Ամերիկյան նախագի՞ծ.ի՞նչ ակունք ունեն Իրանում հետընտրական բախումները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | June 20, 2009 15:53

middle_eastՄերձավորաևելյան տարածաշրջանի զարգացումների վերաբերյալ տեղեկություններն ու վերլուծությունները Սպիտակ տան ղեկավարությանը տրամադրում են ամերիկյան սոցիոլոգիական ու քաղաքագիտական հետազոտական կենտրոնները: Այդ քաղաքականակերտ ինստիտուտների ինֆորմացիան թանկ է գնահատվել դեռ անցած դարի 70-ականներից, երբ ամերիկյան դիվանագիտական հեգեմոնիան մեծամասամբ չեզոքացրեց խորհրդային գաղափարախոսությունը և ապացուցեց, որ հակամարտությունների կարգավորման բանալին գտնվում է Վաշինգտոնում: Վերջին 40 տարիներին այդ տարածաշրջանում ցանկացած իրադարձություն կամ արժանացել է Սպիտակ տան հավանությանը, կամ էլ` մերժվել:
Իսկ ի՞նչ են նախանշել այդ վերլուծական կենտրոնները տարածաշրջանի համար առաջիկա մի քանի տարիներին. թվացյալ` հաշտարար, բայց, ըստ էության, նոր հակամարտածին քաղաքական քարտեզ, որ փոխում է շրջանի դեմոգրաֆիական ու սոցիալքաղաքական պատկերը: Ըստ այդ քարտեզի, որն, ի դեպ, գաղտնազերծվել էր 2005 թ.` Իրաքը մասնատվում է երեք մասի` Հյուսիսային` քրդական ինքնիշխանությամբ, Կենտրոնական` սուննի մահմեդականների իշխանությամբ, և Հարավային մարզ, որ պետք է դառնա անկախ պետություն: Իրանի հյուսիսարևելյան հատվածը պետք է միանա Աֆղանստանին, հյուսիսային Ատրպատականը` Ադրբեջանին, Աֆղանստանի հարավային մարզերից մեկը` Պակիստանին, Սիրիայի հյուսիսարևելյան ու Թուրքիայի հարավարևմտյան և հյուսիսարևելյան հատվածները դեպի Սև ծով ելքով` Քրդստանին, Լիբանանի հարավային նահանգներն ու Հորդանանի Արևմտյան ափը` Իսրայելին, Արարատ լեռը` Հայաստանին, Հայաստանի հյուսիսային դարպասը` Լոռին` Վրաստանին, և ամենազավեշտալին…Լեռնային Ղարաբաղը` Ադրբեջանին:
Ինչքան էլ արտաքուստ անհեթեթ թվա այս ծրագիրը, պետք չէ թերագնահատել այն: Հատկանշական է, որ այդ կենտրոնների վերլուծաբաններն աշխատում են պետության, այլ ոչ թե կոնկրետ առաջնորդի համար. նրանց միջոցով է ձևավորվում նաև պետական անվտանգության հայեցակարգն ու դրա իրականացման մարտավարական քայլերը: Այդ մասնագետները չեն ազատվում աշխատանքից ղեկավարի փոփոխությամբ: Ամերիկյան ներկայիս վարչակազմի ինֆորմացիոն հենարանը հիմնականում հանդիսանում են այն մասնագետները, ովքեր կային ավագ Բուշի, Քլինթոնի, կրտսեր Բուշի ժամանակ, այժմ էլ ուղղորդում են Օբամային: Այս համատեքստում կարևոր է վերլուծել նախագահի նախկին թեկնածու Բարաք Օբամայի նախընտրական խոստումը` «բեկում մտցնել մերձավորարևելյան գործընթացներում»: Այդ խոստումն արդեն գործի է դրվել և տալիս է առաջին, բայց գրեթե ամուլ արդյունքները:
Ի՞նչ է կատարվում այժմ Մերձավոր արևելքում` ծրագրավորված խառնաշփոթ: Եթե դիտարկենք տարածաշրջանի երկրներում վերջին 3 տարիների քաղաքական իրադարձությունները, պատասխանը պարզ կլինի:
