Հայտնի են դարձել Հրանտ Դինքի սպանության գործով գաղտնի վկայի ցուցմունքի մանրամասները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 15, 2013 12:54

Ինչպես արդեն հաղորդել էինք՝ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը նոր ընթացք է ստացել, քանի որ օրերս դատարանը ստացել էր գաղտնի վկայի ցուցմունքները գործի վերաբերյալ: Վկան շտապ կերպով Ստամբուլ էր ուղարկվել Թոքաթի ծանր հանցագործությունների դատարանի կողմից այն բանից հետո, երբ ստացվել էր վկայի խոստովանական նամակը: Նշվում է, որ Դինքի գործը քննող դատախազ Մուամմեր Աքքաշը, որոշում ընդունելով վկայի և նրա ընտանիքի անվտանգության ապահովման մասին, հարցաքննություն է անցկացրել և լսել վկայի ցուցմունքը:

«Anadolu» գործակալությունը գրում է, որ հայտնի է դարձել Դինքի սպանության պլանավորմանը գաղտնի վկայի մասնակցության մասին: Վերջինս դատախազին նաև մի քանի անուններ է ասել, որոնց թվում մի շարք զինվորական և քաղաքացիական անձանց  անուններ էլ կան:

Թեմայի առնչությամբ «Radikal»-ը հաղորդում է, որ վկայի տված ցուցմունքի համաձայն Դինքի սպանությունը պետք է ինքը և Էրհան Թունջելը իրականացնեին, սակայն այնուհետև նրանց ուղարկել են Ստամբուլի Büyükada կղզի հույն հոգևորականի սպանելու նպատակով: Վկան պատմել է նաև, որ այն զենքը, որը իրեն տվել էին Դինքին սպանելու համար, նա այլ հանցագործության համար էր կիրառել, սակայն Օգյուն Սամատին տրված զենքը ճիշտ նույնպիսին էր եղել և նույն մարդու կողմից էր պատրաստվել: Հետաքրքրական է, որ խոսելով Դինքի սպանության նպատակի մասին վկան ասել է. «Դրա նպատակը փոքրամասնություններին և Թուրքիայի Հանրապետությանը վնասող, այս երկրի հացը ուտող դավաճաններին,  թուրքերի թշնամիներին մեսիջ հասցնելն էր»:

Ցուցմունքից ստացված տեղեկություններն ու անունները քննության տակ են առնվել, նախատեսվում է վկային ավելի խորությամբ հարցաքննել:

Դիտվել է 1334 անգամ:
Print Friendly

Leave a Reply