Եթե այսպես շարունակվի, պետք կլինի լքել Ադրբեջանը. Էքրեմ Էյլիսլի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 18, 2013 15:13

Վերջերս մեծ աղմուկ հանած ադրբեջանցի գրող Էքրեմ Էյլիսլին, որը մեղադրվում է երկրի պատմության խեղաթյուրման մեջ և նրա ականջի, արդեն նաև գլխի համար Ադրբեջանում պարգևավճար են խոստանում, զրուցել է ռուսական «Взгляд» թերթի լրագրողի հետ: «Ակոսը», պարբերաբար լուսաբանելով գրողի շուրջ ծավալված իրադարձությունները, ներկայացնում է նաև վերոնշյալ հարցազրույցը:

Ձեր մասին ամեն օր ավելի խիստ հայտարարություններ են  արվում: Կարո՞ղ եք գնահատել այն դրությունը, որի մեջ հայտնվել եք:

Պետական հեռուստատեսությունը հեռարձակեց այն տեսարանները, թե ինչպես են մարդիկ այրում իմ գրքերը: Նախկին զինծառայողներ էկրանի առաջ ինձ հայրենիքի դավաճան էին անվանում: Չգիտեմ, թե վաղն ինչ կարող եմ տեսնել: Արդեն չգիտեմ, թե որտեղ եմ ապրում: Կնոջս և որդուս աշխատանքից հեռացրել են: Ի՞նչ կարող եմ անել որ: Նրանք նույնիսկ չեն ուզում լսել, թե ինչ եմ ասում:

Ժամանակակից Մուսավաթ կուսակցության նախագահ Հաֆըզ Հաջիևի կողմից էլ բռնության կոչեր հնչեցվեցին:

Նրանցով պետք է արդարադատությունը զբաղվի: Ես նպատակ չունեմ պատասխան տալու նման մարդկանց:

Հայկական լրատվական գործակալությունները Ձեր պատմվածքը ջերմությամբ ընդունեցին, ստեղծագործության մեջ զղջում, ափսոսանք են տեսնում:

Ես էլ ճիշտ այդպես եմ տեսնում: Ռուս գրաքննադատ Լև Անիսկին նույնպես այն գնահատում է որպես մի զղջում և ափսոսանք:

Ի՞նչ եք մտածում Ձեզ պաշտպանող Բորիս Ագունինին ադրբեջանցի ժողովրդական գրող Ջենգիզ Աբդուլաևի տված պատասխանի մասին:

Կարդացի, գիրքս այնպես էր ցեխի մեջ գցել որ, ավելի լավ կլիներ այրեր: Գրել էր, որ ես դեմ եմ ռուս գրողներին, ազգայնական եմ: Ի՞նչ անեմ, ոչ ոքի բերանը չեմ կարող փակել:

Եթե զարգացումները վտանգավոր դառնան, արդյո՞ք մտածում եք երկրից հեռանալու մասին:

Եթե թթվածին չկարողանամ գտնել, կարող եմ ստիպված լինել լքելու իմ շատ սիրելի երկիրը:

Եթե իմանայիք, որ նման հետևանքներ կլինեն, արդյո՞ք կրկին կհրատարակեիք այս պատմվածքը:

Այսպիսի արձագանքի չէի սպասում, սակայն չեմ ափսոսում: Սա էլ կյանքի մի մասն է: Նրանք սպասում են, որ կհայտարարեմ իմ զղջման մասին: Սակայն ես կարծում եմ, որ չեմ ստորացրել իմ ժողովրդին, այլ ընդհակառակը՝ բարձրացրել եմ:

Գրքում պատմվածները ճշմարտությու՞ն են:

Ամեն ինչ ամբողջությամբ ճշմարտություն է: Պատմածներս տեղի են ունեցել մի գյուղում: Նպատակս ի՞նչ կարող էր լինել որ: Հայերին օգտակար լինե՞լը: Սա անկարգություն է, և ոչ մի պատվավոր գրող այդպիսի բան չի անի:

Դիտվել է 833 անգամ:
Print Friendly

Leave a Reply