Սկսենք 2006 թ. լիբանանյան «Հըզբոլլահ» կազմակերպության ու Իսրայելի վեցօրյա պատերազմից: Իսրայելը պարտվեց այդ պատերազմում և հասկացավ, որ հնարավոր չէ արմատախիլ անել «Աստծո կուսակցության» հենակետերը: 3 տարի է անցել պատերազմից, բայց Թելավիվը, որն, ի դեպ, բազմիցս օդային հարվածներ է հասցրել Լիբանանի մայրաքաղաքին ու ամբողջովին կազմալուծել պետականհասարակական կյանքը, չի համարձակվում պարտիզանական կռվի մեջ մտնել «Հըզբոլլահ»-ի հետ: Այդ պատերազմի հետևանքները թանկ արժեցան Իսրայելի համար` բազմաթիվ զոհեր, գերիներ, որոնց պատճառով էլ իրենց զբաղեցրած պաշտոններից հրաժարվեցին բարձրաստիճան սպաներն ու պաշտպանության գերատեսչության, գլխավոր շտաբի ղեկավարները: Գաղտնիք չէ, որ «Հըզբոլլահ»-ի հոգևոր ու քաղաքական սնուցման աղբյուրը պաշտոնական Թեհրանն է: Հենց այս համատեքստում էլ պետք է դիտարկել Մերձավոր արևելքում ուժերի հավասարակշռության գաղտնիքը:
Իրանն Իսրայելի համար «չարիքի առանցք» է, որի թելերը հասնում են մինչև իր հյուսիսային սահմանները: Ուստի, Իրանի չեզոքացումը նախապայման է «Հըզբոլլահ»-ի հզորությանը վերջ դնելու համար: Այդ պատերազմում մի քանի հետաքրքիր բացահայտումներ էլ եղան: Պարզվեց, որ Լիբանանի արևմտամետ «նարնջագույնականները», որ «Հըզբոլլահ»-ի համար առաջին քաղաքական ու գաղափարական հակառակորդներն են և դեմ են Լիբանանում «Հըզբոլլահ»-ի միջոցով իրանական հեգեմոնիային, լրտեսել են Իսրայելի օգտին: Լիբանանի վաղամեռիկ վարչապետ Ռաֆիկ Հարիրիի որդին` Սաադը, ով համարվում է այդ երկրի նոր վարչապետի ամենահավանական թեկնածուն, իր ղեկավարած «Մարտի 14» խմբավորման անդամ կուսակցությունների միջոցով գաղտնի տեղեկություններ է տրամադրել Իսրայելին «Հըզբոլլահ»-ի զինյալների հենակետերի մասին: Պատահական չէր նաև այն, որ պատերազմի օրերին Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները, պախարակելով և «մարդատյաց էակներ» անվանելով «Հըզբոլլահ»-ին ու նրա աջակից ուժերին, միաժամանակ գովեստի խոսքեր էին հնչեցնում «Մարտի 14»-ի իրենց «գործընկերներին»:
2009 թ. հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում պարզվեց, որ «Հըզբոլլահ»-ը, որի հեղինակությունը կրկնապատկվեց պատերազմում իր տարած բարոյական ու նյութական հաղթանակից հետո, արդեն մասամբ զիջեց իր դիրքերը` հօգուտ «նարնջագույնականների»: Լիբանանի նման համայնքային դրվածք ունեցող երկրում դժվար է բալանսը խախտել այսքան կարճ ժամանակահատվածում: Միացյալ նահանգները հասավ նրան, որ կարճ ժամկետում միլիարդավոր դոլարներ ներդրեց Սաադ Հարիրիի ղեկավարած շարժման մեջ և ընտրություններում հասավ ցանկալի արդյունքի:
