Կքննվեն գրադարաններից գողության գործով վերաքննիչ բողոքները

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | February 15, 2013 10:51

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արշակ Խաչատրյանի նախագահությամբ, փետրվարի 22-ին կքննի ՀՀ Ազգային և Երևանի պետական համալսարանի գրադարաններից առանձնապես խոշոր չափերի գողության գործով վերաքննիչ բողոքները:

Մեղադրող Աշոտ Նադոյանը միջնորդում է բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, 2012թ. դեկտեմբերի 26-ին կայացված   դատավճիռը՝   ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրյանների անվան գիտական գրադարանի հնատիպ, հազվագյուտ և արվեստի գրականության բաժնի նախկին վարիչ, առանձնապես խոշոր չափերի յուրացման ու վատնման մեջ մեղադրվող  Հասմիկ  Դուրգարյանի  պատժաչափի մասով՝   5 տարվա պայմանական ազատազրկման փոխարեն մեղադրողը միջնորդում է նրան դատապարտել 6 տարվա ազատազրկման` անձնական գույքի երկու երրորդ մասի բռնագրավմամբ:

Վրաստանի քաղաքացի, 10 տարվա ազատազրկման դատապարտված Վաժա Ազարիաշվիլին միջնորդում է առանձնապես խոշոր չափերի գողության մեղադրանքում իրեն արդարացնել, առանձնապես խոշոր չափերի գողության փորձը վերաորակել մի խումբ անձանց կողմից  նախնական համաձայնությամբ գողության նախապատրաստության, առանձնապես խոշոր չափերի յուրացման դրդելու մեղադրանքը վերաորակել ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելն ու իրացնելու և նշանակել համաչափ մեղմ պատիժ:
Պաշտոնեական անփութության համար 500.000 ՀՀ դրամի տուգանքի դատապարտված ոստիկան  Աբգար  Հովսեփյանը միջնորդում է իրեն  ճանաչել անմեղ և կայացնել արդարացման դատավճիռ, հակառակ պարագայում` սահմանել տուգանքի նվազագույն չափը,  ինչպես նաև ազատել դատական ծախսերից:

Առանձնապես խոշոր չափերի գողության փորձի համար 4 տարվա ազատազրկման դատապարտված  Կարեն  Հովհաննիսյանը և Վարդան Եղիազարյանը միջնորդում են գողության փորձը վերաորակել նախապատրաստության և  գործի վարույթը կարճել: Վերջինս այլ տարբերակներ էլ է նախատեսում՝ արարքը վերաորակել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողության փորձի  և նշանակել տուգանք, իսկ ազատազրկում նշանակելու դեպքում այն պայմանական չկիրառել կամ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակել:

Հեղինակ: 
«Փաստինֆո»
Դիտվել է 2102 անգամ:
Print Friendly

Leave a Reply