Դոպինգի ստուգումներ նաև Հայաստանի տարբեր մարզաձևերի առաջնություններում

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | February 24, 2013 7:28

Արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար աղմկահարույց պատմության մեջ է հայտնվել «Տուր դը Ֆրանս» միջազգային բազմօրյա հեծանվավազքի բազմակի հաղթող Լենս Արմսթրոնգը: Բանն այն է, որ ամերիկացի մարզիկը երկար ժամանակ խթանիչներ է օգտագործել, և միայն այժմ է այդ ամենը բացահայտվել: Այդ դեպքում` ինչո՞վ են զբաղված եղել հակադոպինգային ծառայությունները, ինչո՞ւ ուսումնասիրությունները չեն բացահայտել կարգազանցին: Այս հարցերի պատասխանը ստանալու համար դիմեցինք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հակադոպինգային ծառայության ղեկավար, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանին:

– Դժվարանում եմ ասել, մութ պատմություն է: Ինչ խոսք, հայտնի է եղել, որ Արմսթրոնգը դոպինգ է օգտագործում: Ամենայն հավանականությամբ, չեն ցանկացել բարձրաձայնել: Թե ինչու է միայն այժմ այդ մասին խոսվում,  կարելի է ենթադրել, որ ինչ-որ բան փոխվել է, պայմանավորվածությունը խախտվել է: 

Հեծանվորդն արդեն խոստովանել է, որ արյան դոպինգ, կորտիզոն, աճի հորմոն, տեստոստերոն է օգտագործել: Այդուհանդերձ, նա չի պատրաստվում կատարել պահանջը և վերադարձնել այն փողերը, որոնք որպես պարգևավճար ստացել է «Տուր դը Ֆրանսի» կազմակերպիչներից: Նա իրավունք ունի՞ այդպիսի բան անելու:

– Դժվարանում եմ ասել, թե ինչ է կատարվում ԱՄՆ-ում: Արմսթրոգն իրավունք չունի այդպես վարվելու: Բայց խոսքը մեծ փողերի` 12 մլն դոլարի մասին է: Հնարավոր է, որ նրան դատեն, թեև հեծանվորդի փաստաբանը վստահեցրել է, որ բանը դատի չի հասնի: Հեծանվորդն արդեն շատ է տուժել: Նրան ցմահ որակազրկել են, զրկել բոլոր տիտղոսներից: Բայց հարցն արդեն պետք է քննարկի ոչ թե սպորտային արբիտրաժ դատարանը, այլ`ամերիկյան դատարանը: Ի դեպ, վերջինս առաջնորդվելու է հակադոպինգային «Վադա» միջազգային կազմակերպության օրենքներով: Նախկինում ԱՄՆ-ում դեպք է եղել, երբ անգամ խոստովանությունից հետո արգելված դեղամիջոցներ օգտագործած մարզական աստղին ազատազրկման են դատապարտել, և նա հայտնվել է բանտում:

 – 2012-ի վերջին Երևանում անցկացված բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում ուսումնասիրությունները կատարում էին Հայաստանի հակադոպինգային մասնագետները: Որևէ մարզիկ բռնվե՞լ է արգելված դեղամիջոցներ օգտագործելու հանցանքում:

– Դրական արդյունք չի ստացվել: Այնպես որ տուժողներ չկան: Ի դեպ, մեր աշխատանքը հսկող «Վադա» կազմակերպության տեսուչը ներկայացրել է, որ Հայաստանի մասնագետներն իրենց վստահված աշխատանքը կատարել են բարձր  մակարդակով: Տեղեկացնեմ, որ ստուգվել է 40 բռնցքամարտիկ:

 Հայտնի է, որ այդ առաջնությունն ավարտվել էր, սակայն կազմակերպիչները երկար ժամանակ չէին տրամադրել այն վճարը, որը նախատեսված էր հակադոպինգային ուսումնասիրություններ կատարելու համար, և տուգանքի սպառնալիք էր առաջացել:

– Այդ հարցը կարգավորվել է: 

Նեկայումս ինչո՞վ են զբաղված մեր երկրի հակադոպինգային մասնագետները:

