Ցմահ ազատազրկում` սպանության համար

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 2, 2010 12:34

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել 2009թ. հունիսի 3-ին Կոտայքի մարզի Նոր Գյուղ համայնքի Հասոյան ընտանիքի 4 անդամներին սպանելու համար Ալֆրեդ եւ Ժուլվեր Հովհաննիսյաններին նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքները եւ դատապարտել ցմահ ազատազրկման:

Դատարանը հավաստի է համարել մեղադրող դատախազների կողմից ներկայացված ապացույցները առ այն, որ Ալֆրեդ եւ Ժուլվեր Հովհաննիսյանները Մ. Հասոյանի տունը գնելու կեղծ պատրվակով մտել են վերջինիս տուն, որտեղ այդ պահին բացի Մ. Հասոյանից եղել են նաեւ նրա կինը, աղջիկը եւ թոռը, ապա առանձնակի դաժանությամբ` դանակի բազմակի հարվածներով, սպանել ընտանիքի` տանը գտնվող բոլոր անդամներին:

Այսպես` 2009թ. մայիսի վերջին Ժ. Հովհաննիսյանը Երեւան քաղաքի Քոչար փողոցի անշարժ գույքի շուկայում ծանոթացել է Մ. Հասոյանի հետ: Վերջինս զրույցի ժամանակ ասել է, որ Կոտայքի մարզի Նոր Գյուղի իր տանը մոտ 30 000 ԱՄՆ դոլար գումար ունի: 2009թ. հունիսի 3-ին Ժուլվեր Հովհաննիսյանն իր եղբոր` Ալֆրեդ Հովհաննիսյանի հետ ոգելից խմիչքի ազդեցության տակ գնացել են Նոր Գյուղ` նախապես իրենց հետ վերցնելով դանակ եւ գործարանային արտադրության 8մմ տրամաչափի ձայնագազային ատրճանակ եւ կպչուն ժապավեն` ձեռքերն ու ոտքերը կապելու համար:
Առանձին խոսելու նպատակով Ժ. Հովհաննիսյանը Մ. Հասոյանի հետ դուրս է եկել բակ, անցել տան ետնամաս, որտեղ էլ դանակով բազմակի հարվածներ է հասցրել Մ. Հասոյանի կրծքավանդակին:

Վերջինիս սպանելուց հետո Ժ. Հովհաննիսյանը մտել է տուն, փակել տան դուռը եւ դանակի ու ձայնագազային ատրճանակի գործադրման սպառնալիքով տան մյուս անդամներից պահանջել իրենց տալ տանը եղած ոսկեղենն ու փողը: Այնուհետեւ Հովհաննիսյան եղբայրները, դանակի բազմակի հարվածներ հասցնելով, սպանել են Մ. Հասոյանի աղջկան` Ն. Հասոյանին, իսկ հետո` կնոջից տեղեկանալով ոսկեղենի ու փողի գտնվելու վայրի մասին, սպանել են նաեւ նրա կնոջը եւ 13-ամյա թոռանը:

Այդ ամենից հետո Ժուլվեր եւ Ալֆրեդ Հովհաննիսյանները, վերցնելով հափշտակած առանձնապես խոշոր չափերի հասնող 7 670 000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերը, բջջային հեռախոսները եւ այլ գույք, հեռացել են: Հաջորդ օրը ոսկյա զարդերը Հովհաննիսյան եղբայրները վաճառել են Երեւան քաղաքի Մ. Խորենացու փողոցի ոսկու շուկայում եւ վաճառքից գոյացած 370 ԱՄՆ դոլարը գումարն ու 220 000 ՀՀ դրամը բաժանել իրար մեջ:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաեւ, որ Ժուլվեր Հովհաննիսյանը 1992-1993թթ ընթացքում ապօրինի կերպով ձեռք է բերել եւ իր տանը ապօրինի պահել ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության 2 հատ մարտական փամփուշտ, իսկ Ալֆրեդ Հովհաննիսյանը 2008թ. ապօրինի կերպով ձեռք է բերել եւ իր տանը ապօրինի պահել ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության 5 հատ մարտական փամփուշտ: Նշված փամփուշտները հայտնաբերվել են Հովհաննիսյանների տներում կատարված խուզարկությունների ժամանակ:

Նշված հանցավոր արարքները կատարելու համար Ժուլվեր եւ Ալֆրեդ Հովհաննիսյանները հանցավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով եւ դատապարտվել ցմահ ազատազրկման:

Այս մասին տեն նաև այստեղ

Դիտվել է 1267 անգամ:
Print Friendly

Leave a Reply