Արձանագրվել է 2,9 տոկոս գնաճ` 3 ամսում
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 1, 2010 17:51
«Պետք է արձանագրենք, որ 2009 թ. մեր իրականացրած հակաճգնաժամային միջոցառումները արդեն իսկ ցույց են տալիս իրենց դրական ազդեցությունը տնտեսության վրա։ Առաջին երկու ամիսների համախառն ներքին արդյունքի պաշտոնական ցուցանիշը 2.5 անգամ գերազանցում է ծրագրայինը։ Դա տեղի է ունեցել հարկաբյուջետային եւ դրամավարկային ընդլայնողական քաղաքականության ազդեցությամբ»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր տեղի ունեցած Կառավարության նիստում։
Սարգսյանը կարևորել է, որ առաջին եռամսյակում արձանագրվել է աշխատավարձի շուրջ 5.8 տոկոս աճ: Բացի այդ` 16 տոկոս ներմուծման դիմաց շուրջ 53 տոկոս աճել է արտահանումը։ Այն պայմանավորված է արդյունաբերության աճի տեմպերով. լեռնահումքային արդյունաբերությունը աճել է 45, մշակող արդյունաբերությունը` 9 տոկոսով, շինանյութի արտադրությունը կրկնապատկվել է։ Ադամանդագործությունը եւ ոսկերչությունը աճի բարձր տեմպեր են դրսեւորել, ադամանդագործությունը 39, ոսկերչությունը` 25, դեղագործությունը` 16 տոկոս։
Վարչապետը մտահոգիչ խնդիր է համարել գնաճի բարձր մակարդակը. «Մենք մտել ենք գնաճային բարձր մակարդակի փուլ, որը պայմանավորված է նաեւ հարկաբյուջետային եւ դրամավարկային ընդլայնողական քաղաքականությամբ, եւ դա բնական է, որովհետեւ ընդլայնողական քաղաքականությունը մի կողմից խթանում է տնտեսական աճը, բայց մյուս կողմից բերում է գնաճային ճնշումներ։ Ե՛վ կառավարության, ե՛ւ Կենտրոնական բանկի գերագույն խնդիրը այս ոլորտում լինելու է գնաճի ճնշումը զսպելու միջոցառումներ իրականացնել։ Մարտին փետրվարի նկատմամբ մենք արձանագրել ենք 0.8 տոկոս գնաճ, որը վատ ցուցանիշ չէ նախորդ երկու ամիսների համեմատ, իսկ ընդհանուր առմամբ մարտին դեկտեմբերի համեմատ ունենք 2.9 տոկոս գնաճ։ Եթե վերցնենք տարվա գնաճի ցուցանիշը, ապա այն ավելի բարձր է` 8.8 տոկոս։ Այսօրվա գնահատականով եւ Կենտրոնական բանկի կանխատեսումով մինչեւ տարեվերջ մեզ կհաջողվի փոքր-ինչ զսպել գնաճը եւ բնականաբար այս ցուցանիշները կնվազեն»։
Սարգսյանն ասել է, որ տնտեսական աճի ապահովման եւ գնաճի զսպման համար չափազանց կարեւոր է տնտեսվարող սուբյեկտների եւ քաղաքացիների սպասումները։ «Մենք վստահ ենք, որ առաջիկա ամիսների ընթացքում կարձանագրվի գնաճի նահանջ, եւ մեր ունեցած 8.8 տոկոսը կհաջողվի տարվա ընթացքում նվազեցնել»,- ասել է Սարգսյանը։
Գործադիրն այսօրվա նիստում փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը, ինչի արդյունքում այսուհետեւ իրավախախտում կատարած հետիոտնից կամ ուղեւորից նույնպես, ինչպես եւ վարորդից, հնարավոր է դարձել տեղում գանձել նշանակված տուգանքը։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ոստիկանապետից տեղեկանալով, որ վերջերս Իրանի քաղաքացիների մեծ հոսքի պայմաններում հասարակական կարգի լուրջ խախտումներ չեն արձանագրվել, նշել է հարեւան երկրից զբոսաշրջիկների թվի ավելացման կարեւորությունը։ «Պետք է աշխատանքն այնպես կազմակերպել, որ սահմանային անցակետում հերթ չառաջանա, որպեսզի մեր երկրի հյուրերը վայելեն պատկան մարմինների, մեր բնակչության բարյացակամ վերաբերմունքը», – ասել է վարչապետը։
ՀՀ կառավարությունը նաև որոշել է զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական, իսկ ՀՀ վարչատարածքային միավորումներում այդ աշխատանքի համակարգման նպատակով` մարզային (Երեւանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ, հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը։






Facebook
Tweet This
Email This Post
