ, նախաքննության մարմինը որևէ հիմնավոր ապացույց չի ներկայացրել՝ դա նախաքննության մարմնի ենթադրությունն է, որը չի կարող դրվել մեղադրանքի հիմքում:

Դատարանն արձանագրում է, որ գործով տուժող ճանաչված անձինք գյուղատնտեսական և այլ ապրանքների բացօթյա առք ու վաճառքով զբաղվել են ապօրինի, առանց համապատասխան թույլտվության, չսահմանված վայրերում և օրենքի պահանջները խախտելով, որի արդյունքում ստացել են շահույթ: Ուստի նման պայմաններում խոսք անգամ չի կարող լինել նրանց իրավունքների և օրինական շահերի խախտման մասին:

Նախաքննության մարմնի դիտարկմամբ` Համիկ Ստեփանյանը կատարել է շարունակվող մեկ միասնական հանցագործություն` 2008 թվականի նոյեմբերից մինչև 2011 թվականի նոյեմբերը նրա հանձնարարությամբ որպես տեղական տուրքի վճարներ գանձվել է 581.350 ՀՀ դրամ: Սակայն չի պատճառաբանել, թե ինչու են բազմաթիվ տարբեր դրվագներով, տարբեր տարիներին` 350-ից 15000 ՀՀ դրամի չափով գանձված գումարները մեխանիկորեն գումարվել (պարզ չէ նաև, թե ինչպես է ստացվել 581350 թիվը): Առանձին դրվագներով և տարբեր տարիներին գանձված դրամական արժեքները կարող էին գումարվել միայն այն դեպքում, եթե քննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվեր, որ Համիկ Ստեփանյանը մեկ միասնական դիտավորությամբ կատարել է մեկ շարունակվող հանցագործություն:

Նախաքննության մարմինը, ըստ դատարանի, չի հիմնավորել այն հանգամանքը, որ պաշտոնյան ունեցել է անձնական շահագրգռվածության ուղղակի կամ անուղղակի դիտավորություն:

Դատարանն ի վերջո գնահատելով դատաքննությամբ հետազոտված ապացույցները գտել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ Համիկ Ստեփանյանի մեղքը հաստատված չէ, հիմնազուրկ է նախաքննության մարմնի այն հետևությունը, որ վերջինս կատարել է պաշտոնեական լիազորությունների չարաշահում:

Հիմնելով վերոհիշյալ հետևությունների վրա՝ դատարանը ճանաչել և հռչակել է ամբաստանյալ Համիկ Ստեփանյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրան արդարացրել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Արդարացման դատավճռի դեմ բողոք է ներկայացվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան մեղադրող Ս. Նազարպուրի կողմից, նա միջնորդել էր բեկանել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդարացման դատավճիռը և ՀՀ քր.օր. 308-րդ հոդ. 1-ին մասով ամբաստանյալ Համիկ Ստեփանյանի նկատմամբ կայացնել մեղադրական դատավճիռ:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արշակ Խաչատրյանի նախագահությամբ, 2012թ. հոկտեմբերի 22-ի որոշմամբ մեղադրողի վերաքննիչ բողոքը մերժել էր, իսկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ թողել օրինական ուժի մեջ:

Վերաքննիչ դատարանը՝ վերլուծելով գործում շարադրված ապացույցներն իրենց համակցությամբ` հանգել է այն հետևության, որ դատարանի եզրահանգումները ամբաստանյալ Համիկ Ստեփանյանի նկատմամբ արդարացման դատական ակտ կայացնելու առումով հիմնավոր են, դրանք բխում են ինչպես գործող օրենսդրության պահանջներից, այնպես էլ գործի փաստական հանգամանքներից ու դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներից:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն գործը քննելիս և լուծելիս ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացվել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ:

Հեղինակ: 
Սոնա Մաշուրյան
 Pastinfo.am
Դիտվել է 908 անգամ:
Print Friendly

Leave a Reply