Կարուսելի պես պտտվող թեմա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | February 26, 2013 7:20

Մայրաքաղաքի աղբահանության  և սանիտարական  մաքրման համակարգը`  վարչական  շրջաններում  գործող 12 մասնագիտացված ընկերություններով և 1470 աշխատակիցներով հանդերձ,  չի  համապատասխանում եվրոպական  երկրներում  գոյություն  ունեցող  չափանիշներին, որքան էլ  մերոնք եվրոպական  քաղաքների  հետ շարունակեն «քույրություն»’ անել: Ոլորտում արձանագրված  բացթողումները տարին բոլոր թղթից  թուղթ են  տեղափոխվում` քաղաքային իշխանություններ-բնակիչ պայքարում դրանց  լիակատար ու  վերջնական լուծումը թողնելով հաջորդ  տարվան:

Երևանի  մաքրման  աշխատանքներում պետական  և  մասնավոր արտասահմանյան  օպերատորներ  ներգրավելու համար ՀՀ  կառավարությունը օժանդակության  ակնկալիքով դիմեց Համաշխարհային  բանկին, սակայն արդյունքի  մասին առայժմ ոչինչ հայտնի  չէ: Մայրաքաղաքի 4720 բազմաբնակարան շենքերից  և 53.000  մասնավոր  տնատիրություններից աղբահանության  և սանիտարական մաքրման աշխատանքները  կատարվում են 370 միավոր մեքենասարքավորումների  միջոցով, որոնք  ներկայումս 80-85% մաշվածություն ունեն: Երևանի փոխքաղաքապետ  Կամո Արեյանը նույնպես  խոստովանել է դա. «Երևանի աղբահանությամբ զբաղվող  տեխնիկայի բարոյական  և  տեխնիկական  մաշվածության  պատճառով հաճախ  բախվում ենք աղբահանության  ոչ ցանկալի արդյունքի»:

Մինչդեռ Երևանի քաղաքապետարանի  տվյալներով` մայրաքաղաքում  կուտակվում է երկրի  ընդհանուր  կոշտ  թափոնների 70-75%-ը: Մայրաքաղաքի ողջ  տարածքից օրական միայն  Նուբարաշենի աղբավայր է  տեղափոխվում միջին  հաշվով 550-600 տոննա կամ  տարեկան 190-200 հազար տոննա կենցաղային  աղբ: Երևանի աղբահանության  համար  նախատեսված ողջ  տեխնիկան  բավարար  չէ այն  ոչ  միայն Նուբարաշեն, այլև Ջրվեժ, Սասունիկ, Սպանդարյան աղբավայրեր  տեղափոխելու  համար: Սակայն  քաղաքային  իշխանությունները քաղաքի  սանիտարահիգիենիկ վիճակի համար մեղադրում են  նաև  բնակչին` ասելով, թե ամեն  մեկն  իր ձեռքի   աղբը  նետում է ուր  պատահի, իսկ  հետո  բողոքում, թե  մաքրություն  չի  իրականացվում:

Շատերն  ընդունում են բնակչի մեղքի բաժինը և  սիրում են  կրկնել, թե «շատ փնթի  ժողովուրդ ենք»` այդ որակավորման  մեջ  չտեսնելու  տալով սեփական  անձը: Ոմանք էլ մտաբերում են աղբահանության  համար  գանձվող  գումարները, որն անցյալ  տարի  «անխղճորեն  ուզում էին  դարձնել 1000  դրամ, դեռ  լավ է, որ փոշմանեցին, հետաքրքիր է` էդ ուր են  գնում վարձավճարները»: Ըստ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի`  աղբահանության համար գանձվող վարձավճարները միշտ եղել են,  պարզապես տեղական  ինքնակառավարման  մարմինները (ՏԻՄ) աղբահանության  վարձավճարի հաշվառման,  գանձման  և  վարչական  պատասխանատվության ենթարկելու  իրավունք  չեն  ունեցել: Մինչդեռ այսօր «Աղբահանության  և սանմաքրման  մասին» օրենքը վարչական  համայնքի  ղեկավարին հնարավորություն է  տալիս  իրականացնելու  տվյալ  վարչական  շրջանի պատշաճ աղբահանություն  և  սանմաքրում: «Եղել է  թյուրըմբռնում, թե իբր սանիտարական  մաքրման  նոր  գներ ենք  սահմանել, ոչ, օրենքը  սահմանում է փողոցների,  հրապարակների, մայթերի, այգիների, նրբանցքների, բակերի,  շենքերին  հարակից  տարածքների  սանմաքրում: Ինչ  վերաբերում է  վարձավճարներին, ապա   այսօր աղբահանությունն  իրականացվում է այն  գումարների  հաշվին, որոնք  կուտակվում են բարեխիղճ  մարդկանց  վճարներից: Նրանց վճարումների  հաշվին իրականացվում է  նաև անբարեխիղճ մարդկանց  փողոց  նետած աղբի  տեղափոխումը»,- ասաց Կ.Արեյանը:

Օրենքը թույլ  է  տալիս, որպեսզի ՏԻՄ-երն ապահովեն վարձավճարների առավելագույն հավաքում, թեև Երևանում աղբի կանխատեսվող  հասույթի 51%-ն է  հավաքվում: Նույն  օրենքը  վարչական  շրջանի ավագանուն հնարավորություն է  տալիս սահմանելու աղբահանության  դրույքաչափ,  առավելագույնը` 400 դրամ: «Երբ ասում ենք` առավելագույնը 400 դրամ, դա  չի  նշանակում, որ աղբի  վճարի  չափն այդքան է,  մի  համայնքում  կարող է  սահմանվել 200 դրամ,  մեկ այլ տեղ`  250 դրամ,  տարբեր  գյուղական  համայնքներում  սահմանված են  տարբեր  դրույքաչափեր: Ավագանին  է  սահմանում իր  համայնքի աղբահանության  դրույքաչափը: Սահմանվել է  նաև  ոչ  կենցաղային  աղբի  դրույքաչափը` 1խմ աղբի դիմաց 3000, իսկ 1 տոննա աղբի դիմաց 10.000 դրամ»,- պարզաբանեց պրն Արեյանը:

Անդրադառնալով մայրաքաղաքի սանիտարական  մաքրման  աշխատանքներին` պարոն Արեյանն ասաց, որ այդ  նպատակի  համար  օգտագործվող  գումարը համայնքը վճարում է իր բյուջեից, օրենքի  համաձայն`  քաղաքի  բնակիչը դրա  համար  տուրք  (վարձավճար)  չի  վճարում: «Քաղաքի  սանմաքրումը  համայնքի  ղեկավարի  պարտականությունն է, ուստի դրա  համար նա համապատասխան  կազմակերպությանը    պետք է  վճարի  իր  բուջեից: Օրենքը  համայնքի  ղեկավարին  թույլ է  տալիս սանմաքրումն ու աղբահանությունն  իրականացնել  համայնքին  ենթակա կազմակերպության կամ գնումների  ընթացակարգով` մրցութային կարգով ձեռք  բերած օպերատորի  միջոցով, որն էլ պայմանագրային  հիմունքներով  ստանձնած  պարտավորությամբ ժամանակակից  տեխնիկայով կիրականացնի աղբահանությունը»,- ասաց պարոն Արեյանը:

Սակայն, եթե «ժամանակակից  տեխնիկա» ասվածը վերաբերում է բաց թափքով աղբահանություն  կատարող  մեքենաներին, ապա Երևանը կշարունակի մնալ  աշխարհի անմաքուր քաղաքների ցանկում:

 

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է 948 անգամ:
Print Friendly

Leave a Reply