՛՛Վանբայբուրդիզմի՛՛ և ՛՛գեղամյանիզմի՛՛ ազդեցությունները Վրաստանում և ՀՀ-ում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 20, 2013 13:37

Իսկապես՝ ի՞նչ ազդեցություն ունեցավ և դեռ կարող է ունենալ ՛՛գեղամյանիզմը՛՛ ՀՀ-ում և ի՞նչ ազդեցություն՝ ՛՛վանբայբուրդիզմը՛՛ Վրաստանում:

՛՛Վանբայբուրդիզմի՛՛ ազդեցությունը Վրաստանում պետք է դիտարկել Ջավախքում և այլուր ապրող հայկական հիմնահարցի համատեքստում: Երկար տարիներ ի վեր ՛՛Վրաստան՛՛ թերթի խմբագիր, պատգամավոր, նախագահի խորհրդական հանդիսացած այս անձնավորության գործունեությունը՝ հատկապես վերջին տարիներին, Վրաստանում հայկական հիմնահարցի ազգային-քաղաքական բնույթը վերածեց պարզունակ սոցիալ-տնտեսականի, Ջավախքի իրավունքների համար պայքարող և հալածվող փառահեղ տղերքի պայքարը վերածեց մանր խուլիգանության կամ օտարերկրյա պրովոկացիաների, վաստակավոր ուսուցիչներին (այդ թվում՝ իմ մոր) դպրոցներից վտարումը ՛՛հիմնավորվեց՛՛ վերջիններիս քաղաքական դաշտում ակտիվ գործունեությամբ, Ջավախքում հայկական գրքի և հայերենի արգելքը որակվեց որպես վրացերենի մակարդակի բարձրացմանն ուղղված քայլ, Ջավախքում սեփական հոգին, խիղճը ծախելը դարձավ օրինաչափ, ավելին՝ պատվավոր գործ, խեղվեց բարոյականը, լավը, բարին, իսկ կեղտը, մատնությունը, անբարոյականությունը դարձան արժեքներ: Վրաստանում վերացման եզրին կանգնեց հայկական գործոնը, որի վերականգնման համար տարիների ջանքեր են պետք: Ահա թե ինչ տվեց ՛՛վանբայբուրդիզմը՛՛ Վրաստանում:

Գալով ՛՛գեղամյանիզմի՛՛ ազդեցությանը ՀՀ-ում, պետք է խոսել արժեքների մասին, որոնք հիմնված են գաղափարականության վրա: Իրականում առանց գաղափարի ոչինչ չկա, այդ թվում՝ քաղաքական գործիչ կամ պարզապես մարդ: Թյուր կարծիք կա, թե գաղափարականությունը կաշկանդում է մարդուն, չի դարձնում նրան ազատ: Ճիշտ հակառակը, գաղափարական մարդն է ազատ, միայն նրա ձայնը ոչ մեկ չի կարող գնել, բռնանալ նրա վրա, ստիպել, վախեցնել, գաղափարական մարդը երբեք չի քծնում, նա երբեք ստրկանալու ընդունակ չէ: Հակառակը՝ ոչ գաղափարական մարդուն ամեն ինչ կարող ես անել՝ գնել, վախեցնել, ստրկացնել:

Ահա այս վեհ և մարդկային արժեքային համակարգն էր, որը վաղուց սասանված էր, սակայն վերջնականորեն անհետանալու շեմին կանգնեց ՀՀ-ում՝  ՛՛գեղամյանիզմի՛՛ շնորհիվ: Քաղաքական մեծ փորձառություն ունեցող, տարիքային իմաստով մեծ այս գործչի վարքի ազդեցությունները դեռ երկար են իրենց կործանարար հետևանքներով մնալու մեր իրականության մեջ: ՛՛Գեղամյանիզմ՛՛ արժեհամակարգը Հայաստանում իրավաչափ, օրինաչափ, բարոյական դարձրեց ստրկամտությունը, ցինիզմը, քաղաքական հայացքների և քայլերի վայրկենական, պահի տակ, աթոռի բերումով շրջադարձը՝ արժեզրկելով քաղաքական գործիչ, կուսակցություն, քաղաքականություն և շատ այլ հասկացություններ: Ասվածս բոլորովին չի նշանակում, թե իշխանություններին պաշտպանողները կամ ընդդիմության ներկայացուցիչները բոլորը սխալ կամ ճիշտ են: Բոլորովին: Կարևորը՝ գաղափարական ուղուց  չշեղվելն է, ուղի, որն ի սկբանե ընդունել ես, պայքարել, հալածվել, դա քո կյանքն է, քո նկարագիրը, քո ապրելու իմաստը, քո էությունը:

՛՛Գեղամյանիզմ՛՛ արժեհամակարգից  ծնվեցին և դեռ շատ են ծնվելու երիտասարդներ, որոնք տեղեր են գրավելու պետական ինստիտուտներում՝ արգահատանք առաջացնելով հասարակության մեջ այդ հաստատությունների նկատմամբ: Ի վերջո՝ ՛՛գեղամյանիզմը՛՛ մեծ ազդեցություն ունեցավ այս օրերին 5.000 դրամ պահանջող, վախեցած, ստրկամիտ, քծնող ու շողոքորթող ընտրողների ու ընտրական գործընթացի մասնակիցների բանակի ձևավորմանը, որոնց շնորհիվ էլ ունեցանք ՀՀ-ում 2013 թ. նախագահական ընտրությունների այս պատկերը:

 

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Դիտվել է 1289 անգամ:
Print Friendly

Leave a Reply