Դիտորդների կարծիքները` միջազգային քաղաքական բևեռների տիրույթում

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | February 21, 2013 18:02

Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո, որպես կանոն, ամփոփիչ ասուլիսներով են հանդես գալիս ընտրությունների ընթացքին հետևող, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները և կառույցները: Ու ամեն ընտրությունից հետո մեր երկրում մեծ ուշադրությամբ հետևում են հատկապես միջազգային դիտորդների եզրակացություններին:

 Եվրոպական տեսակետ Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ

 

 Փետրվարի 18-ին Հայաստանում անցկացված նախագահական ընտրություններն էլ բացառություն չէին, և դիտորդները հանդես եկան իրենց դիտարկումներով ու ամփոփումներով: Այս անգամ միջազգային դիտորդների կարծիքները որոշ առանձնահատկություններ ունեին: Մասնավորապես, այս անգամ Արևմուտքի դիտորդներն իրենց եզրակացությունների մեջ որոշ զգուշացում-մեսիջներ  հղեցին ՀՀ իշխանություններին: ԱՊՀ դիտորդները ևս որոշ մեսիջներ հղեցին, բայց արդեն հակառակ տրամաբանությամբ:

ԿԸՀ-ի կողմից ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից ընդամենը մեկ-երկու ժամ հետո մամուլի ասուլիսով հանդես եկավ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը: Նրանք նշեցին, որ նախագահական

ընտրությունները Հայաստանում, ընդհանուր առմամբ, լավ էին կազմակերպված` հիմնական ազատությունների, խոսքի ազատության և զանգվածային հավաքների անցկացման իրավունքի կիրառմամբ:

«Գործող նախագահի քարոզարշավը ամենաակտիվն էր և տեսանելին: Վարչական ռեսուրսների չարաշահումը, այդ թվում ընտրողների վրա ճնշում գործադրելու դեպքերը, գործող նախագահի քարոզչական միջոցառումներին պետական պաշտոնյաների մասնակցությունը, ինչպես նաև պետական և ինքնակառավարման մարմինների կողմից զբաղեցրած շենքերում նախընտրական շտաբների գտնվելու  մի քանի դեպքերը  աղավաղել են պետության  և իշխող կուսակցության բաժանումը, ինչը հակասում է 1990 թ. ԵԱՀԿ կոպենհագենյան փաստաթղթում ամրագրված պետության և քաղաքական կուսակցությունների հստակ բաժանման հիմունքներին:

Քարոզարշավի լուսաբանումը հիմնականում  ֆորմալ բնույթ էր կրում և վերլուծական մեկնաբանություն չուներ, և թեկնածուների միջև բանավեճեր չեն կազմակերպվել:

Ընտրական օրենսգիրքը  սահմանափակում է այն անձանց  բողոք ներկայացնելու իրավունքը, որոնց ընտրական  իրավունքները վտանգված  են` էապես սահմանափակելով  ընտրողների և  դիտորդների  իրավունքը` դիմելու դատական պաշտպանության ընտրական իրավունքների խախտման դեպքում:  Ընտրական իրավունքների վերաբերյալ դատարանի որոշումները բողոքարկման ենթակա չեն, ինչը սահմանափակում է արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքը:

Ոչ հարիր միջամտություն ընտրական ընթացքի վրա հիմնականում գործող նախագահի վստահված անձանց կողմից և որոշ դեպքերում լուրջ խախտումներ, ներառյալ ընտրողների վրա ճնշում գործադրելը, դիտարկվել է մի շարք ընտրատեղամասերում»,- ասվում է այդ զեկույցում:

Այդուհանդերձ ընտրությունները համարվում են կայացած, քանի որ խախտումները չեն ազդել արդյունքների վրա:

Մամուլի ասուլիսում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հեյդի Թալյավինիի խոսքով` արձանագրված լուրջ խախտումների շարքում են լցոնումները, վատ փակված քվեատուփերը, կրկնակի և բազմակի քվեարկության դեպքերը, արձանագրվել է վարչական ռեսուրսի կիրառում:

Սա ակնհայտորեն հնարավորություն է տալիս ընտրապայքարի առաջատարներից Րաֆֆի Հովհաննիսյանին բողոքարկելու ընտրությունների արդյունքները: Եվ դիտորդական առաքելությունն այս ձևակերպումներով հուշում է հենց նրան, որ պետք է ինչ-որ հետընտրական զարգացումներ ձեռնարկի:

Միջազգային դիտորդների այս խմբի հայտարարությունից հետո արդյունքների ամփոփմամբ հանդես եկավ նաև ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Կարին Վոլդսեթը: Նրա խոսքով` ընտրությունների արդյունքում եղել է վարչական ռեսուրսների չարաշահում:

Գրեթե նմանատիպ հայտարարությամբ հանդես եկան նաև ICES-ի դիտորդական առաքելության ներկայացուցիչները փետրվարի 19-ին:

ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավարը Տոնինո Պիցուլան էլ նշեց. «Առաքելությունը նկատել է, որ մասնավորապես տեղական մակարդակով հստակ չէր գործող նախագահի քարոզչական ակտիվիստների և պետական կառույցների տարանջատումը: Սա ներառում էր վարչական ռեսուրսների սխալ օգտագործում և ճնշում հանրային աշխատողների վրա, որպեսզի նրանք մասնակցեն ընտրություններին և քարոզարշավի միջոցառումներին»:

