Թուրքական «Milliyet» թերթի լրագրողի տպավորությունները Հայաստան կատարած այցից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 20, 2013 16:02

   Հրանտ Դինք հիմնադրամի կողմից կազմակերպված ծրագրի շրջանակներում Թուրքիայից Հայաստանի նախագահական ընտրություններին տեղում հետևելու համար եկած լրագրողներից «Milliyet» թերթի լրագրող Գյուսին Հարմանը հրապարակել է իր դիտարկումները: Նա, հանդիպելով Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ, ծանոթացել է 2012 թվականին՝ ցեղասպանության 100-ամյնակին ընդառաջ կատարվող աշխատանքներին:

Լրագրողը տեղեկացել է, որ ցեղասպանության թանգարանում նախատեսում են հատուկ նոր բաժին բացել՝ նվիրված այն թուրքերին, որոնք վտանգելով իրենց կյանքը փորձել են փրկել հայ հարևաններին: «Ակօս»-ը մեջբերում է Հարմանի արած գրառումները Երևանում անցկացրած օրերի մասին:

«Երևանի բարձրադիր մի բլրի վրա տեղակայված Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը պատմեց, որ 2015 թվականի կապակցությամբ թանգարանը բազմակողմանի փոփոխությունների ենթարկվելով մեծացվելու է 2,5 անգամ: Նորացված թանգարանում հատուկ բաժին է նախագծվում իրենց հայ հարևաններին թաքցրած և դրա համար մահվան դատապարտված թուրքերի և հայերի համար»:

Հետաքրքրական է, որ լրագրողի կարծիքով իրենց այցելության ժամանակ շատ նախապաշարմունքներ և կարծրատիպեր կոտրվեցին: Հարմանը մյուս թուրք լրագրողների հետ միասին Երևանում հանդիպելով մի շարք պաշտոնյաների հետ մեջբերում է նրանցից լսած հուսադրող արտահայտությունները՝  «Գնդակն արդեն Թուրքիայի դաշտում է: Մենք դիվանագիտական հարաբերություն և սահմանի բացում ենք ուզում մեր հարևանի հետ», «Եթե ուզում եք, ատեք մեզ, բայց բացեք սահմանը: Այս քաղաքում ամեն պատուհանից Թուրքիան է երևում: 21-րդ դարում Եվրոպայում գոյություն ունեցող միակ փակ սահմանը Թուրքիա-Հայաստան սահմանն է», «Խոսելը միակ բանն է, որ պետք է անենք: Միասին մի սեղանի շուրջ կնստենք, թեյ կխմենք: Հերիք է միայն, որ խոսենք»:

 

Դիտվել է 1350 անգամ:
Print Friendly

Leave a Reply