Չլդրանի հերոսամարտի 20-ամյա ոդիսականը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | February 18, 2013 15:36

 Փետրվարի 5-ը Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի բնակիչների համար սովորական օր չէ, գյուղի ազատագրման օրն է, իսկ այս տարին` առավել  անսովոր, քանզի արդեն 20 տարի է, ինչ գյուղը նորից է ծնվել: Եվ օրվա խորհուրդը գյուղի մեծ ու փոքր բնակիչներին գյուղամեջ` Արցախյան ազատամարտում նահատակված 23 չլդրանցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ էր հավաքել: Հաղթական տոնը բոլորինն էր, հաղթանակ, որ հեշտ  չտրվեց: Իսկ շնորհավորանքների պակաս չկար...

Չլդրանը Մարտակերտի հին գյուղերից է, շրջկենտրոնից 34 կմ հարավ-արևմուտք, և ըստ ավանդության` անվանումն առաջացել է Չալի եղբայրների անունից, որոնք իրենց կյանքն ամբողջությամբ նվիրել են գյուղին: Չլդրանն անչափ գեղեցիկ դիրք ունի: Չորս կողմից շրջապատված է թավ անտառներով ու բլուրներով: Առանձնանում է նաև իր տարածվածությամբ. գյուղի վեց թաղամասերը ծվարած են վեց բլուրների ստորոտներին:

Գյուղի` դեռևս 1990 թ. կազմավորված ինքնապաշտպանական ջոկատը աչքի է ընկել   ոչ միայն հարազատ գյուղի սահմանների պաշտպանությամբ, այլև միշտ  օգնության է հասել կարիք ունեցողներին: Այստեղ դաժան մարտեր են եղել, մահն ու կյանքն ասես քայլել են կողք կողքի, բայց հաղթել է մարդկային ոգին:

1992 թ. օգոստոս-սեպտեմբերին, երբ արդեն ընկել էին Շահումյանը, Մարտակերտի շրջանի Թարթառի ձորակի գրեթե բոլոր գյուղերը, այդ թվում նաև Խաչենի ձորակի Վաղուհաս գյուղը, թշնամին, ուժեղացնելով Մարտակերտի վրա ճնշումը, հասավ մինչև Կիչանի կամուրջը: Իսկ մինչ այդ` հուլիսի 16-ին, թշնամու ՍՈՒ-25  ինքնաթիռը հրետակոծեց Չլդրան, Դրմբոն և Մեհմանա  գյուղերը: Չլդրանում, Կիչանում իրավիճակն առանձնապես խաղաղ չէր, բայց ինքնապաշտպաններն ամրացել էին Կիչան, Սրխավենդ, Մեհմանա գյուղերի բարձունքներում, որպեսզի այնտեղից անառիկ պահեին հարազատ գյուղերի սահմանները: Ու մեկ ամիս պահեցին: Բայց երբ թուրքն արդեն ոտնակոխ արեց Չլդրան-Կիչան ճանապարհը, պաշտպանական ջոկատները գյուղ վերադարձան: Նրանց, իհարկե, մենակ չթողեցին: Պատերազմի թեժ կետ հասան նաև հայաստանյան ջոկատները, «Արծիվ» գումարտակները: Իսկ շրջակա անտառներում կուտակվել էին Ստեփանակերտից եկած մի քանի խմբեր, ինչպես նաև Վալերի Բալայանի և բյուրականցի Հարութի ջոկատները: Թշնամին օգտագործում էր զենքի բոլոր տեսակները, ռմբակոծությունն ու պայթյուններն անվերջ ու անդադար էին: «Գրադ» կայանքը շարունակ նշանառության տակ էր պահում գյուղի լանջերը:

Մարտիկների առաջին գործը խրամատ փորելն էր, իսկ թշնամին գիտակցում էր, որ հայկական ջոկատների դիրքավորվելուց հետո իր խնդիրն ավելի է դժվարանալու, հետագա առաջխաղացումը ոչինչ չի տալու, բացի կենդանի ուժի և ռազմական ծանր տեխնիկայի կորուստներից, ինչն էլ օրեր անց իրականություն դարձավ: Սեպտեմբերի 3-ին «իքս» կործանիչ դասակի (հրամանատար Ալեքսանդր Թամանյան) անդամ  Գագիկ Գինոսյանը գյուղի գոմերի ճանապարհին խփում է թշնամու առաջին տանկը, իսկ երկրորդը` հաջորդը օրը, իրենց դիրքերից դեպի Դրմբոն տանող ճանապարհին: Այդ օրերին թշնամին ոչ միայն տեխնիկայի, այլև մարդկային զգալի  կորուստ ունեցավ: Ցավոք, մենք էլ անկորուստ չմնացինք: Արկի պայթյունից զոհվեցին թալիշցի  23-ամյա  Տիգրանը և Անդրանիկ Գրիգորյանը: Զոհեր եղան, բայց դիմացան:

