Անատոլիայի «ծպտյալ» հայերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | February 16, 2013 15:51

Թուրքիայում շրջած արգենտինահայ լրագրող Ավետիս Հադիջյանի հեղինակած «Թուրքիայում ծպտյալ հայերի ոտնահետքերը» հոդվածը հրապարակվել է արգենտինական մամուլում: Լրագրողը պատմում է, որ Անատոլիայում և Ստամբուլում իրենց ինքնությունը թաքցնելով հայկական արմատներով քաղաքացիներ են շարունակում ապրել, որոնց թիվը հարյուր հազարներ կարելի է հաշվել: Հադիջյանը, ով շրջել է Ստամբուլում, Ամասիայում, Դիարբեքիրում, Բաթմանում, Թունջելիում և Մուշում, իր ճանապարհորդությունը սկսվել է Ստամբուլի Քուրթուլուշ թաղամասից:
Թուրքական «Radikal»-ը, վկայակոչելով հեղինակի հոդվածը, գրում է, որ Թուրքիայի արևելյան շրջաններում արդեն մեկ դար է, ինչ ինքնությունը թաքցրած հայեր են ապրում: Նրանք, յուրացնելով իսլամի սունիական կամ ալևիական ուղղությունները, ապրում են թուրքական կամ քրդական ինքնության տակ: Դրա հետ մեկտեղ, օրինակ Բաթմանի նահանգի Սասունի շրջանում հայության փոքրիկ մի խումբ շարունակում է պահպանել քրիստոնեությունը: Հադիջյանը, ընգծելով, որ ծպտյալ հայերի ստույգ թիվը ոչ ոք չի կարող ասել, նշում է, թե ինչպես է ականատես եղել, որ նրանցից շատերը վախենում են բացահայտ ցույց տալ իրենց հայկական ինքնությունը: «Թուրքիան հայերի համար դեռևս վտանգավոր մի տեղ է»,-նշել է Պալուլու անունով ծպտյալ մի հայ:
Տարբեր ինքնությունների տակ ապրող ծպտյալ հայերը խուսափում են հայ հայրենակիցների հետ շփման մեջ մտնելուց: Ծպտյալ հայերի մի մասը, չնայած այն հանգամանքին, որ նրանք ընդունում են իրենց պապերի կամ նախնիների հայ լինելը, իսկ ոմանք էլ ժխտում են իրենց իրական ինքնությունը, երբ թուրք և քուրդ հարևանները նրանց հայ կամ գյավուր են անվանում, իրենց երեխաներից թաքվնում են այդ ճշմարտությունը:
Հադիջյանը նշելով, որ բոլորովին հեշտ չէ որևէ մեկին պատմել քո հայկական ինքնության մասին, տարբեր օրինակներ է բերում: Ռաֆաել Ալթընջըն, ով Ամասիայի վերջին հայն էր հանդիսանում և մեծացել էր որպես քրիստոնյա ու Հարնտ Դինքի հետ նույն դպրոցը ավարտել, մուսուլման դառնալով և թուրք մի աղջկա հետ ամուսնանալով իր աղջկան էլ որպես թուրք է մեծացնում: Մուշի գյուղերից մեկում բնակվող Ժազո Ուզալը խոստովանել է, որ ձմռանը լինելով Ստամբուլում եկեղեցի է հաճախում, իսկ ամռանը գյուղ վերադառնալով պահք է պահում, և մուսուլմանական պաշտամունքային սովորույթներով ապրում:
Դիարբեքիրցի Մեհմեդ Արքանը մինչև յոթ տարեկանը չի իմացել, որ հայկական ընտանիքում է ապրում: «Դեռ տասը տարի առաջ բոլորից թաքցնում էինք մեր ինքնությունը, սակայն հիմա Դիարբեքիրում հայ լինելը վտանգավոր չէ»,-պատմել է Մեհմեդը, օրինակ բերելով Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգումը: Արքանը ասել է, որ սունի լինելով և նամազ անելով իրեն ավելի քիչ է հայ զգում:
Երբեմն թաքցրած հայկական ինքնությունը անսպասելի շրջադարձ է ունենում: Օրինակ 1915 թվականին փրկված Բալուի շրջանի Բագին գյուղում Օգասյան աշիրեթը (ցեղախումբ), գաղթելով Ամերիկա, բնակություն է հաստատում Ռոդ կղզում: Գրիգոր անունով հայ երեխային, ում ընտանիքին փախցրել էր քուրդ ցեղապետը, մի աղա ամուսնացնում է որբ մնացած փոքրիկ Զերմանի հետ: Նրանք երկուսն էլ մեծանում են Բալուի գյուղերից մեկում, իսլամ են ընդունում, թուրքական անուններ վերցնում, նույնիսկ միասին հաջի՝ ուխտի են գնում: Տարիներ անց Գրիգորի և Զերմանի բարեկամները ԱՄՆ-ից կարողանում են կապ հաստատել նրանց հետ: Հիմա Գրիգորի և Զերմանի թոռներից մեկը Հարփութում իմամ է, իսկ երկրորդ սերնդի նրանց զարմիկները արքեպիսկոպոս են Նյու Յորքի հայկական եկեղեցում:
Հադիջյանը պատմել է նաև Սասունում տեղի ունեցած մի դեպքի մասին: Ռաման սար ուխտի գնացող հայերի խմբի մեջ նա 6-7 տարեկան մի աղջկա է հանդիպել: Երեխայի մեջքին սպիտակ փոքր պարկ է եղել, որը քամու ազդեցությամբ շրջվել է: Լրագրողը պարկի հակառակ կողմում պատկերված խաչը տեսնելով՝ մոտեցել է երեխային, որպեսզի լուսանկարի այն: Երեխան թույլ չի տվել նկարել և դեմքը ծածկել է: «Հա՞յ ես, ընտանիքումդ հայեր կա՞ն» հարցին աղջիկը պատասխանել է՝ «Մենք մուսուլման ենք»:
Սրանք միայն մի քանիսն են այն բազմաթիվ պատմություններից, որոնք ունեն Անատոլիայի ծպտյալ հայերը: Նրանցից ոմանք իրենց սրտերում դեռ լսում են հայկական ինքնության անձայն կանչը, իսկ ոմանք էլ արդեն վաղուց մոռացել և ջնջել են իրենց ինքնագիտակցությունից հայկականության նշույլները՝ դառնալով մուսուլման, ապրելով որպես թուրք, քուրդ:

Դիտվել է 1058 անգամ:
Print Friendly

Leave a Reply