ԵԱՀԿ-ն կբացի Լեռնային Ղարաբաղի օդանավակայանը. Մոդեստ Կոլերով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 15, 2013 11:05

Միջազգային զարգացումները քաղաքական նոր իրավիճակ են կանխատեսում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար: Ընդ որում` քաղաքական այդ նոր իրավիճակում Հայաստանն ու ԱՄՆ-ը նույն «թիմի» խաղացողներ են լինելու: Նման եզրահանգում է արել պատմական գիտությունների թեկնածու, ՌԴ առաջին դասի խորհրդական Մոդեստ Կոլերովը Rex գործակալության հրապարակած հոդվածում` վերլուծելով Աֆղանստանում, Իրանում, Թուրքիայում, Ադրբեջանում եւ Վրաստանում  տեղի ունեցող իրադարձությունների տրամաբանությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոդվածագիրը նշել է, որ ամերիկյան զորքերի դուրսբերումն Աֆղանստանից և «հետահմադինեժադական» Իրանի հետ ամերիկյան նոր որակի հարաբերությունների ձևավորումը ապագայում նոր օրակարգ են թելադրելու Հայաստանին, որտեղ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթելու ամենամեծ շանսերն ունի գործող նախագահ Սերժ Սարգսյանը: «Այս փոփոխությունների հանգուցալուծումը կարող է դառնալ Հայաստանի ներգրավումը Աֆղանստանից ամերիկյան զորքերի տարանցման գործողություններին: Այդ իսկ պատճառով Ստեփանակերտի օդանավակայանի բացումը, որ արկածախնդիր և պրովոկացիոն քայլ էր մի ժամանակ թվում, այլևս անհավանական չէ: Իսկ նոր Վրաստանն ու հին Ադրբեջանն այդ իմաստով վստահություն չեն ներշնչում»,-վերլուծում է Կոլերովը:

«Օդանավակայանի բացումը ոչ թե ուղղված է լինելու Ղարաբաղի անկախության ճանաչմանը, այլ Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմաքաղաքական հաղորդակցման անկախացմանը, ինչը հնարավորություն կընձեռի առավել հարմարավետություն ապահովել ԵԱՀԿ և քաղաքական դիտորդական առաքելությունների, ինչպես նաև խաղաղապահների տեղակայման համար: Ամենայն հավանականությամբ, ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչներն էլ կլինեն Ղարաբաղի օդանավակայան թռչող առաջին ինքաթիռի ուղևորները»,- նշել է հոդվածագիրը:

Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին եւ հիմնականում չվերթներ է ընդունել Երեւանից ու Բաքվից: 1992 թվականից օդանավակայանը մատնվել է պարապուրդի: 2008 թվականին սկսվել է օդանավակայանի նոր` գլխավոր մասնաշենքի կառուցումը, որը նման է թեւերը բացած արծվի: Ստեփանակերտի օդանավակայանի վերակառուցման եւ վերազինման աշխատանքների հենց սկզբից Ադրբեջանի իշխանությունները սպառնում էին, որ օդանավակայանի շահագործման դեպքում հարվածելու են քաղաքացիական օդանավերին: Ադրբեջանական այս հայտարարությունները դատապարտվեց միջազգային հանրության կողմից:

Դիտվել է 1228 անգամ:
Print Friendly

Leave a Reply