Միջազգային հարաբերություններում Ջոն Քերին նոր խաղի կանոններ կբերի՞

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | February 22, 2013 11:30

Այս ամսվա սկզբին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում հաստատվեց սենատոր Ջոն Քերին: Առհասարակ, որևէ երկրի արտաքին քաղաքականության ուղեգիծը մեծապես պայմանավորված է նաև այդ գիծն իրականություն դարձնող գործիչներով:

 Ի՞նչ կարող է խորհրդանշել Ջոն Քերիի նշանակումը ԱՄՆ Պետքարտուղարի պաշտոնին

 

Դիվանագիտական արտահայտման ձևերից է նաև հենց արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կերպարը, որով երկրները փորձում են միջազգային հանրությանը ազդակ հաղորդել, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն են իրենք պատրաստվում վարել: Օրինակ` եթե արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը բնավորությամբ ու իր կենսակերպով հանգիստ, հավասարակշիռ մարդ է, ապա երկիրը ցույց է տալիս, որ իր արտաքին քաղաքականությունը հենց նույն կերպ է լինելու` հնարավորինս զերծ սուր անկյուններից, ինտրիգներից և այլն: Իսկ ԱՄՆ-ի պես երկրի համար, որը համարվում է համաշխարհային քաղաքականության լիդեր, արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավարին փոխելը հենց ԱՄՆ-ի արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն է նախանշում:

Ի՞նչ կարող է այս փոփոխությունը ենթադրել: Առաջին հերթին պետք է հիշել մեկ հանգամանք. վերջին շրջանում մրջազգային հարաբերությունների ասպարեզում պարբերաբար զգացվում էր, որ Ռուսաստանը համաձայն չէ ԱՄՆ-ի` համաշխարհային լիդերի կոչումը միանձնյա տնօրինելու հանգամանքին: Աշխարհի թեժ կետերում էլ պարզ երևում էր այդ դիմակայությունը` Ռուսաստանն ու ԱՄՆ-ն գրեթե միշտ հայտնվում էին բախվող կարծիքների տիրույթում: Ուստի, Քերիի նշանակումը պետքարտուղարի պաշտոնում արժե քննարկել հենց այս համատեքստում:

Նախևառաջ արժե նշել, որ Ջոն Քերին բավական ջերմ անձնական հարաբերություններ ունի ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովի հետ: Նույնիսկ ավելին` Լավրովը ռուսական հեռուտաընկերություններից մեկում նշեց, որ միջազգային հարաբերությունների զարգացումներում մեծ դեր ունեն հենց անձնական հարաբերությունները: Լավրովը հույս հայտնեց, որ Քերիի նշանակումով, որն իր ընկերն է, ռուս-ամերիկյան հարաբերություններում կարող է նոր էջ բացվել` պասիվ դիմակայությունից վերափոխվելով ակտիվ համագործակցության: Սա, ինչ խոսք, լրացուցիչ ազդակ ու պատասխան էր հենց ԱՄՆ-ին, թե Ռուսաստանն արդեն բաց է քննարկումների համար: Արդյունքն էլ չուշացավ: Արդեն հունվարի 25-ին ԱՄՆ Սենատում, այն ժամանակ դեռևս սենատոր, բայց արդեն պետքարտուղարի պաշտոնի հավակնորդ Ջոն Քերին նշեց, որ ԱՄՆ-ն մտադիր է Սիրիայի հարցով հաշվի նստել Ռուսաստանի կարծիքի հետ և ցանկանում է այդ խնդրի լուծման տարբերակ մշակել:

Պետքարտուղար դառնալուց հետո Քերին ջանք թափեց, որպեսզի վերջիվերջո կապ հաստատի Լավրովի հետ, բայց այս անգամ արդեն Հյուսիսային Կորեայի շուրջ հարցեր քննարկելու նպատակով: Իսկ փետրվարի 18-ին, երբ մենք ընկղմված էինք նախագահական ընտրություների հորձանուտում, այդ զրույցը կայացել է:

Այսինքն` ռուս-ամերիկյան հարաբերություններում արդեն ակնհայտ է սառույցի որոշակի հալոցք: Եթե հաշվի առնենք, որ նախորդ տարին ավարտվեց բավականին լարված մի քանի օջախներում և նույնքան լարված շահերի բախման տեսանկյունից, ապա այս տարեսկզբին ԱՄՆ-ն փորձեց լարվածությունը պարպել: Այս պահի դրությամբ դա կարծես ստացվում է: Բայց դեռևս վաղ է հանգիստ շունչ քաշել, քանի որ նախորդ տարուց փոխանցված սառը պատերազմի դրսևորումները դեռևս վերջնական հանգուցալուծում չեն ստացել, և միջազգային հարաբերությունների ասպարեզում դեռևս լարվածությունը Արևմուտքի և Ռուսաստանի միջև պահպանվում է:

