Հինգ կին, հինգ տեսանկյուն

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 21, 2013 12:04

«Արվեստը մարզերում» շարքի շրջանակներում «Նարեկացի» արվեստի միությունը և  Բաց հասարակության ինստիտուտը /OSI/  կազմակերպել էր «Հինգ կին, հինգ տեսանկյուն»  խորագրով խմբակային  ցուցահանդես, որտեղ  իրենց ստեղծագործություններով  ներկայացան Էջմիածնի նկարչուհիները: Գոհար Հարությունյան, Անի Մանուկյան, Մանան Մուրադյան, Լուիզա Բասենցյան, Անուշ Հարությունյան… հինգ նկարչուհի, հինգ տարբեր ձեռագիր, տարբեր հայացք, տարբեր զգացումներ, որոնք ամփոփված էին  դիմանկարների, նատյուրմորտների, հետաքրքիր կոմպոզիցիաների ու  մանրանկարների  մեջ:

Մանան Մուրադյանի աշխատանքներում գերակշռում է  գունային գրաֆիկան: Նկարչուհու  ստեղծագործություններում   աստվածաշնչյան,   բարու և չարի  հավերժական պայքարի թեմաներն են:

Գոհար Հարությունյանի դիմանկարներում  ստեղծագործող կնոջ  իրականությունն է` առօրյա հոգսերով, ձգտումներով, թաքուն  երազանքներով.

–       Ժամանակը ամբողջովին ինձ չի պատկանում, – մեկնաբանում է Գոհար Հարությունյանը, – ես ուզում եմ արթնանալ և զգալ, որ այսօրվա օրը այնքան երկար է ու  այն ամբողջովին ինձ է պատկանում…

Կտավին պետք է մաքուր մոտենալ, ասում է Գոհարը, այն չպետք է լեցուն լինի օրվա հոգսերով ու պրոբլեմներով, իսկ այսօր հեշտ չէ լինել  կին, ընտանիքի մայր ու նաև ստեղծագործել:

Անի Մանուկյանի  ստեղծագործություններում սիրո թեման է, որտեղ  դիտողը աչքի միջոցով  բացահայտում է սիրո էությունը: Մյուս աշխատանքներում  Անին պատկերել է տարվա եղանակները:

Երիտասարդ նկարչուհի Անուշ Հարությունյանը  ներկայացրել է նատյուրմորտներ: Ասում է, որ սիրում է աշխատել  վառ գույներով, ոգեշնչվել է Սարյանի ու Մինասի ստեղծագործություններից:

Մարզերը մշտապես եղել են «Նարեկացի» արվեստի միության ուշադրության կենտրոնում: Նրանց հետ ամուր կապերի ու մշտական սերտ համագործակցության արդյունքում կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ’ նպատակ ունենալով մարզերի տաղանդավոր  ստեղծագործողներին ներգրավել մշակութային կյանքին և ուշադրության արժանացնել: Ցուցահանդեսը  «Նարեկացի» արվեստի միությունում կշարունակվի  մինչև մարտի 3-ը

 

                                                                        «Նարեկացի» արվեստի միություն

Դիտվել է 2347 անգամ:
Print Friendly

Leave a Reply