Հայ-ֆրանսիական համագործակցության նոր հորիզոններ

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | February 27, 2013 16:38

Պարզվում  է` նրանք մեր վաղեմի առևտրատնտեսական գործընկերներն են

Ֆրանսիայի հետ, բացի  վաղեմի բարեկամական  ջերմ հարաբերություններից,  մեր երկիրն ունի նաև առևտրատնտեսական հարաբերություններ, որոնք տարիների ընթացքում կայունացել և ամրապնդվել են: Այսօր մեր տնտեսության մեջ հայ-ֆրանսիական համատեղ մեծաքանակ ձեռնարկություններ կան, որոնց թիվը մեծացնելու և համագործակցության նոր փոխշահավետ ոլորտներ փնտրելու նպատակով, հաճախակի են Հայաստան ժամանում մեր ֆրանսահայ  գործընկերները: Վերջին այցելուները Մարսելից ժամանած հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի հյուրերն էին՝ մոտ 20 ձեռնարկատեր, որոնք հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների նկատմամբ և նպատակ ունեն համագործակցության շնորհիվ աշխուժացնել հայաստանյան տնտեսությունը:

Ի դեպ,  անցած տարի ընդունվել է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության նոր ծրագիր, որի շրջանակներում իրականցվող միջոցառումներից մեկն էլ երկրի  ներքին շուկայի ներկայացումն է օտարերկրյա պոտենցիալ ներդրողներին: Ուստի, Հայաստանի ներդրումային միջավայրը Ֆրանսիայի համար առավել գրավիչ դարձնելու համար, գործարարները պետք է հանդիպեն միմյանց հետ և որպես շահագրգիռ կողմ ներկայացնեն տարբեր ոլորտներում իրենց համագործակցության հեռանկարները, նաև` նոր ձեռնարկություններ հիմնադրելու ուղղությամբ: Հաշվի առնելով Ֆրանսիայում ապրող հայերի մեծ թիվը` առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչները համոզված են, որ մի շարք ոլորտներ, ինչպիսիք են շինանյութը, տեքստիլը, գինեգործությունը, կոնյակագործությունը և դեղագործությունը, համագործակցության մեծ պահանջարկ ունեն Ֆրանսիայում և կարող են մեծ հետաքրքրություն առաջացնել ֆրանսահայ գործարարների շրջանում:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը համոզված է, որ տնտեսական հարաբերությունները մեծ հեռանկարներ ունեն, հատկապես մեր երկրի տնտեսական լավ ցուցանիշների պարագայում: «Ֆրանսիան համարվում է Հայաստանի կարևորագույն առևտրատնտեսական գործընկեր երկիրը, և մենք կարևորում ենք հարաբերությունները Ֆրանսիայի հետ: Վերջինիս հետ մենք ունենք բավական մեծ ապրանքաշրջանառություն և համատեղ մեծաքանակ ձեռնարկություններ: Դրանց թվում կան նաև ֆրանսիական կապիտալով ընկերություններ, որոնց թիվը հասնում է շուրջ 100-ի: Այդ ընկերությունների մեջ կան հայտնի ապրանքանիշներ, որոնցից են «Պեռնո Ռիկառը», «Ակբա-Կրեդիտ ագրիկոլ» բանկը և «Օրանժը», ինչը վկայում  է, որ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը ոչ միայն լավ հեռանկարներ ունի, այլև զարգացման լավ մակարդակ: Հայաստանի տնտեսությունը վերջին շրջանում դրական դինամիկ տեմպեր է արձանագրում, և կարծում եմ` ճիշտ ժամանակն է քննարկումներ ծավալելու Հայաստանի տնտեսությունում ներդրումներ իրականացնելու և համագործակցության հնարավորությունները մեծացնելու համար»,- այս կապակցությամբ ասել է էկոնոմիկայի փոխնախարարը:

Հայաստանը գրավիչ է ֆրանսիացիների համար հատկապես հիմա, երբ ասիական և արաբական շուկաներն անկյուն են քշվել: Բարենպաստ գործարար միջավայրով Հայաստանը կարող է նրանց էլ ավելի հետաքրքրել: Օրինակ, ինչպես նշել է Մարսել քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Բեռնար Հոլասյանը, այս պահին իրենք առավելապես հետաքրքրված են մեր երկրի գյուղատնտեսությամբ և արտադրական ձեռնարկությունների գործունեությամբ:

Տեղեկացանք, որ ֆրանսիական շուկայում այսօր մեծ սպառում ունեն հայկական սննդի ապրանքատեսակներից մի քանիսը, օրինակ` «Նոյյանը» և «Արտֆուդը»,  և նրանք նպատակ ունեն ներմուծման ծավալների ավելացման հաշվին առավել ընդլայնել հայկական շուկան: Ֆրանսիայում, ի դեպ, մեծ սպառում ունի նաև  հայկական գարեջուրը: «Հնարավոր է, որ գտնենք նոր հայ ձեռնարկատերեր ոչ սննդի բնագավառում և աջակցենք այդ ապրանքատեսակների ներմուծմանը ֆրանսիական շուկա»,- հայտնել է ԱԱՊ նախագահը` հավելելով, որ Ֆրանսիայում ձեռնարկությունների մոտ 85%-ը փոքր ձեռնարկություններն են, և իրենք նպատակ ունեն գործունեությունը դարձնել համատեղ Հայաստանի հետ:

 Սակայն փոքր և միջին ձեռնարկատերերի գործունեությունն առավել ընդլայնելուն խանգարում են նեդրումային դաշտի վերաբերյալ տեղեկատվության պակասը  և տրանսպորտային խնդիրները: Բեռնար Հոլասյանը վստահեցնում է, որ Հայաստանի Եվրոպա մուտք գործելը շահավետ կլիներ երկու երկրների համար, և բացվող սահմանների արդյունքում հայկական ապրանքներն  անարգել մուտք կգործեին ֆրանսիական շուկա, մինչդեռ ներկա պայմաններում Երևանից Մարսել ապրանք ներմուծելու գործընթացը մեկ ամիս է տևում: Իսկ երկարատև ժամանակն անարդյունավետ է դարձնում առևտրաշրջանառությունը:

Մարսելի ԱԱՊ նախագահ Բեռնար Հոլասյանը համոզված է, որ Հայաստանն իր բնական արտադրանքով կարող է դիմադրել միջազգային շուկայում առկա մրցակցությանը և ընդլայնել ներկայացված ապրանքների թիվը: Նա նշել է նաև, որ բացի տնտեսական ոլորտից, իրենք համագործակցում են նաև կրթական ոլորտում` ուսանողներին առաջարկելով ուսումնական պրակտիկա: «Ես ուրախ եմ, որ ֆրանսիական համալսարանի ուսանողները, գործուղվելով Ֆրանսիա և պրակտիկան անցկացնելով բանկերում և այլ հաստատություններում, վերադառնում են հայրենիք` առավել հեշտությամբ գտնելով համապատասխան աշխատանք»:

Ծխախոտագործության ոլորտում ևս գործարարները մեծ ակնկալիքներ ունեն: Օրինակ` «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակո» հոլդինգի ներկայացուցիչ Հովհաննես Դավթյանի տեղեկացմամբ` այս պահին Ֆրանսիա ներմուծվում է նաև բավարար չափով ծխախոտ, և իրենց նպատակն է ընդլայնել արտահանման ներկա ծավալները, մանավանդ երբ ակնկալվում է մեծացնել համագործակցությունը հատկապես գյուղատնտեսության ոլորտում:

 

Լ.Ն

Դիտվել է 2076 անգամ:
Print Friendly

Leave a Reply