Սարգիս Գրիգորյան. «Միջազգային մրցասպարեզներում հաջողությունների հասնելու համար հզոր հովանավորներ են անհրաժեշտ»

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | February 17, 2013 7:29

Օրերս Բարսելոնայում կայացած հանդբոլիստների աշխարհի առաջնությանը, որն ավարտվել է Իսպանիայի հավաքականի հաղթանակով, ներկա էր Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը: Վերադարձից հետո նրան խնդրեցինք հայտնել իր տպավորությունները:

 – Խաղերն անցկացվում էին Բարսելոնայի օլիմպիական մարզահամալիրում, և դրանց ընթացքին հետևում էին բազմահազար հանդիսականներ: Եզրափակիչ խաղի ժամանակ մարզասրահը լեփ-լեցուն էր, ազատ նստատեղ չկար: Իսպանիան հանդբոլի երկիր է, մոլի երկրպագուները շատ են: Թերևս դրանով է բացատրվում  մեծ հետաքրքրությունը, այն շիկացած մթնոլորտը, որը տիրում էր առաջնության շուրջը: Ընդ որում, շատ էին նաև այլ երկրներից ժամանած մարզասերները:

Կիսաեզրափակչում էին նախկին Հարավսլավիայի երկու երկրների` Խորվաթիայի և Սլովակիայի ներկայացուցիչները, որոնցից, նաև հանդբոլի հայրենիք Դանիայից, Ֆրանսիայից մեծ թվով մարզասերներ կային Բարսելոնայում: Նույնիսկ, երբ Իսպանիայի հավաքականն էր խաղում, չէր զգացվում, որ այդ երկրում է առաջնությունը, քանի որ այլ պետություններից ժամանած մարզասերներն էլ քիչ չէին: Ընդ որում, տարբեր թիմերի երկրպագուները խաղերի ժամանակ կողք-կողքի էին նստում, ոչ թե առանձին տրիբունաներում: Նրանք իրենց երկրպագած թիմերի խորհրդանիշներով էին` դրոշներով, մարզաշապիկներով, վզկապներով, գլխարկներով և այլն: Ուշագրավ է, որ մարզասերների միջև ոչ մի բախում, խժդժություն չառաջացավ: Բարսելոնայում այդ օրերին տոն էր, ուրախություն, շոու: Մարզասերները շատ բուռն էին երկրպագում, և այնպիսի աղմուկ էր առաջանում, որ դահլիճում իրար կողքի նստողներն անգամ չէին կարողանում միմյանց հետ խոսել: 

Ինչքանո՞վ էին գրավիչ կիսաեզրափակչի 3-րդ տեղի համար ԽորվաթիաՍլովենիա և եզրափակիչ ԻսպանիաԴանիա հանդիպումները:

– Այն փաստը, որ լավագույն քառյակում նախկին Հարավսլավիայի երկու երկրների հավաքականներ են, վկայում է այն մասին, որ այդ  տարածաշրջանում հանդբոլը շատ բարձր մակարդակ ունի: Ընդհանրապես խոշորամասշտաբ ստուգատեսներում  գրեթե չի գրանցվում մի դեպք, որ կիսաեզրափակիչներում, եզրափակիչներում նախկին Հարավսլավիայի երկրների` նաև Սերբիայի, Չեռնոգորիայի  հավաքականներից չլինեն: Ընդ որում, այդ երկրներում հանդբոլը արագ և մեծ թափով է զարգանում: Խորվաթները հաղթել էին օլիմպիական խաղերի, աշխարհի չեմպիոն ֆրանսիացիներին և հույս ունեին, որ չեմպիոն կդառնան: Վերջին տարիներին օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում նրանց առջև արգելք էր դառնում Ֆրանսիայի հավաքականը: Իսկ այս անգամ Ֆրանսիայի` փորձառու, բայց տարեց, ինչպես ասում են` «ծեր» խաղացողներով համալրված հավաքականին խորվաթները հաղթեցին, քանի որ ավելի դիմացկուն էին, արագությամբ էին խաղում, ավելի թարմ տեսք ունեին (30:23): Արագ խաղը շատ բան էր պայմանավորում: Դա հաստատվեց  նաև կիսաեզրափակչի Դանիա – Խորվաթիա մրցամարտում: Երկու թիմերն էլ չեմպիոնի կոչման  հավակնորդներ էին, բայց դանիացիները բարձր տեմպ  ցույց տվեցին և կարողացան առավելության հասնել` 30:24 : Սակայն հաջորդ` 3-րդ տեղի համար Սլովենիայի հավաքականի հետ խաղում խորվաթներն ավելի բարձր պատրաստականություն դրսևորեցին և հաղթեցին` 31:26:

