Բագարան. գարնանային խնդիրներ ու հոգսեր

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | April 2, 2010 17:29
տեսարան Բագարանից

Ամեն օր չէ, որ Բագարանի գյուղապետարանի առջև գյուղացիների մեծ բազմություն է հավաքվում:

«Մեր պապերը Միրզախանում են թաղված. չեն թողնում, որ գնանք խունկ վառենք. ասում են` նելզյա»,- բորբոքված պատմում է բագարանցի Վոլոդյա Փիլոյանը:

Արմավիրի մարզի սահմանամերձ գյուղերում սոցիալական վիճակը լուսաբանելու համար` «Պատերազմի և խաղաղության լուսաբանման» ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի կազմակերպած լրագրողական այցելության շրջանակներում «Անկախի»թղթակիցն այցելեց Բագարան համայնք:

70-ամյա Վոլոդյան բողոքում է, որ այստեղ գտնվող ռուսական N զորամասի ծառայողակազմը չի թողնում այցելել Իսախան: Ամեն տարի գարնանը գյուղապետարանում հանդիպում է լինում գյուղացիների և զորամասի սպայակազմի հետ, երկու կողմերը աշխատում են միասին հարթել առաջացած խնդիրները:

Գյուղացիները բողոքում են նաև, որ իրենց հողատարածքները մշակելու դժվարություններ են առաջանում: Գարնան բացվելու հետ գյուղի կանայք փշալարից այն կողմ նաև սիբեխ և այլ բանջար են հավաքում:

Բագարանը 180 տնտեսություն, 680 բնակիչ ունեցող սահմանամերձ գյուղ է, մարզկենտրոն Արմավիրից գտնվում է 45 կմ հեռավորության վրա` դեպի հարավ- արևմուտք: Բագարանցիների ապրուստի միջոցն անասնապահությունն ու հողագործությունն է:
Մինչև Թուրքիայի հետ սահմանը բաժանող Արաքս գետը Բագարանի սահմանով մեկ ձգվում է փշալարը, որից այն կողմ գտնվող հողերը գյուղացիների կամ գյուղապետարանի սեփականությունն են:

Թուրքիայի կողմից սահմանն ազատ է, և նրանց բնակիչներն ազատ մոտենում են գետին` անասուններին ջուր տալու կամ ձուկ որսալու համար:
Բագարանցի 75-ամյա Վոլոդյա Փիլոյանն ասում է, որ Մեծ հայրենականի տարիներին սահմանի հսկողությունն այնքան էլ ուժեղ չէր, և իրենց գյուղացիները նույնպես Արաքսում ձուկ էին որսում: «Էդ հիմա ա էդպես խստացել գրանիցը, առաջ տենց բան չկար. տալիս-առնում էինք: Միրզախանում, որ ապրում էինք. ազատ էր. մտնում էինք ջուրը` լողանում, ձուկ բռնում»,- ասում է նա:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյան

Եղեռնից մազապուրծ բագարանցիների պապերը սկզբում հաստատվել են ներկայիս Բագարանից մոտ 15 կմ դեպի հյուսիս գտնվող Իսախան գյուղում, իսկ 1950-ականներին, գյուղացիների ասելով, Ստալինի հրամանով եկել են այստեղ ու հիմնել Բագարան գյուղը: Դեպի Իսախան տանող քանդված ճանապարհն այսօր երթևեկելի չէ: Իսախանը նույնպես արգելված գոտում է, սակայն այնտեղ են գտնվում բագարանցիների ծնողների և պապերի գերեզմանները, և գյուղացիները բողոքում են, որ չեն կարողանում խունկ ծխել իրենց նախնիների շիրիմներին:

Փշալարից մինչև Արաքսն ընկած հատվածը համարվում է չեզոք գոտի, և մուտքն այնտեղ միայն անցաթղթերով է: Չեզոք գոտի մուտք գործելու համար գյուղացիներին տրվում է լուսավոր ժամերի կամ 24-ժամյա անցաթուղթ: Անցաթղթերը տրվում են մեկ տարվա ժամկետով և գյուղապետարանի ներկայացրած ցուցակի հիման վրա: Բագարանում անցաթղթերով մուտք գործելու իրավունք ունի մոտ 60 գյուղացի, որոնցից 30-ն ունեն նաև գիշերային թույլտվություն, որովհետև աշխատում են անասնաֆերմայում:

