Հրանտ Բագրատյան. «Ես հպարտ եմ այդ 30 000 ձայնի համար»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 19, 2013 12:32

«Դե ինչ, ընտրությունններն ավարտվեցին։ Մեզ ինչ-որ թիվ են տալիս (2%)՝ բավականին ցածր։ Առաջին հայացքից սա պարտություն է։ Իրականում, սակայն, ես հպարտ եմ այդ 30000 ձայնի համար (կարծում եմ մեր շուրջ 100000 ձայնից մեզ այդքանն են թողնելու),- գրել է Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքի իր էջում:- Հասկանում եմ, որ իշխանությունները համառորեն շարունակում են պարզապես խլել իմ առանց այդ էլ ոչ մեծաթիվ ձայները։ Ընտրակաշառքներ, լցոնումներ, կրնկնաքվեարկություններ, խայտառակ ցուցակներ։ Մենք դեռ կքննարկենք պաշտոնապես բողոքարկելու խնդիրը։ Մեր ձեռքի տակ եղած արձանագրություններից միայն մի քանիսն են 5%-ից պակաս և որպես կանոն տատանվում են 5-8%-ի շրջանակներում։ Բոլոր դեպքերում դա հաղթանակ չէ. ես այս անգամ չգտա հաղթանակի բանալին։

Բացի այդ ի սկզբանե իշխանությունները պայքարում էին ոչ միայն իրենց թեկնածուին անցկացնելու, այլև երկրորդ և կամ նույնիսկ երրորդ տեղերը կանխորոշելու համար։ Րաֆֆին դրանից հրաշալի օգտվեց։ Բռավո։ Իշխանությունները վերջում բացահայտորեն փոշմանեցին և փորձեցին կասեցնել նրա հաղթարշավը։ Բայց արդեն ուշ էր։ Հիմա իրադարձությունների հետագա ընթացքը նրանից է կախված։ Եթե Պարույրը իրեն ճիշտ պահեր, վստահ եմ, երրորդ տեղը նրանն էր լինելու (չնայած, հիմա էլ ուշ չէ)։ Այդպես էր որոշված։ Ձեր ձայների համար Շնորհակալ եմ, սիրելիներս, դրանք անգին ձայներ են ու, կտեսնեք, չեն կորելու»։

Նախնական տվյալներով` փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը` ստանալով քվեների 58,64 տոկոսը: Հաջոչդում են Րաֆֆի Հովհաննիսյանը`36,75 տոկոս, Հրանտ Բագրատյանը`2,15 տոկոս, Պարույր Հայրիկյանը` 1,23 տոկոս,  Անդրիաս Ղուկասյանը` 0,57 տոկոս, Վարդան Սեդրակյանը` 0,42 տոկոս, Արման Մելիքյանը` 0,24 տոկոս:

Դիտվել է 1246 անգամ:
Print Friendly

Leave a Reply