Հայաստանում հունվարին տնտեսական ակտիվությունն աճել է 9,1 տոկոսով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 20, 2013 16:43

Հայաստանի տնտեսության ակտիվության ցուցանիշը 2013 թվականի հունվարի դրությամբ 9,1 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, աճ է արձանագրվել ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտներում: 2012թ. հունվարի համեմատ այս տարվա առաջին ամսվա ընթացքում ծառայությունների ծավալներն աճել են 7,5, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 2,1 տոկոսով: Առեւտրի շրջանառությունն աճել է 5,7 տոկոսվ:

Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 18,8 տոկոսով: Շինարարությունը շարունակում է անկում ապրել. Տնտեսական ակտիվության ցուցիչում շինարարության ծավալը կազմել է 82,4 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 6 տոկոսով, միջին ամսական աշխատավարձը` 4,5 տոկոսվ: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2012-ի հունվարի համեմատ ավելացել են 21,7 տոկոսով: Արտահանումն աճել է 54,6 տոկոսով, իսկ ներմուծումը` 13:

ԱՎԾ-ն տեղեկացնում է, որ 2013թ. հունվարի տնտեսական ակտիվության ցուցանիշիի հաշվարկի հիմքում ընկած են 2011թ. ՀՆԱ-ի`  ըստ տնտեսական գործունեության տեսակների, կշիռները: 2012թ. ՀՆԱ-ի կշիռներով 2013թ. ՏԱՑ-ի վերանայված տվյալները կհրապարակվեն 2013թ. ապրիլի 19-ին, իսկ առավել ամբողջականը` ապրիլի 30-ին, երբ հասանելի կլինեն 2012թ. ՀՆԱ-ի վերանայված տվյալները 2011թ. ՀՆԱ-ի հաշվետու տվյալների հիման վրա` համաձայն տարեկան ՀՆԱ-ի վերանայման ժամանակացույցի:

Միջին ամսական աշխատավարձը հաշվարկված է ըստ 2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-246), որի համաձայն ՀՀ-ում աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներում 2013թ. հունվարի 1-ից ներառվել են նաև գործատուի կողմից վճարվող պարտադիր  սոցիալական ապահովության վճարները: Նշված օրենսդրական փոփոխության արդյունքում, 2013թ.-ից  աշխատավարձի ցուցանիշը նախորդող ժամանակագրական շարքի հետ համադրելի դարձնելու նպատակով,  նախորդ տարվա համապատասխան ցուցանիշները վերահաշվարկվել են ըստ գործող մեթոդաբանության` գործատուի կողմից վճարվող պարտադիր  սոցիալական ապահովության վճարի հաշվարկային (պայմանականորեն) դրույքաչափերը կիրառելու մեթոդով:

Դիտվել է 916 անգամ:
Print Friendly

Leave a Reply