Քաղաքացիների անձնագրային տվյալների գրանցման մասին ահազանգը չի հիմնավորվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 16, 2013 16:42

Աշտարակ քաղաքի էլեկտրացանցում կազմակերպվող ստորագրահավաքների և քաղաքացիների անձնագրային տվյալների գրանցման մասին ահազանգի կապակցությամբ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով: Նյութերը նախապատրաստվել էին ՀՀ Նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի ամփոփագրի հիման վրա:

Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնում նախապատրաստված նյութերով ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի` ամփոփագրում նշված փաստերը Աշտարակ քաղաքի էլեկտրացանցում կազմակերպվող ստորագրահավաքների և քաղաքացիների անձնագրային տվյալների գրանցման մասին չեն հիմնավորվել:

ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի` 2013թ. հունվարի 21-ին, ժամը 09:30-ին ամփոփագրում արձանագրվել էր, որ Աշտարակ քաղաքի էլեկտրացանցում կազմակերպվում են ստորագրահավաքներ` գրանցելով քաղաքացիների անձնագրային տվյալները:

Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով բացատրություններ են տվել «Աշտարակի էլեկտրացանց» ՓԲԸ-ի մի շարք պաշտոնատար անձինք ու աշխատակիցներ և հայտնել, որ իրենց կողմից ինչպես բաժանորդներից, այնպես էլ անհատ քաղաքացիներից առաջիկա ՀՀ նախագահական ընտրությունների հետ կապված երբևէ ստորագրահավաքներ չեն կազմակերպվել և անձնագրային տվյալներ չեն վերցվել: Նախագահի թեկնածուներից որևէ մեկի օգտին քվեարկելու վերաբերյալ բաժանորդներին կամ անհատ քաղաքացիներին առաջարկ, պահանջ մինչ օրս չի եղել: Ամփոփագրում նշված փաստերը չեն համապատասխանում իրականությանը, իսկ թե դրանք ում կողմից են ներկայացվել ու ինչ նպատակով, իրենց անհայտ է։

Նյութերով բացատրություն է տվել նաև «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակի գործավարուհի Մերի Մաթևոսյանն այն մասին, որ 2013թ. հունվարի 21-ից իրենց շտաբը տարբեր քաղաքացիներից ստացել է նախագահական ընտրությունների հետ կապված ահազանգեր, որոնք իրենց իրավաբանների կողմից ստուգվել և համապատասխան ընթացք են տրվել:

2013թ. հունվարի 21-ին` ժամը 09:30-ին, իրենց կենտրոնական շտաբում առկա հեռախոսահամարի վրա փակ հեռախոսահամարից, անհայտ, իգական սեռի քաղաքացուհու կողմից ահազանգ է ստացվել, որով վերջինս անձամբ իրեն հայտնել է, որ «Աշտարակի էլեկտրացանց»-ում կազմակերպվում է ստորագրահավաք՝ գրանցելով քաղաքացիների անձնագրային տվյալները:

Ստացված ահազանգն իր կողմից գրանցվել է և ստուգման համար հանձնվել գրասենյակի իրավաբաններին: Իրենք փորձել են ճշտել ահազանգող քաղաքացուհու ինքնությունը, սակայն արդյունքի չհասնելով` որոշել են և իրենց ինտերնետային կայքից հանել են այդ տեղեկությունը, քանի որ նմանատիպ կեղծ ահազանգեր իրենք բազմիցս ստացել են և անիմաստ են համարել դրա վրա անտեղի ժամանակ վատնելը:

Միաժամանակ ինքը, հանդիսանալով Աշտարակ քաղաքի բնակչուհի, նման կարգի տեղեկություն երբևիցե չի ստացել ու չի լսել: Թե ում կողմից է տրվել վերը նշված ապատեղեկատվությունը և ինչ նպատակով, իրեն անհայտ է:

«Փաստինֆո»

Դիտվել է 623 անգամ:
Print Friendly

Leave a Reply