ՀՅԴ գնահատականը ընտրություններին. «Խոստացված ամենալավ ընտրությունները հերթական շատ վատն էին»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 20, 2013 13:24

Հետևելով ՀՀ նախագահի ընտրության օրվա ընթացքին, տեղամասերում քվեարկության ամփոփմանը, վերլուծելով ստացված տեղեկատվությունը և  ԿԸՀ հայտարարած նախնական արդյունքները` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ներկայացնում է իր գնահատականները.

Հայաստանի քաղաքացիները փետրվարի 18-ին ապացուցեցին, որ իրենց համբերությունը սահման ունի, որ իրենք շատ ավելի լավ կյանքի և իշխանության են արժանի, որ անհնար է մարդկանց մեջ մեռցնել արդարության, ազատության ձգտումը:

Ժողովրդի ընդվզումը երկրում առկա քաղաքական, սոցիալական, տնտեսական իրական վիճակի և բարոյական մթնոլորտի պատասխանն էր: Պատասխանն էր իշխանության և նրա` վերևից ներքև ներկայացուցիչների ինքնագոհ այն պահվածքի, թե իրենք հասարակության բացարձակ մեծամասնության վստահությունն ու աջակցությունն ունեն: Ակնհայտ դարձավ, որ ժողովրդի գերակշիռ մասը գործող համակարգը չի ընդունում:

Խորհրդարանական ընտրություններին իշխանության կիրառած վարչական-ֆինանսական անսահմանափակ ռեսուրսին  այս անգամ շատ տեղամասերում գումարվեցին նաև համակարգված խախտումները ձայների հաշվարկման ժամանակ: Խոստացված ամենալավ ընտրությունները հերթական շատ վատն էին:

Արդյունքների ամփոփումը ապացուցեց մեր այն համոզումը, որ ընտրությունները կանխորոշված են, միջազգային դիտորդների գնահատականը` կանխատեսելի:

Հարգելի քաղաքացիներ,

Ստեղծված հետընտրական իրավիճակը, հնարավոր զարգացումները հսկայական պատասխանատվություն և դժվար որոշումներ են պարտադրում: Եվ գործող իշխանությանը, և  հիմնական մրցակից թեկնածուին, և ընդդիմադիր ուժերին, և հասարակության ակտիվ հատվածին:

Փետրվարի 18-ին մեր ժողովրդի դրսևորած կամքը չպետք է ոտնահարվի:

Հ.Յ.Դաշնակցությունը ժողովրդի կողքին է, համատեղ ուժերով լուծումներ գտնելու կողմնակից: Մենք պարտավոր ենք գիտակցել պահի լրջությունը  և ելքեր որոնել: Սա ծանր, բայց անխուսափելի աշխատանք է, որ պարտավոր ենք անել միասին: Մենք պարտավոր ենք արժանի լինել մեր ժողովրդին:

Միայն այս ճանապարհով, միայն հստակ ձևակերպված քաղաքական օրակարգով է հնարավոր երկիրը տեղապտույտից ու նահանջից փոխադրել կայուն զարգացման հուն և մեր քաղաքացիների համար անվտանգ, արժանապատիվ ապագա երաշխավորել:

 

                                                                ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

Դիտվել է 1185 անգամ:
Print Friendly

Leave a Reply