 Ջոն Քերին Հայաստանի համար ցանկալի՞ է

 

Անդրադառնանք նաև Ջոն Քերիի` ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակմանը` հայկական շահերի տեսանկյունից:

Քերին դեռևս սենատոր եղած ժամանակ միշտ էլ աչքի է ընկել հայամետ դիրքորոշմամբ: Հիշեցնենք, որ հենց նա է հեղինակել ԱՄՆ Սահմանադրության 907-րդ փոփոխությունը` «Ազատությանը աջակցման ակտը», ըստ որի` ԱՄՆ կառավարությանն արգելվում է օգնություն ցուցաբերել Ադրբեջանի պաշտոնական կառույցներին:

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում սենատոր Ջոն Քերիի  թեկնածության  հաստատման ժամանակ սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Բարբարա Բոքսերը հարցեր են ուղղել նրան, որոնք վերաբերել են Հայոց ցեղասպանության ճանաչմանը և Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ին պարբերաբար սպառնալիքներ հնչեցնելուն:

Սենատոր Մենենդեսի` ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցին Քերին պատասխանել է, որ ամեն ինչ կանի հարցին լուծում տալու համար: Իսկ սենատոր Բոքսերի հարցին, թե ի՞նչ քայլեր կանի Քերին Ալիևի կողմից ներում ստացած Սաֆարովի հարցի կապակցությամբ, Քերին պատասխանել է, որ ԱՄՆ-ն` որպես ԵԱՀԿ համանախագահ, պետք է ամեն ջանք գործադրի, որպեսզի ԼՂ հիմնախնդիրը խաղաղ լուծում ստանա, նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ն քննադատել է Ալիևի այդ քայլը: Սենատոր Մենենդեսի` հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հարցին էլ Քերին պատասխանել է, որ ԱՄՆ-ն կողմ է երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանը:

Նրա հետ հատկապես որոշակի հույսեր են կապում ամերիկայի հայ համայնքն ու Հայ դատի հանձնախումբը` մասնավորապես: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ցանկանում է հանդիպում կազմակերպել նորանշանակ պետքարտուղար Ջոն Քերիի հետ մինչ ամենամյա ապրիլքսանչորսյան հիշատակման օրը: Քերիին ուղղված նամակում Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Հաչիկյանը նախ շնորհավորել է նրան նոր պաշտոնի կապակցությամբ` ընդգծելով հայ համայնքի հետ նրա տասնյակ տարիներ ձգվող ընկերությունը: Իսկ հետո նշել է, որ հայ համայնքը մշտապես քննարկումներ է ունեցել պետդեպարտամենտի հետ, և Հայ դատի հանձնախումբն ակնկալում է շարունակել աշխատել Քերիի հետ բոլոր հարցերի շրջանակներում, ներառյալ սիրիահայերի և Սիրիայում բնակվող քրիստոնյաների պաշտպանության, ԼՂՀ ժողովրդի անվտանգության ապահովման և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերը:

Թե ինչպես կարձագանքի Քերին, կերևա առաջիկայում: Բայց հարկ է հիշել մի նրբություն. ԱՄՆ բազմաթիվ պաշտոնյաներ մինչ պաշտոնի ստանձնումը բավականին դրական են տրամադրված եղել ու համագործակցել են հայ համայնքի ու Հայ դատի հանձնախմբի հետ: Սակայն պատկերը կտրուկ փոխվել է նրանց պաշտոնավարումից հետո: Հիշենք նաև, որ նման կարծիք լրատվամիջոցներից մեկին հայտնել է նաև քաղաքագետ Գարիկ Քեռյանը` ասելով, որ  Ջոն Քերիի կողմից ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի ստանձնումը որևէ էական ազդեցություն չի թողնի հայ-ամերիկյան հարաբերությունների վրա:  Քաղաքագետի կանխատեսումներով` Քերիի պաշտոնավարման շրջանում հնարավոր է` Մինսկի խմբի անդամ պետությունները Հայաստանին վերաբերող  նոր դիրքորոշում ընտրեն, և ի վերջո, նոր փաստաթուղթ դրվի բանակցային  սեղանին:

 

Դիտվել է 1716 անգամ:
Print Friendly

Leave a Reply