Արտավազդ Փելեշյանի 75-ամյակը` «Նարեկացիում»

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 22, 2013 10:38

«Նարեկացի» արվեստի միության «Կինոերեկոներ չորեքշաբթի օրերին» ծրագիրն այս անգամ նվիրված էր  աշխարհահռչակ  ռեժիսոր-վավերագրող` Արտավազդ Փելեշյանի  75-ամյակին: Ասում են, որ դեռ 70-ականներին  նա համարվում էր համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական, իսկ կինոյի մեկ այլ դասական` Ս. Փարաջանովը նրան  համարել է «կինեմատոգրաֆիայի սակավաթիվ  հանճարներից մեկը»:

«Կինոերեկոներ չորեքշաբթի օրերին» ծրագրի համակարգող Արևիկ Ավանեսյանը հանդիսատեսին ամփոփ ներկայացրեց  Ա. Փելեշյանի կենսագրությունն ու ստեղծագործությունները`  փորձելով  հնարավորինս  ներկայացնել նաև Փելեշյանի արվեստի  առանձնահատկությունը:

– Այսօր, ավելի շատ ուզում եմ խոսենք,  թե ով է  Փելեշյանը մեզ` երիտասարդներիս համար և  ինչ տեղ ունի  մեր` երիտասարդ կինոսիրողներիս ու կինեմատոգրաֆիստներիս կյանքում, –  ասաց Արևիկ Ավանեսյանը:

Ցուցադրվեցին  Ա. Փելեշյանի «Մենք» /1969/, «Տարվա եղանակներ»/1975/, «Կյանք»/1992/, և վերջին`1994թվ.-ին նկարահանած «Վերջ» ֆիլմերը:

Ֆիլմի դիտումից անմիջապես հետո  ուղիղ միացում եղավ Փարիզում բնակվող երիտասարդ կինոռեժիսոր Լևոն Մինասյանի հետ, ով  մտերմիկ հարաբերությունների մեջ  է  Փելեշյանի հետ`  նրա հետ  աշխատել է, ունեցել անձնական շփումներ, ճանապարհորդել  և հանդիսատեսին պատմելու շատ բան ուներ:

–         Այստեղ կային երիտասարդներ,  որքեր նոր էին ճանաչում  Ա. Փելեշյանին, սա այն արդյունքն էր, որը ես ուզում էի տեսնել, – երեկոյի ավարտին ասաց Արևիկ Ավանեսյանը:

Արտավազդ  Փելեշյանը ծնվել է 1938 թվականի փետրվարի 22-ին  Գյումրիում: 1963-1967 թթ. սովորել է  Մոսկվայի կինոինստիտուտի /ВГИК / բարձրագույն ռեժիսորական  դասընթացը  (L. Քրիստիի արվեստանոց): Արդեն ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը  մեծ ճանաչում են գտել կինեմատոգրաֆիստների շրջանում, ստացել  բազմաթիվ մրցանակներ:  Փելեշյանը  ոչ միայն տասնյակ  և ավելի  ֆիլմերի հեղինակ  է,  այլ նաև կինոյի տեսաբան է: Նրա «Դիստանցիոն մոնտաժ» և «Իմ կինոն» տեսական գրքերը ներկայացնում են մոնտաժի զարգացման պատմությունը, կինոյի մասին  իր անհատական մտորումները  ու սցենարները:

1969 թվականին  նկարահանած Փելեշյանի «Մենք» ֆիլմը  ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ:

 

«Նարեկացի» արվեստի միություն

Դիտվել է 1217 անգամ:
Print Friendly

Leave a Reply