Կվերանայվի՞ սպորտի քաղաքականությունը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | February 25, 2013 16:34

Ըմբշամարտը հանվել է օլիմպիական խաղերի ծրագրից: 2016-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք խաղերում ըմբիշները մրցագորգ դուրս կգան: Իսկ ահա 2020-ի խաղերի ծրագրում այս մարզաձևը չկա: Ըմբշամարտի, ինչպես նաև մի քանի այլ մարզաձևերի ներկայացուցիչները պետք է պայքարեն այդ իրավունքին արժանանալու համար:

Ըմբշամարտը Հայաստանում հենակետային մարզաձև է համարվում, մեծ ուշադրություն է դարձվում: Վերջին երկու օլիմպիական խաղերում մեր ըմբիշները երկուական մեդալի են տիրացել: Փաստը խոսուն է և վկայում է, որ կայացված որոշումը մեր օգտին չէ:

Ընդ որում, տեսակետ կա, որ այն առաջին հերթին դեմ է Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի շահերին, որոնք օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարում, որպես կանոն, ամենից շատ մեդալներին են տիրանում: Ի դեպ, Ադրբեջանի ներկայացուցիչները տարիներ ի վեր Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հովանավորն են և տարեկան 5 մլն դոլար են հատկացնում այդ կազմակերպության կարիքները հոգալու համար:

Ինչևէ, ըմբշամարտն օլիմպիական խաղերի ծրագրից հանելու Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշումը բացատրվում է այն հանգամանքով, որ այս մարզաձևում կարգուկանոնը պակասել է, այն դիտարժան չէ, անկողմնակալությունը, անարդարությունները բացառելու հետ կապված խնդիրներ կան, օլիմպիական հեռարձակումները մեծ թվով հեռուստադիտողների չեն հետաքրքրում և այլն:

Մասնավորապես, 2012-ին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերի ընթացքին հետևել է 23 մլն հեռուստադիտող, մրցումների տոմսերի զգալի մասը չի վաճառվել: 39 չափանիշ է հաշվի առնվել: Ընդ որում, որոշման կայացման ժամանակ չի քվեարկել ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն: Արդեն հրաժարական է տվել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռաֆայել Մարտինետին:

Առաջիկայում նոր զարգացումներ են սպասվում: 2013-ի մայիսին օլիմպիական դառնալու հավակնություն ունեցող մարզաձևերի ներկայացուցիչները պետք է կազմակերպեն շնորհանդեսներ, որից հետո ՄՕԿ-ի գործկոմը համապատասխան որոշում է ընդունելու: Իսկ 2020-ի օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի վերջնական ցանկը կհաստատվի սեպտեմբերին Բուենուս Այրեսում կայանալիք ՄՕԿ-ի հերթական նստաշրջանում, որի ժամանակ էլ հայտնի կդառնա  նաև օլիմպիական խաղերի մայրաքաղաքը: 2020-ին այդ ստուգատեսի մասնակիցներին հյուրընկալելու հավակնորդներն են Մադրիդը, Ստամբուլը և Տոկիոն:

Հիշեցնենք, որ ազատ և հունա-հռոմեական ոճի ըմբշամարտն օլիմպիական խաղերի ծրագրում է 1896-ին Աթենքում կազմակերպված ստուգատեսից: Իսկ 2004-ի Աթենքի խաղերում այս մարզաձևում իրենց նորամուտը նշեցին նաև կանայք:

Ինչ խոսք, եթե ըմբշամարտը հանվի օլիմպիական խաղերի ծրագրից, ապա աշխարհում կնվազի այդ մարզաձևով զբաղվողների թիվը, կպակասի մասսայականությունը:

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ղեկավարության ներկայացրած տվյալներով` մեր երկրում ըմբշամարտով կանոնավոր զբաղվում է 5 հազար մարդ: Տարեկան Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան պետությունից աջակցության կարգով ստանում է 220 մլն դրամ: Այն հավասարապես բաժանվում է ազատ և հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի ներկայացուցիչների միջև: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, «Տաշիր գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանը հոգում է ըմբիշների բոլոր կարիքները, և մարզիչները, մարզիկները ֆինանսական և մարզումային պայմանների, միջազգային մրցաշարերի մասնակցելու առումով դժգոհելու առիթներ չունեն:

Հայաստանի ըմբիշների համար արտոնյալ պայմաններ են ստեղծված, և դրանից երբեմն դժգոհում են մի շարք այլ մարզաձևերի ներկայացուցիչները: Բանն այն է, որ քիչ չեն դեպքերը, երբ այլ մարզաձևերի կառույցները, մարզասրահները տրամադրվել են ըմբիշներին: Եվ եթե վերջիններս խոշորամասշտաբ ստուգատեսներում չեն արդարացրել սպասելիքները, տրտունջները կրկնապատկվել են: Ցավոք, վերջին տարիներին Հայաստանի ըմբիշների սայթաքումները խոշորամասշտաբ ստուգատեսներում քիչ չեն: Թերևս այդ է պատճառը, որ այլ երկրներից են մարզիկներ հրավիրվում համալրելու մեր երկրի ազատ և հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները:

Ինչևէ, առայժմ պարզ չէ, թե Հայաստանում ինչ վիճակում կհայտնվի ըմբշամարտը, եթե այն կրկին չընդգրկվի օլիմպիական մարզաձևերի ցանկում:

Ի դեպ, կատարվածից հետո առաջինը Հայաստանում արձագանքեց մեր երկրի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը` հայտնելով, որ պայքարի հնարավոր միջոցները կիրառվելու են, որպեսզի ըմբշամարտն օլիմպիական գրանցում ստանա: Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ղեկավարությունն էլ հույս է հայտնել, որ այնուամենայնիվ ըմբշամարտը կմնա որպես օլիմպիական մարզաձև:

Եթե դա չկատարվի, կվերանայվի սպորտի քաղաքականությունը, ըմբշամարտի փոխարեն առաջնային ուշադրություն կնվիրվի այլ մարզաձևերի, որոնց էլ կհանձնվի ըմբիշների համար առանձնացված պատկառելի փողերի մեծ մասը:

 

 

 

 

Դիտվել է 812 անգամ:
Print Friendly

Leave a Reply