Ինչպես Շահումյանում, այնպես էլ Չլդրանում և հարակից շատ գյուղերում թշնամու առաջխաղացումը ծանր կացության մեջ էր դրել նաև բնակչությանը: Ուստի հետագա զոհերից խուսափելու համար սեպտեմբերի 22-ին գյուղը թողեցին նաև չլդրանցիները, բայց հավատացած էին, որ դա ժամանակավոր է: Իսկ պաշտպանները գյուղի մատույցներում դիրքավորվել էին:

1992 թ. նոյեմբերի սկզբին պատերազմի թատերաբեմի դժվարին հատվածներից էր Առաջաձոր-Չլդրան ճակատային գիծը, իսկ արդեն նոյեմբերին դաժան մարտեր էին մղվում Ճիլոտ սարին տիրանալու համար, որը երկու կողմի համար էլ ռազմավարական կարևոր նշանակություն ուներ, քանի որ սարի թիկունքում Առաջաձոր գյուղն էր, որտեղից Գանձասար ու Ստեփանակերտ հասնելը, ինչպես ասում են, խաղ ու պար էր: Դա, իհարկե,  թշնամուն չհաջողեց: Բացի Ճիլոտի ուղղությունից, թեժ մարտեր էին մղվում նաև «Չլդրանի բողազ», «Քաչալենց թումբ», «Մեհմանա  յալ» կոչվող բարձունքներում, ինչպես նաև Կիչան գյուղի ուղղությամբ, որտեղ ղազարահողցի արնախում Բաշխու թոռ Արամայիսն իր ջոկատով 1993 թ. հունվարին մեկ ժամ տևած մարտում 15 թուրք ասկյար  կոտորեց (արնախում Բաշխու մասին խոսելու առիթ, հավանաբար, կլինի): Իսկ երբ մարտն ավարտվում է, մարտիկներից մեկն Արամայիսին տեղեկացնում է, որ երկու զոհ և մեկ վիրավոր ունեն: Զոհվածներից մեկը Արամայիսի կնոջ եղբայրն էր` Կամոն, որի կնոջը սպանել էին թուրքերը: Իսկ Կամոյի երկու որբերի խնամքն ընկել էր նրա  ծեր ծնողների ուսերին, որոնց  հանդիպեցի Ղազարահող գյուղում:

Պաշտպանները չէին հաշտվում իրենց կորստի հետ: Շուրջ հինգ ամիս տևական մարտեր  մղվեցին, ռազմական տարբեր գործողություններ ու հետախուզություններ իրականացվեցին, մինչև որ պատերազմական իրադարձություններով հարուստ աշունն անցավ, ճերմակ քողով պատվեցին Արցախ աշխարհի լեռներն ու անտառները:  Ի վերջո, վրա հասավ բաղձալի օրը` 1993 թ. փետրվարի 5-ը:  Կոտրելով հակառակորդի դիմադրությունը` հայ ազատամարտիկներն ազատագրեցին Չլդրան, Կիչան գյուղերը և դուրս եկան Մարտակերտ-Քելբաջար մայրուղու Դրմբոն հատվածը:

Հազարավոր կրակոցներից, արկերի դղրդյուններից Չլդրանի անտառն ասես մերկացել,ազատվել էր ձյունից: Գյուղն ազատագրող տղաների առաջին գործը գերեզման այցելելն էր, որտեղ թուրքն իր սև գործն արդեն արել էր:

Նրանք ներողություն խնդրեցին իրենց անցավորներից` նրանց շիրիմները 5-6 ամիս թշնամուն թողնելու համար: Ավերել էին նաև գյուղի տները: Գյուղ վերադարձան անհամբեր դարձած բնակիչները…

Գյուղի գլխով անցած իրադարձությունները, իհարկե, այսքանով չեն ավարտվում: Ինչպես գյուղի ջոկատի  հրամանատար Սերյոժա Նազարյանը, այնպես էլ շատ համագյուղացիներ բազմաթիվ ուշագրավ պատմություններ ներկայացրեցին, բայց դե… Փորձառու հրամանատարը հատկապես ընդգծեց, որ եթե իրենք 10 հոգով էին հետախուզության գնում, ապա հակառակորդը` 50-60: Կարծես մարտի էին դուրս գալիս: Չմոռացավ նաև պատմել երևանցի Հարութի ոդիսականը, որ Օգանով Սամվելի ջոկատից էր: Երբ դիվերսիոն-հետախուզական նպատակով գյուղ են մտնում, թուրքի տանկ խփում, Հարութը կրծքից վիրավորվում է:  Ընկերները նրան մի հարմար տեղ են թողնում, թե սպասիր, քիչ հետո կգանք ու քեզ կտանենք; Վերադարձին Հարութին իր տեղում չեն գտնում: Գտնում են միայն 10 օր անց` հերթական դիվերսիոն գործողության ընթացքում, գյուղի մի նկուղում`  նռնակը ձեռքին…

 

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

Դիտվել է 2259 անգամ:
Print Friendly

Leave a Reply