Պատմական էքսկուրս կատարելով` ընդամենը հիշենք, որ 1999 թ. Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի ռեժիմը տապալելու համար ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի վարչակազմը կիրառեց նույն մարտավարությունը: Այն ժամանակ էլ Իրաքի վտարանդի ընդդիմությունը` Սադամ Հուսեյնի վարչակազմի նախկին ծառա Ուաֆիք Սամուռաիի ղեկավարությամբ, ստացավ 99 մլն դոլար` հետսադամյան Իրաքի կերտմանը նախապատրաստվելու համար:
Անցած շաբաթ Իրանում կայացած նախագահական ընտրություններն էլ կարելի է դիտարկել այս տեսանկյունից: Կարծում եմ` չարժե խորանալ, դրվատել կամ քննադատել մերձավորարևելյան երկրների մեծ մասում անցկացված ընտրությունները, քանի որ այնտեղ ընտրություններ պարզապես չեն կայանում: Էականն այն չէ, որ վերընտրված Ահմեդինեժադի 3 մրցակիցներն էլ հրաժարվել են ճանաչել կեղծված ընտրությունների արդյունքները: Իրանի նման կրոնապետությունում դժվար թե կայանան ընտրություններ: Խնդիրն այն է, որ, ի տարբերություն Իրանում կայացած նախկին ընտրությունների, երբ ընդդիմության նման ալիք երբևէ չէր բարձրացել, այս ընտրություններում բարեփոխական զանգվածի ու իրավապահների բախումներն ավելի ակնառու էին, զոհերը` նույնպես: Ցանկացած ողջամիտ մարդ պետք է գնահատի ազատատենչ քաղաքացու` արդար ընտրությունների միջոցով սեփական երկրի ղեկավար բուրգը ձևավորելու ձգտումը, սակայն, ինչպես ընդունված է քաղաքականության մեջ, պրագմատիզմը թքած ունի այդ ամենի վրա: Էականն այստեղ շարքային իրանցու` ժողովրդավարական երկրում ապրելու ցանկությունը չէ, ոչ էլ եվրոպական կառույցներն ու Վաշինգտոնն են ցավում, որ ընտրությունները կեղծվում են, նույնիսկ ոչ էլ Իրանի հոգևոր առաջնորդ և երկրի իրական նախագահ Այաթոլլահ Խամենիի` ընտրությունների քվեաթերթիկների վերահաշվարկի մասին ոչինչ չասող քայլը, այլ այն, որ որոշումների ընդունման համաշխարհային կենտրոնների ուշադրության կենտրոնում հայտնված իրանական այս ընդդիմությունն ի՞նչ քայլերի է պատրաստ. հրաժարվել երկրի հոգևոր իշխանության միջուկային ծրագրից, չխաթարել Իսրայելի անվտանգությունը, չխանգարել արևմտյան նավթային մեգակորպորացիաների գործունեությանը` Իրանի նկատմամբ տասնամյակներ շարունակ պարտադրված տնտեսական և քաղաքական ապամեկուսացումից հետո: Այս խաղն է գնում Մերձավոր արևելքում վերջին 40 տարիներին: Սադամյան Իրաքը, որ Իսրայելի համար առաջին կենսական թշնամին էր, պարտվեց: 2-րդ իրական վտանգն Իրանն է: Ինչպե՞ս պետք է «ժողովրդավարացվի» այդ երկիրը` ներսի՞ց, թե՞ արտաքին գործոնների պարտադրմամբ, ինչի համար դոշ են ծեծում Եվրոպայում ու Վաշինգտոնում, պարզ չէ. պարզ չեն նաև իրանական ընդդիմության ֆինանսական աղբյուրները: Թեև 21-րդ դարում ժողովրդավարացման ալիքը դժվար է պատկերացնել առանց արտաքին միջամտության, այսուհանդերձ, միայն հարգանքի է արժանի այն ղեկավարը, ով, չծախվելով օտար շահերին, փորձում է երկիրը փոխել ներսից` ներքին ներուժով բարեփոխումներ իրականացնելով:

Դիտվել է 1942 անգամ:
Print Friendly

Leave a Reply