Լեհաստանը հերքել է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 19, 2009 18:44

lehԱդրբեջանական էլեկտրոնային ԶԼՄ-ները հաղորդել են, թե իբր հունիսի 16-17-ին Բաքվում գտնվող Լեհաստանի Հանրապետության Սեյմի պատգամավորական խմբի փոխնախագահ լեհ պատգամավոր Վյեսլավ Վոդան ասել է, թե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Լեհաստանը միանշանակ պաշտպանում է Ադրբեջանին և ճանաչում երկրի տարածքային ամբողջականությունը:

Ավելին, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Ժողովրդական կուսակցության անդամ լեհ պատգամավորը, այցելելով Գուբայում գտնվող այսպես կոչված «զանգվածային գերեզմանը» ասել է. «Ես ցնցված եմ տեսածից: Չեմ պատկերացնում, թե որքան պետք է մարդը լինի դաժան, որպեսզի խոշտանգի խաղաղ ազգաբնակչությանը: Գուբայի գերեզմանոցը պետք է պահպանել և ցուցադրել ամբողջ աշխարհին: Անհրաժեշտ է միջազգային իրավական գնահատական տալ հայերի վայրագություններին»:

Վերոհիշյալի վերաբերյալ, ի պատասխան Լեհաստանում ՀՀ դեսպանության հարցմանը, Լեհաստանի Արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտնել է, որ այդ հրապարակումներում տեղ գտած փաստերն անհիմն են ու ստահոդ: Լեհաստանի ԱԳՆ-ից ասել են, որ ադրբեջանական կողմի վերջին ժամանակների բազմաթիվ չակերտավոր քարոզչական հնարքներն այս անգամ անցան բոլոր հնարավոր սահմանները:

Հաղորդվում Է նաև, որ Լեհաստանի ԱԳՆ-ը հանձնարարել է Ադրբեջանում Լեհաստանի դեսպանին հայտնել լեհական կողմի պաշտոնական բողոքը և պարզաբանումներ պահանջել:

Լեհ քաղաքական գործչին վերագրվող հակահայկական հայտարարությունների վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու նպատակով այսօր Լեհաստանում ՀՀ դեսպանը հեռախոսազրույց Է ունեցել կառավարող դաշինքի անդամ, Ժողովրդական կուսակցության նախագահ, Լեհաստանի փոխվարչապետ Վալդեմար Պավլյակի հետ, որն իր խորին ափսոսանքն Է հայտնել սադրանքի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ դեսպան Գալոյանը ԼՀ Սեյմում առանձնազրույց Է ունեցել Ժողովրդական կուսակցության պատգամավորական խմբակցության ղեկավար Ստանիսլավ Ժելիխովսկու հետ: Ժելիխովսկին իր տարակուսանքն Է հայտնել պատգամավոր Վոդայի շուրջ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ստահոդ տեղեկատվության համար: Ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավարն ընգծել Է, որ արտաքին հարաբերություններում պատգամավոր Վյեսլավ Վոդայի ազնվությունը ի չարս է օգտագործվել Ադրբեջանի քարոզչամեքենայի կողմից:

Իր ստացված պարզաբանումների համաձայն` Վյեսլավ Վոդան տեղեկացված չի եղել այցելած գերեզմանոցի վերաբերյալ և նրա` այնտեղ գտնվելու փաստն օգտագործվել է հակահայկական քարոզչության նպատակով:

ԼՀ Սեյմում ՀՀ դեսպանը հանդիպել Է նաև Սեյմի նորընտիր փոխմարշալ Եվա Կյերժկովսկայի հետ, որը նույնպես ներկայացնում է Լեհաստանի Ժողովրդական կուսակցությունը: Կյերժկովսկան նույնպես իր ափսոսանքն Է հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ` համոզված լինելով, որ նման սադրանքները չեն խոչնդոտի հայ և լեհ ժողովրդների բարեկամությանը:

Դիտվել է 1125 անգամ:
Print Friendly

Leave a Reply