Նախընտրական հանդիպումներ Արագածոտնի մարզում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 14, 2013 21:51

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր Արագածոտնի մարզի Ապարան և Աշտարակ քաղաքներում ընտրողների հետ հանդիպումներով ավարտեց հանրապետության մարզերում քարոզարշավը, որը մեկնարկել էր Սյունիքից և նախընտրական ժամանակահատվածում ընդգրկել բոլոր մարզերը՝ վաթսունից ավելի գյուղական ու քաղաքային համայնքներ:

Սերժ Սարգսյանն այսօրվա հանդիպումների ժամանակ ընդգծել է, որ իր գործունեության ամբողջ ընթացքում երբևէ չի խուսափել իրեն հասանելիք պատասխանատվության բաժնից, անգամ ուրիշների սպասածից ավելին է ստանձնել և իրականացրել նախատեսած ծրագրերը: ՀՀ նախագահի թեկնածուն նշել է, որ այդ աշխատանքը մշտապես եղել է բոլորի աչքի առջև, ուստի ընտրողները կարող են շատ հանգիստ դատել և կայացնել իրենց որոշումը:

Սերժ Սարգսյանն Ապարանում կոչ է արել ընտրողներին՝ միավորել ջանքերը և միասին երկրում ամրապնդել օրինականությունը, լուծումներ տալ մեր պետության առաջընթացը խոչընդոտող խնդիրներին, շարունակել առողջապահության, կրթության և այլ բնագավառներում սկսված ծրագրերը, որոնք մարդկանց համար բարձրորակ և մատչելի ծառայություններ են երաշխավորում ամենուր՝ մայրաքաղաքից մինչև հանրապետության հեռավոր բնակավայրեր: «Ակնհայտ է, որ բոլորիս նպատակն է ապրել շատ ավելի լավ Հայաստանում: Մեր նպատակն է ունենալ ԱՊԱՀՈՎ Հայաստան: Իսկ ԱՊԱՀՈՎ է այն ՀԱՅԱՍՏԱՆԸ, որի կայունության, անվտանգության և զարգացման հիմքում իր ներկայի և ապագայի մեջ վստահ մարդն է»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը` ընտրողներին կոչ անելով հավատալ մեր պետության հեռանկարին՝ ապահով Հայաստանին, և վստահաբար գնալ ընտրության:

Դիտվել է 1962 անգամ:
Print Friendly

Leave a Reply