Գուրգեն Մարգարյանի մահվան տարելիցի օրը հիշատակի միջոցառումներ կանցկացվեն Հայաստանում եւ Հունգարիայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 19, 2013 14:32
Ինը տարի առաջ այս օրը` փետրվարի 19-ին, ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ձեռքով սպանվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանը: Հայ սպայի մահվան առթիվ «Գուրգեն Մարգարյան» հիմնադրամի ներկայացուցիչները վաղ առավոտից հայ սպային հարգանքի տուրք մատուցելու համար «Եռաբլուր» պանթեոն են այցելել: Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 դպրոցի տնօրեն Սուսաննա Վարդանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այսօր դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները, ինչպես նաեւ հայ սպայի անունը կրող մանկապարտեզի երեխաներն ու վերջիններիս ծնողները եւս բարձրանալու են եռաբլուր: «Փետրվարի 19-ը դպրոցում հայրենասիրության օր է հայտարարված»,-ասաց Վարդանյանը:
Հունգարիայի հայկական ինքնավարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ Գուրգեն Մարգարյանի մահվան 9-րդ տարելիցի առթիվ, Դանուբ գետի ափին գտնվող խաչքարի մոտ միասնաբար մոմավառություն է իրականացվելու, այնուհետեւ հայկական մշակութային կենտրոնում տեղի է ունենալու Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետ կապված քննարկում, որը վարելու է Հայկական ինքնավարության ղեկավար դոկտոր Ս.Սարգսյանը:
2004թ. փետրվարին հայազգի սպան մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացներին: Դասընթացին Ադրբեջանը ներկայացնում էր հատուկ պատրաստվածություն անցած ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովը: Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակ եւ կացնահարել քնած հայ սպային: Դեպքից երկու տարի անց մարդասպան Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել` 30 տարի առանց ներման իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ նրան ներում շնորհվեց, զինվորական բարձր կոչում տրվեց եւ միանվագ վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Նույն օրը Երեւանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ: Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարությունն «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան մեկնաբանել էր Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու մասին տեղեկությունը` վկայակոչելով Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983թ. Ստրասբուրգի կոնվենցիան (1983 Strasbourg Convention on the Transfer of Sentenced Persons) եւ նշելով, որ կոնվենցիային անդամակցած կողմերից մեկը կարող է իր երկրի տարածքում դատապարտված անձին հանձնել մյուս կողմին, որպեսզի նա ընդունող երկրի տարածքում կրի պատիժը: Իսկ Ադրբեջանը խոստացել էր, որ ոճրագործն իր երկրում կշարունակի կրել պատիժը:
Էքստրադիցիայի ենթարկված մարդասպանին Ադրբեջանն իրեն վայել պահվածքով դիմավորեց այնպես, ինչպես կդիմավորեր ազգային հերոսին: Նրան նոր անձնագիր շնորհեցին, ապա ուղեկցեցին Շեհիդների ծառուղի` Հեյդար Ալիեւի գերեզմանին: Սաֆարովի ներման փաստը զարմանք էր պատճառել անգամ Սաֆարովի հորը: Մարդասպան Ռամիլ Սաֆարովն այժմ ազատության մեջ է:
Ադրբեջանի ու Հունգարիայի հանցավոր գործարքը դատապարտվեց մի շարք երկրների (առաջինն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էր) եւ միջազգային կառույցների կողմից:






Facebook
Tweet This
Email This Post