– Սպասում ենք, որ արտոնագիր ստանանք: Փետրվարի 25-ին Գերմանիայի «ՏՈւՎ» աշխարհահռչակ հակադոպինգային կազմակերպության ներկայացուցիչն այցելելու է Հայաստան, որպեսզի տեղում ծանոթանա մեր հնարավորություններին: Դա «Վադա» կազմակերպության պահանջով է: Աշխարհում միայն 22 երկրների հակադոպինգային ծառայություններ ունեն այսպիսի արտոնագիր, որը հավակնում ենք ստանալ: Իսկ նախկին խորհրդային հանրապետություններից այժմ միայն Ռուսաստանի ներկայացուցիչներն են, որ այն ստացել են:  Ի դեպ, Ռուսաստանի մասնագետները մեզ օգնել են, որ համապատասխան նախապատրաստական աշխատանք կատարենք: Եթե այդ արտոնագիրը ստանանք, ապա կարձանագրվի, որ մեր աշխատանքը  լիովին համապատասխանում է միջազգային պահանջներին, միջազգային հակադոպինգային ծառայության չափանիշներին: Անկասկած, դա կբարձրացնի այն վստահությունը, որը կա, նաև կավելանա միջազգային կազմակերպությունների կողմից հանձնարարվող ուսումնասիրությունների ծավալը: Ի դեպ, հունիսի 1-5-ը Հայաստանում կայանալու է Արևելյան Եվրոպայի հակադոպինգային կազմակերպության խորհրդի նիստ: Հակադոպինգային միջազգային կազմակերպության ներկայացուցիչները ևս մեկ անգամ կծանոթանան Հայաստանում կատարվող աշխատանքներին: Դրանից հետո կորոշվի, թե ինչպիսին է լինելու համագործակցությունը, ինչ նոր փորձաքննություններ են մեզ վստահվելու:

 Ի՞նչ է հետաքրքրում միջազգային հակադոպինգային կազմակեպության ներկայացուցիչներին:

– Այն սկզբունքները, որոնք իրականացվում են հետազոտությունների ընթացքում: Օրինակ` պահպանվե՞լ են 2010-ի ուսումնասիրությունները, կամ ի՞նչ վերլուծություններ են կատարվել նախկինում ստացված արդյունքների հիման վրա և այլն: 

Հնարավո՞ր է, որ հակադոպինգային խոշոր բազային կենտրոն ունենալու խնդիր դրվի:

– Ոչ, բայց չի բացառվում, որ հարց բարձրացվի` Հայաստանի հակադոպինգային ծառայությունն ինքնուրույն` անկախ լինի: 

Խոսքը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի՞ց անկախ լինելու մասին է:

– Ամենևին: Սպորտային բժշկության և հակադոպինգային կենտրոնը գործում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հատկացված միջոցներով: Թերևս այդ կախվածությունը պետք է վերացվի: Այդպես է ամբողջ աշխարհում: Ընդ որում, սպորտային բժշկությունն առանձին է, հակադոպինգային ծառայությունը` առանձին: 

Հայաստանում կա՞ն հակադոպինգային բավարար թվով մասնագետներ:

– Ունենք 5 բարձրակարգ դոպինգ սպա: Հնարավոր է` նրանք այս տարի սպասարկեն Ռուսաստանի Կազան քաղաքում կայանալիք Համաշխարհային ուսանողական խաղերը, Մոսկվայում կայանալիք աթլետիկայի աշխարհի առաջնությունը: Կազմակերպիչները ցանկություն են հայտնել, որ մեր երկրի ներկայացուցիչները սպասարկեն այդ ստուգատեսները: 

Այդ ամենը լավ է: Իսկ ներհայաստանյան մրցումների ժամանակ հակադոպինգային ծառայությունն ուսումնասիրություններ կատարելու առաջարկներ ստանո՞ւմ է:

– Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիան առաջարկել է սպասարկել մեր երկրի առաջնությունը: Հույս ունենք, որ մեր մասնագետներն ուսումնասիրություններ կկատարեն նաև Հայաստանի աթլետիկայի և ըմբշամարտի առաջնություններում: Այդ մասին Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ղեկավարությունն առայժմ հրահանգ չի տվել, սակայն այդպիսի միտում կա: Ի դեպ, վերջերս մեր երեք դոպինգ սպաները` Դավիթ Մոսինյանը, Կարեն Ստեփանյանը, Անժելա Սահակյանը, մեկնել էին Ֆինլանդիա: Այդ երկրի հակադոպինգային ծառայությունը կազմակերպել էր սեմինար: Ներկայացվել է, թե ինչպես պետք է անցկացվեն ստուգումները լողի, ֆուտբոլի, խաղային տարբեր մարզաձևերի մրցումների ժամանակ: Մեր երկրի մասնագետները հարստացրել են գիտելիքների պաշարը, աշխատելու փորձ կուտակել: Հավելենք, որ Ֆինլանդիայի հակադոպինգային ծառայության հետ Հայաստանի ներկայացուցիչների հարաբերությունները սերտ են, երկար ժամանակ է, որ համագործակցում ենք: Ընդ որում, այդ երկրի հակադոպինգային կենտրոնը 1998-ից արտոնագրված է:

 

 

Դիտվել է 1718 անգամ:
Print Friendly

Leave a Reply