Նշենք, որ ընտրությունների նախընտրական փուլում Րաֆֆի Հովհաննիսյանը համարվում էր Արևմուտքի աջակցությունը վայելող թեկնածու, ուստի այս համատեքստում հասկանալի է դառնում Արևմտյան դիտորդների նման «եզրակացությունները»: ԿԸՀ-ն արձանագրել է, որ հաղթել է Սերժ Սարգսյանը, որը վերջին շրջանում, ինչպես բազմիցս նշվել է, ցանկանում էր և ստացել էր Ռուսաստանի աջակցությունը:

Ռուսների «անհամաչափ» պատասխանը եվրոպացիներին

 

Արևմտյան դիտորդներից հետո ամփոփիչ ասուլիսով հանդես եկավ նաև ԱՊՀ դիտորդական առաքելությունը: ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը նշեց, որ Հայաստանի նախագահական ընտրությունները, նորմալ ընթացք են ունեցել: Դիտորդը գովեց Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսդրությունը, անդրադարձավ նախընտրական շրջանին` նշելով, որ բոլոր թեկնածուներն ունեցել են իրենց ասելիքը հանրությանը ներկայացնելու հնարավորություն և այլն:

Լեբեդևը նշեց նաև դիտորդների արձանագրած մի քանի խախտումներ, որոնք մասսայական բնույթ չեն ունցել ու չեն ազդել ընտրությունների բուն ընթացքի վրա:

ԱՊՀ դիտորդական առաքելության ասուլիսում հատկանշական էր հատկապես մի հանգամանք. դիտորդական առաքելության ներկայացուցիչը հատկապես կարևորեց, որ Հայաստանը դիտարկվում է որպես բարեկամ երկիր, ուստի վատ բաներ բարեկամների մասին ասել չի ուզում, առավել ևս, երբ դրանք հիմնականում տեխնիկական բնույթ են ունեցել: Սա ևս կարելի է դիտարկել, որպես մեսիջ. ԱՊՀ-ն, ի դեմս Ռուսաստանի, աչք կփակի ցանկացած վատ բանի վրա, որովհետև Հայաստանը նրանց համար բարեկամ է…

ԱՊՀ դիտորդների եզրակացության մեջ ուշագրավ է Բելառուսի ներկայացուցիչ Նիկոլայ Լոզովիկի հայտարարությունը ԱՊՀ դիտորդական առաքելության ամփոփիչ ասուլիսի ժամանակ: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ որոշ մարդիկ ցանկություն ունեն հավաքվել և վիճարկել ընտրությունների արդյունքները, ինչն ինքն անձամբ այնքան էլ ճիշտ չի համարում և խորհուրդ է տալիս հանրահավաքների և ցույցերի միջոցով չխառնել ընտրությունների արդյունքները: Դրա պատճառը բանախոսը համարում է այն, որ Հայաստանում ընտրություններն արդեն անցնում են քաղաքակիրթ մթնոլորտում`  իշխանություններն ընտրվում են ոչ թե հանրահավաքներում, այլ ընտրություններում: Ու այստեղ օբյեկտիվ հարց է առաջանում, թե բելառուսցի դիտորդն ինչո՞ւ է իրեն իրավունք վերապահում նման խորհուրդ տալ հայ հասարակությանը` չէ՞ որ դա հենց մեր` հայերիս որոշելիք հարցն է` դուրս գա՞լ փողոց, թե՞ հույսը դնել մի օր լավ լինելու երազանքի վրա:

Բայց ընտրություններից հետո մի երևույթ էլ գրանցվեց, որ բավականին հետաքրքիր է դարձնում ընտրությունների արդյունքների վերաբերյալ միջազգային խաղացողների շահերի բախումը Հայաստանի ներքին կյանքում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շտապեց շնորհավորել Սերժ Սարգսյանին` համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Նշենք, որ մինչև ԿԸՀ-ի կողմից ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը, Սերժ Սարգսյանը դեռ չի կարող համարվել ընտրված, ավելին` համոզիչ հաղթանակ տարած թեկնածու: Ու երբ մի ինչ-որ երկրի նախագահ, խորհրդարան, կամ բարձրագույն իշխանության այլ մարմին շնորհավորանք է հղում Հայաստան, ապա այն կարող է ուղղված լինել միմիայն հայ ժողովրդին, հասարակությանը` լավ, թափանցիկ ու ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ, ոչ թե կոնկրետ թեկնածուի: Սա դիվանագիտական նորմ է, որ Ռուսաստանը չպահեց, և պատասխան տվեց արևմտյան դիտորդների հնչեցրած մեսիջներին, ինչը և սպասելի էր:

Մի խոսքով` միջազգային դիտորդները Հայաստանի նախագահական ընտրությունների համատեքստում գործելու լայն դաշտ են բացել ընտրապայքարած սուբյեկտների համար, յուրաքանչյուր կողմ հայտնել է իր դիրքորոշումը, իսկ թե ինչպես կզարգանան դեպքերը, ցույց կտա ժամանակը:

 

Դիտվել է 1980 անգամ:
Print Friendly

Leave a Reply