Էլմար Մամեդյարով. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի փուլային տարբերակով»
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | աշխարհ | April 2, 2010 4:37
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Քրիստիան Բաթային ու Ռոլան Բլումին:
Քննարկումների հիմնական թեման եղել է ղարաբաղյան հակամարտությունը. այս մասին հաղորդում է ադրբեջանական АПА գործակալությունը` հղում անելով Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությանը:
Նշելով, որ «Հայաստանը օկուպացրել է ադրբեջանական հողերը և կոպիտ կերպով խախտել միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները», Մամեդյարովը հայտարարել է, որ «հակամարտության լուծման համար, առաջին հերթին, անհրաժեշտ է չեզոքացնել օկուպացիայի հետևանքները»:
Դրա լուծում տեսնելով փուլային տարբերակով հակամարտության կարգավորման հրամայականը, Ադրբեջանի արտգործնախարարը հաղորդել է, որ «անհրաժեշտ է սկզբից դուրս բերել Հայաստանի Զինված ուժերի զորքերը, այդ տարածքներում նորմալ կենսապայմաններ ստեղծել, բացել հաղորդակցային ուղիները, ապահովել Ներքին տեղահանված անձանց վերադարձը իրենց հայրենական հողերը և վերջում սահմանել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»:
Մամեդյարովը նշել է, որ «միայն այս եղանակով հնարավոր կլինի տարածաշրջանւմ շարունակական խաղաղություն ու կայունություն ապահովել»:
Դրան ի պատասխան, ֆրանսիացի պատգամավորները հույս են հայտնել ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման վերաբերյալ և նշել այդ ուղղությամբ միջազգային ջանքերի ավելացման կարևորության մասին:






Facebook
Tweet This
Email This Post
