Պաշտպանի աշխատակազմը օգնել է անօթևան ընտանիքին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 22, 2013 12:48

Փետրվարի 18-ից ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց նստացույց էր անում գյումրեցի Մկրտչյանների ընտանիքը: Նրանք միջազգային կառույցներից ապաստան էին խնդրում, քանի որ իրենց պնդմամբ Հայաստանում ենթարկվում են ճնշումների:

Ընտանիքի հայրը` Աշոտ Մկրտչյանը և երկու երեխաները հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ, իսկ կինը` Սուսաննա Ջեյրանյանը ՀՀ քաղաքացի է: Վերջիններս 2004թ. տեղափոխվել էին ՌԴ և քաղաքացիություն ստացել, այնուհետև մեկնել էին Ֆրանսիա, ապաստան հայցել, սակայն այդպես էլ փախստականի կարգավիճակ չստանալով 2010թ. վտարվել էին Հայաստան: Չունենալով տուն, աշխատանք, ապրուստի այլ միջոցներ, ընտանիքը որոշել էր իր բողոքն արտահայտելու համար նստացույց անել:

Լրատավամիջոցներից տեղեկանալով դրսում գիշերող ընտանիքի մասին` Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները այցելեցին Մկրտչյաններին, նրանց խնդրին մանրամասն ծանոթանալու և հնարավորության դեպքում աջակցություն ցուցաբերելու համար: Աշոտ Մկրտչյանը հայտնեց, որ իրենք նախևառաջ կացարանի, հագուստի և ուտելիքի կարիք ունեն, քանի որ գոյատևելու համար վաճառել են իրենց ողջ գույքը: Պարզվեց նաև, որ վերջիններս խնդիրներ ունեն նաև անձնագրերի վավերականության ժամկետի հետ, երեխաներից մեկը 15 տարեկան էր, սակայն դպրոց չէր հաճախում, իսկ ինքն ու կինը չեն կարողանում աշխատանք գտնել: Այս և մի շարք այլ խնդիրների հարցով դիմել են տարբեր պետական մարմինների, սակայն ոչ մեկը որևէ կերպ չի արձագանքել:

Կանանց հարցերով Օմբուդսմենի խորհրդական Աննա Սաֆարյանը վերջիններիս բացատրել էր Պաշտպանին դիմելու հնարավորությունները, հնարավոր իրավական աջակցությունը, ինչպես նաև խոստացել էր միջոցներ ձեռնարկել ապրուստի ժամանակավոր միջոցներով ապահովելու համար: Ի դեպ Աշոտ Մկրտչյանը նշել է, որ Պաշտպանի աշխատակազմը միակ կառույցն էր, որն արձագանքեց իրենց:

Բազմիցս նշվել է Պաշտպանի աշխատակազմի և մի շարք հասարակական կազմակերպությունների արդյունավետ համագործակցության մասին, որի շնորհիվ աջակցություն է ցուցաբերվում այն քաղաքացիներին, որոնց խնդիրները դուրս են լինում Պաշտպանի` օրենքով սահմանված լիազորությունների շրջանակից, սակայն կարևոր են անձի իրավունքների անարգել իրականացման համար:

Քանի որ բացի իրավական աջակցությունից, Մկրտչյանների ընտանիքին անհրաժեշտ էր նաև այլ օգնություն, Թուֆենկյան հիմնադրամի Կանանց աջակցման կենտրոնի, ինչպես նաև Լայթ Հաուս հիմնադրամի աջակցությամբ ընտանիքին հնարավոր եղավ ապահովել ժամանակավոր կացարանով, հագուստով և սնունդով, իսկ Կանանց աջակցման կենտրոնի աշխատակիցները վերջիններիս խոստացան անհրաժեշտության դեպքում տրամադրել նաև հոգեբանական և սոցիալական այլ ծառայություններ:

Դիտվել է 752 անգամ:
Print Friendly

Leave a Reply