Վարդան Մինասյան . «Հետևելու եմ թե ակումբներին, թե առանձին ֆուտբոլիստների, նաև Ժորա Հովհաննիսյանի խաղին»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 16, 2013 13:56

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այս օրերին Անթալիայում է, որտեղ մարզական հավաք են անցկացնում նաև հայկական 5 ակումբներ՝ «Փյունիկը», «Գանձասարը», «Շիրակը», Ուլիսը» և «Ալաշկերտը»: Այսօրվանից Անթալիայում  մարզական հավաք է անցկացնում նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ Դոնեցկի «Շախտյորը»: ՀՖՖ պաշտոնական կայքին Վարդան Մինասյանը հայտնել է մարզական հավաքների և ազգային հավաքականի թեկնածուների վերաբերյալ.

«Առայժմ դիտել եմ 3 ակումբների՝ «Փյունիկի», «Գանձասարի» և «Ուլիսի» մասնակցությամբ հանդիպումները: Տպավորությունը միանշանակ չէ, քանի որ նախապատրաստական փուլը դեռ չի ավարտվել,  թիմերն իրենց լավագույն մարզավիճակին չեն հասել: Ինչպես  ծրագրել էինք, հետևել ենք «Գանձասարի» ձախ պաշտպան Արթուր Ավագյանին: Տպավորությունը, ընդհանուր առմամբ, վատ չէ  և հնարավոր է՝ նրան հրավիրենք ազգային հավաքականի մոտակա մարզական հավաքին: Նախատեսում եմ դիտել նաև արտասահմանյան այն թիմերի հանդիպումները, որտեղ խաղում են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները: Մասնավորապես, դիտելու եմ «Կուբանի» և Մոսկվայի «Դինամոյի» հանդիպումները, ինչպես նաև Տաշքենդի «Պախտակորի» մասնակցությամբ հանդիպումը, որտեղ հանդես է գալիս Ժորա Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է Միխայիլ Մարկոսովին, ապա, ինչպես գիտեք, երեկ նրա թիմը՝ «Ուֆան» Կիպրոսում մրցել է «Միկայի» հետ: Իմ խնդրանքով, «Միկայի» մարզիչներն ուշադրությամբ հետևել են նրա խաղին և անհրաժեշտ տեղեկություններ կհաղորդեն ինձ: Սակայն նա անցկացրել է ընդամենը մեկ խաղակես, ինչը շատ քիչ է լիարժեք տպավորություն կազմելու համար, ուստի այսօր կայանալիք «Բանանց»-«Ուֆա» մրցավեճում նրան կհետևեն նաև «Բանանցի» մարզիչները»:

Դիտվել է 709 անգամ:
Print Friendly

Leave a Reply