Կույր Կառլեն պապն ընտրեց իր «հարազատին»` Սերժ Սարգսյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 18, 2013 16:28

4/9 ընտրատեղամասում ժամը 16:00-ի դրությամբ 18 կույր ընտրող է քվեարկել: Հանձնաժողովի նախագահի խոսքով` նրանք քվեախցիկ են մտել ուղեկցողի հետ միասին և ընտրել հատուկ նրանց համար նախատեսված  Բրայլյան այբուբենով քվեաթերթիկի միջոցով:

Թոշակառու Կառլեն Ղազարյանը նույնպես կույր է: Նա ընտրատեղամաս էր եկել կնոջ ուղեկցությամբ և նրա օգնությամբ էլ կատարեց իր քվեարկությունը:

Նշենք, որ պարոն Կառլենը բավականին լարված էր և չէր ցանկանում պատասխանել որևէ հարցի: Նրա փոխարեն պատասխանում էր կինը. “Ասում ա` ես էլ ընտրեմ, ես էլ եմ մարդ, կենդանի մարդ եմ,-նրա փոխարեն պատասխանում էր կինը:

Երբ խնդրեցի, որ Կառեն պապն ինքն ասի, թե ինչով է կարևորում ընտրություններին մասնակցելը, կինը դիմեց նրան. “Ասա, էլի, Կառլեն…”: “Ի՞նչ ասեմ…”,-ասաց ամուսինն ու բարկացած կրկնեց կնոջ խոսքերը,- ես էլ եմ կենդանի, ժիվոյ, կենդանի մարդ, ուզում եմ ընտրեմ”:

Այնուհետև Կառլեն Ղազարյանից հետաքրքրվեցի, թե ինչ ակնկալիքներ ունի այս ընտրություններից, բայց նա ավելի բարկացավ. “Այ բալամ, ինչ ըլնի, իրանց համար կլնի, մե՞զ ինչ: Աստված իրանց երկար կյանք տա, բայց ինչ անում են` իրանց համար են անում”:

Կառլեն պապի կինը փորձեց մեղմել իրավիճակը. “Ով որ երկիրը շենացրել է այս հինգ տարում, նա էլ կշարունակի շենացնել”: Նա իր ձայնը տվել էր Սերժ Սարգսյանին: Ինչ վերաբերում է ամուսնուն, ապա կինը խոստովանեց, որ այս հարցում նրանք տարակարծիք են. “Ինքն ուրիշին ա ընտրել”,-ասաց նա:

Երբ Կառլեն պապին հարցրի, թե ու՞մ օգտին է քվեարկել, ասաց. “Իմ հարազատի` Սերժի…”:

 

 

 

 

Դիտվել է 818 անգամ:
Print Friendly

Leave a Reply