Ադնան Մենդերեսին օգնած բուժքույրը պատմել է, թե ինչ է պատահել 54 տարի առաջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 20, 2013 17:09

  Վերջերս «Anadolu» գործակալության թղթակիցները անգլիական արխիվում նյութեր էին գտել, որոնք վկայում էին այն մասին, որ Թուրքիայի նախկին վարչապետներից Ադնան Մենդերեսի ինքնաթիռը 54 տարի առաջ Լոնդոն մեկնելիս ավիավթարի է ենթարկվել և հազիվ է փրկվել: Ահա լրագրողներին հաջողվել է գտնել այն ժամանակ Մենդերեսին առաջին օգնությունը ցույց տված բուժքրոջը՝ Մարգարետ Բեյլիին, և զրուցել նրա հետ:

Ավիավթարի օրը՝ 1959 թվականի փետրվարի 17-ին, Նյուդիջիթ գյուղում ապրող Մարգարետը, ով պատերազմի տարիներին բուժքույր էր եղել, պատմել է, որ վթարից հետո երեք մարդու մեքենայով ապահով մի տեղ էին տեղափոխել, սակայն ինքը չգիտեր, որ այդ երեքից մեկը Ադնան Մենդերեսն էր: «Նրանք շոկի մեջ էին, գրեթե չէին խոսում, այդ պատճառով էլ նրանց հարցեր չէի տալիս, միայն նրանց հանգստությունն էի ապահովում: Նրանց ծածկոց տվեցի և օգնեցի, որպեսզի աթոռին նստեն»,-պատմում է Մարգարետը:

Տեղի ունեցած վթարից մեկ շաբաթ  անց Մենդերեսը Մարգարետ և Թոնի Բեյլի ընտանիքին շնորհակալության այցի է գնացել: «Մենդերեսը շատ սիրալիր էր, մեզ շնորհակալություն հայտնեց և Թուրքիայում արձակուրդ անցկացնելու հրավիրեց, և մենք էլ ընդունեցինք հրավերը»:

1961 թվականին Մենդերեսին մահապատժի են ենթարկում և կախաղան բարձրացնում: Մարգարետը այդ մասին անգլիական մամուլից է իմանում: «Երբ իմացանք այդ լուրը, շատ վշտացանք: Ամուսինս Մենդերեսի մահից հետո նրա ընտանիքին մի նամակ գրեց: Լավ չեմ հիշում, թե ինչ էր գրել, սակայն շատ ազդված և վշտացած էր»,-պատմել է վարչապետի երբեմնի բուժքույրը:

 

Դիտվել է 1341 անգամ:
Print Friendly

Leave a Reply