Զորամասի սպաներից մեկը, որ չցանկացավ ներկայանալ, ասաց, որ այս կարգը միշտ էլ եղել է, և ոչ մի նորամուծություն չկա. «Մենք պահպանում ենք սահմանը և փշալարից այն կողմ կարող է անցնել միայն նա, ով անցաթուղթ ունի»:

Բագարանի գյուղապետ Գևորգ Մարգարյանը նույնպես հաստատեց, որ կարգի փոփոխություն չկա. «Գյուղացիների բողոքը հիմնականում այն է, որ գարնանային աշխատանքները սկսելուն պես բոլորն ուզում են շուտ անցնել, իսկ մշակողները շատ են, մարդ էլ կա, որ տանում ա անասուն արածացնելու: Անցնելու համար հերթեր են գոյանում»: Ըստ նրա` սահմանի խստացումը լավ է, միայն թե չխանգարի գյուղացիների աշխատանքին:

35-ամյա Հովհաննես Դավթյանի հողամասը գտնվում է չեզոք գոտում` գյուղից 15 կմ հեռավորության վրա: Նա ասում է, որ երբ հողը մշակելիս օգնող աշխատողների կարիք է լինում կամ տրանսպորտի` բերքը դուրս բերելու համար, դժվարություններ են առաջանում: «Իրանց չեն թողում ներս մտնեն. բա ես մենակս ո՞նց անեմ,- հարցնում է նա,- կամ բերքի վախտը կլիենտը գալըմ ա. չեն թողըմ ներս մտնի, ես ո՞նց բերքը հանեմ, էդքան ճանապարհ բերեմ դուրս. սաղ ծախս ա, չէ՞»:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ասաց, որ եթե գարնանային աշխատանքներն սկսելու հետ կապված չեզոք գոտի մուտք գործելու ինչ հրատապ ու կարևոր հարց որ լինում է, իրենք շատ արագ օժանդակում և նպաստում են խնդրի լուծմանը: «Սակայն ինչու՞ պիտի հաճախորդը մուտք գործի արգելված տարածք, որտեղ մուտքը միայն անցաթղթերով է,- ասաց նա,- պետության անվտանգության պահպանության նկատառումներով դա ճիշտ է: Ո՞վ կարող է իմանալ, թե ով է այդ հաճախորդը»:

Գյուղապետ Մարգարյանն ասում է, որ թեպետ Բագարանը սահմանամերձ գյուղ է, սակայն մինչ օրս իշխանությունների կողմից ոչ մի աջակցություն չի տեսել.«Թե սահմանը բացվեց. միգուցե էն ժամանակ մի բան լինի»:

Հովհաննես Դավթյան. «Օգնող չեն թողում ներս մտնեն. բա ես մենակս ո՞նց անեմ»

Բագարանում հարուստ ծիրանի այգիներ կան, մշակվում են բանջարաբոստանային մշակաբույսեր, հատկապես ձմերուկ և սոխ:

Այս տարի ոռոգման ջուրը թանկացել է` մեկ խորանարդի համար 8 դրամից դառնալով 11 դրամ:

Մարգարյանն ասում է, որ նախորդ գյուղապետի օրոք հողերի զգալի մասը վաճառվել է. թե ովքեր են գնորդները, տեղյակ չէ. «Կարծեմ մեծ մասը սփյուռքահայեր են. իսկ սահմանի հնարավոր բացման հետ կապված հողի թանկացումներ չկան»:

Գյուղացիներն ասում են, որ Բագարանում մեծ հողատարածքներ ունեն ԱԺ պատգամավորներ Լևոն Սարգսյանը (Ալրաղացի Լյովիկ) և Նահապետ Գևորգյանը (Նհո):

Բոլոր վաճառված հողամասերն էլ այժմ սեփականատերերը չեն մշակում, հետևաբար, գյուղացիները կարողանում են իրենց անասուններին արածեցնել այնտեղ: «Բայց որ էգուց-մյուս օր էդ հողի տերն էկավ մշակելու ու չթողեց, որտե՞ղ ենք մեր անասուններին արածացնելու»,- հռետորական հարց է տալիս բագարանցի Գագիկն ու ուսերը թոթվում:

Դիտվել է 1711 անգամ:
Print Friendly

Leave a Reply