Եզրափակիչ խաղը հետաքրքիր էր այն առումով, որ իսպանացիները կարողացան հենց սկզբից նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել` «բռնել» Դանիայի հավաքականին: Իսպանիայի ընտրանին, ինչպես Ֆրանսիայի հավաքականը, տեխնիկական պատրաստականության շատ բարձր մակարդակ ունի, և Դանիայի ներկայացուցիչներին կարող էր օգնել միայն արագաշարժությունը: Ընդ որում, մասնագետների մեծ մասն այն կարծիքին էր, որ տան պատերն էլ չեն կարող օգնել իսպանացիներին, և դանիացիներն են դառնալու չեմպիոն: Ես համամիտ չէի այդ տեսակետին, վստահ էի, որ եզրափակչում առավելության է հասնելու Իսպանիայի հավաքականը: Եվ նա խաղը տակտիկապես  շատ գրագետ կազմակերպեց: Առաջին 10 րոպեի ընթացքում իսպանացիները 3 գնդակով հաշվի մեջ առաջ անցան: Նրանք ուղղակի թույլ չտվեցին դանիացիներին, որ արագ տեմպ կիրառեն: Խաղն այնպես կառուցվեց, որ դանիացիները հոգեբանորեն  էլ չկարողացան դրսևորել իրենց: Իսպանացիները, ի վերջո, հաղթեցին բացահայտ առավելությամբ` 35:19:

 Ռուսաստանի հավաքականի մասին ի՞նչ կասեք: Նա կրկին ձախողվեց: Ինչո՞ւ այդ թիմի կազմում չէր մեր հայրենակից Սամվել Ասլանյանը:

– Ռուսաստանի ներկայացուցիչները հնարավորություն ունեին քառյակ մտնելու, բայց հետևելով նրանց մրցելույթներին, կարելի է ասել, որ թույլ են: Հայտնի է, որ Ռուսաստանում մեծ փողեր են ծախսում հանդբոլը զարգացնելու համար: «Չեխովսկիե մեդվեդի» թիմը, որի կազմում խաղում է Ասլանյանը, բազային է հավաքականի համար: Հայաստանի և Ռուսատանի հանդբոլի ֆեդերացիաների հարաբերությունները սերտ են, և քաջատեղյակ ենք, թե ինչ է արվում: Բայց ռուսական առաջատար ակումբը չկարողացավ Եվրոպայի չեմպիոնների մրցաշարում եզրափակիչ մտնել, հիմա էլ Ռուսաստանի ընտրանին մեկ գնդակի տարբերությամբ (27:28) զիջեց Սլովենիայի ներկայացուցիչներին: Հավասար պայքար էր: Ինչ վերաբերում է Ասլանյանին, ապա նա հավաքականի ընդլայնված կազմում էր, բայց հետո մարզիչը որոշել է Սամվելի ծառայություններից չօգտվել: Ամենայն հավանականությամբ, առաջիկա Համահայկական խաղերում ուժերը կչափեն նաև հանդբոլիստները, և հույս ունենք, որ Ասլանյանին կտեսնենք այդ ստուգատեսի մասնակից ռուսական թիմում: 

Ի՞նչ եզրակացության կարելի  է հանգել աշխարհի առաջնությունից հետո:

Առաջնությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ հանդբոլում հաջողության հասնելու համար պետք  թիմերը ֆիզիկական բարձր պատրաստականություն ունենան: Մարտավարությունը, նաև արագաշարժությունը շատ կարևոր են, բայց խնդիրները լուծելու համար առաջնահերթ պետք է պատրաստ լինել ֆիզիկապես: Եվ եզրափակչում իսպանացիները դրա շնորհիվ ուղղակի ջախջախեցին մրցակցին:

 Գործնական ի՞նչ հանդիպումներ եք ունցել:

