Սկանդալ` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների ասուլիսի ժամանակ /լուսանկարներ/

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 19, 2013 15:56

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների ասուլիսը, որի ժամանակ հայտարարվեց, որ Հայաստանում նախագահի ընտրություններն անցել են հիմնականում ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ու մրցակցային, խոչընդոտվեց մի խումբ երիտասարդ ակտիվիստների ակցիայով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այն պահին, երբ հայտարարվեց, որ լրագրողները կարող են հարցեր տալ դիտորդներին, մի աղջիկ կանգնեց բեմի վրա ու թույլ չտվեց շարունակել ասուլիսը: Նրան փորձեցին հեռացնել բեմից, սակայն, երիտասարդներն իրար խառնվեցին ու բարձր կոչերով ընդհատեցին դիտորդների խոսքը:

Դիտորդական պատվիրակության ներկայացուցիչները դուրս եկան դահլիճից եւ ընդմիջեցին ասուլիսը 10-15 րոպեով: Պատվիրակն ասաց, որ ԵԱՀԿ-ն հարգում է խոսքի ազատությունը, եւ առաքելությունը եւս իրավունք ունի խոսելու, ու իրենք օգտագործում են խոսքի իրենց ազատությունը:

ԵԱՀԿ պաշտոնական կայքում փակվեց ասուլիսի հեռարձակման ուղիղ եթերը:
Ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը հայտարարում էր, որ իրենք պահանջում են ԵԱՀԿ դիտորդներից չլեգիտիմացնել ընտրությունները: «Նրանք ասում են, որ ընտրությունները մի քայլ առաջ են, սակայն իրականում երեք քայլ հետ ենք: Այս խայտառակ ընտրությունները նրանք որակում են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան»,-«Արմենպրես»-ին ասաց Գրիգորյանը:

Ասուլիսի բնականոն ընթացքը խոչընդոտած երիտասարդների խմբում է նաեւ այն անձը, ով փետրվարի 18-ին միջադեպ էր հրահրել նաեւ ընտրատեղամասում` քվեարկությունից հետո ուտելով իր քվեաթերթիկը:

Հայաստանի Հանրապետությունում նախագահի ընտրության նախնական արդյունքներով երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվեց Սերժ Սարգսյանը: Նա ստացավ 861 հազար 160 քվե՝ վավեր ձայների 58,64 տոկոսը: Երկրորդ տեղում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է` 539 հազար 672 քվեով (36,75 տոկոս), երրորդում` Հրանտ Բագրատյանը` 31 հազար 643 ձայնով (2,15 տոկոս): Մահափորձի ենթարկված թեկնածու Պարույր Հայրիկյանը ստացել է 18 հազար 093 ձայն` 1,23 տոկոս, իսկ Անդրիաս Ղուկասյանը` 8 328 (0,57 տոկոս):

Դիտվել է 1337 անգամ:
Print Friendly

Leave a Reply