Ո՞վ է համարվում կասկածյալ և ինչպիսի՞ն է նրա իրավական կարգավիճակը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | February 28, 2013 7:13

Քրեական դատավարության օրենսդրության մեջ և պրակտիկայում հաճախ շփոթ է առաջանում կասկածյալ և մեղադրյալ հասկացությունների օգտագործման ժամանակ: Սակայն այս հարցին հստակ ու միանշանակ պատասխան է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, որի 62-րդ հոդվածի համաձայն` կասկածյալ է այն անձը`

1) որը ձերբակալվել է հանցանք կատարելու մեջ կասկածվելու պատճառով,

2) որի նկատմամբ մինչև մեղադրանք առաջադրելը խափանման միջոց ընտրելու մասին որոշում է կայացված:

Քրեական հետապնդման մարմինն իրավունք չունի կասկածյալի վիճակում ձերբակալվածին պահել 72 ժամից ավելի, իսկ անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց կիրառելիս` ոչ ավելի, քան 7 օր խափանման միջոց ընտրելու մասին որոշումը նրան հայտարարելու պահից: Այս ժամկետները լրանալիս քրեական հետապնդման մարմինը պարտավոր է կասկածյալին ազատել արգելանքից կամ վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը կամ որոշում ընդունել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Կասկածը համարելով չհիմնավորված` քրեական հետապնդման մարմինը և դատարանը պարտավոր են կասկածյալին ազատել արգելանքից կամ վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` նախքան վերոհիշյալ ժամկետների լրանալը:

Անձը դադարում է կասկածյալ լինելուց նրան արգելանքից ազատելու, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու կամ նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին քրեական հետապնդման մարմնի կողմից որոշում ընդունելու պահից:

Կարևորագույն իրավունքը, որով օժտված է կասկածյալը` պաշտպանության իրավունքն է: Քրեական վարույթն իրականացնող մարմինը կասկածյալին հնարավորություն է ընձեռում օրենքով չարգելված բոլոր միջոցներով իրականացնելու պաշտպանության իր իրավունքը: Այս տրամաբանությամբ էլ կասկածյալն ունի մի շարք իրավունքներ, մասնավորապես`

1) իմանալ` ինչի համար է կասկածվում, կասկածանքի բովանդակությունը, իրեն վերագրվող արարքի փաստական կողմին և իրավաբանական որակմանը,

2) ձերբակալվելուց հետո հետաքննության մարմնից, քննիչից կամ դատախազից անմիջապես ստանալ իր իրավունքների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում,

3) ձերբակալվելուց կամ խափանման միջոց ընտրելու մասին որոշումն իրեն հայտարարվելուց հետո քրեական հետապնդման մարմնից անմիջապես անվճար ստանալ ձերբակալելու կամ խափանման միջոց ընտրելու մասին քրեական հետապնդման մարմնի որոշման պատճենը, իսկ ձերբակալման արձանագրություն կազմելուց հետո` դրա պատճենը,

4) ձերբակալման մասին քրեական հետապնդման մարմնի որոշումը, ձերբակալման արձանագրությունը կամ խափանման միջոց ընտրելու մասին որոշումն իրեն հայտարարելու պահից ունենալ պաշտպան, հրաժարվել պաշտպանից և պաշտպանվել ինքնուրույն,

5) առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցել իր պաշտպանի հետ` առանց դրանց թվի և տևողության սահմանափակման, բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի,

6) հարցաքննվել պաշտպանի ներկայությամբ.

7) տալ ցուցմունքներ կամ հրաժարվել ցուցմունքներ տալուց և այլն:

Իրավունքների հետ միաժամանակ կասկածյալը պարտավոր է`

1) ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով,

2) լինելով ձերբակալված` քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել զննման, ինչպես նաև անձնական խուզարկության,

3) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել բժշկական ստուգման, մատնադրոշմման, լուսանկարվել և հնարավորություն ընձեռել վերցնելու արյան, մարմնի արտաթորանքի նմուշներ,

4) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել քննման և փորձաքննության,

5) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատավորի օրինական կարգադրություններին:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Դիտվել է 2900 անգամ:
Print Friendly

Leave a Reply