– Իսպանիայում 27 երկրների ֆեդերացիաների ղեկավարներ էին հավաքվել: Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Հասան Մուստաֆան կրկին առաջարկեց աջակցել, որ  Հայաստանի մարզիչները, մրցավարները, տեսուչները մասնակցեն միջազգային սեմինարների, բարձրացնեն իրենց որակավորումը: Այդ ամենը կատարվելու է միջազգային կազմակերպության միջոցներով: Միակ պահանջն այն է, որ մեր մասնագետները տիրապետեն անգլերենին: Դանիայի հանդբոլի ֆեդերացիայի նախագահն առաջարկեց, որ Հայաստանի մրցավարները փորձ ձեռք բերելու համար իրենց առաջնության որոշ հանդիպումներ սպասարկեն, կատարելագործվեն: Զրուցել եմ նաև Ուկրաինայի հանդբոլի ֆեդերացիայի նախագահի, Լատվիայի, Լիտվայի, Իռլանդիայի հանդբոլի ֆեդերացիաների ղեկավարների հետ:

Բոլորին էլ հետաքրքրում է Հայաստանի «Վարչապետի գավաթ» միջազգային ավանդական մրցաշարը, ցականում են մասնակցել: Ինքս հայտնեցի, որ ընդամենը 4 թիմ է խաղում, նախկինում հանդես են եկել Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի հանդբոլիստները, և հնարավորությունները սահմանափակ են: Ուկրաինայի հանդբոլի ֆեդերացիայի նախագահն առաջարկեց, որ 6 հավաքականները երկու խմբում տեղաբաշխվեն: Ուրախալի է, որ արձագանքը լավ է, մասնակցելու ցանկություն հայտնողները շատ են: Հանդբոլի միջազգային, Եվրոպայի ֆեդերացիաների նախագահները Հայաստան են այցելել, ներկա գտնվել և բարձր գնահատել ընկերական  միջազգային մրցաշարը, ճանաչում կա: Մեր խնդիրն է ֆինանսավորում գտնել: Ֆեդերացիան այս ստուգատեսը կազմակերպում է միայն իր հայթայթած միջոցներով: Առաջիկա  երկու ամսում ամեն բան կհստակեցվի: Հունիսի 1-3-ը Քյոլնում անցկացվելու է Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի նախագահության նիստ: Կայանալու է նաև Եվոպայի չեմպիոնների մրցաշարի եզրափակիչը: Այդ ժամանակ էլ պետք է տեղյակ պահենք, թե ինչ մասշտաբով է կազմակերպվելու հայաստանյան միջազգային մրցաշարը:

Ցավոք, Հայաստանի հանդբոլի ֆեդերացիային աջակցության կարգով հատկացվող ֆինանսներն այս տարի էլ չեն ավելացվել, մնացել են նույնը` 18 մլն դրամ: Դրանով մարզաձևը ոչ միայն  հնարավոր չէ զարգացնել, այլև պահել: Այդուհանդերձ, կանցկացվեն Հայաստանի տարբեր տարիքային խմբերի առաջնությունները, մեր երկրի ներկայացուցիչները կարողությունները կփորձեն հանդբոլիստների և հանդբոլիստուհիների եվրոպական ստուգատեսների խմբային մրցաշարերում: Ի դեպ, Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան և «Կենտրոն» հեռուստաընկերությունը մարզասերներին լավ նվեր մատուցեցին, հեռարձակվեցին աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, 3-րդ տեղի համար, եզրափակիչ խաղերը: Դրանց ընթացքին հետևել են նաև պատանիները և աղջիկները: Հուսով ենք, որ նրանցից շատերին է հետաքրքրել այս գրավիչ մարզաձևը և կցանկանան իրենց կարողութունները փորձել հանդբոլում: Ընդհանրապես ոչ միայն հանդբոլը, այլև խաղային բոլոր մարզաձևերը Հայաստանում մասսայականություն են վայելում: Իսկ հանդբոլի միջազգային մրցասպարեզներում հաջողությունների հասնելու համար հզոր հովանավորներ են անհրաժեշտ, բյուջեով հատկացող ֆինանսները դրա համար բավարար լինել չեն կարող:

Դիտվել է 2325 անգամ:
Print Friendly

Leave a Reply