ԳԱՅԼ ՎԱՀԱՆ.Հմուտ զորավարն ու դիվանագետը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | February 19, 2013 7:28

Եթե Վահան Մամիկոնյանի ապստամբությունը համեմատենք Վարդանանց պատերազմի հետ, ապա հստակ կերևան Վահանանց շարժման նպատակներն ու ուղղվածությունը, այն է` Հայաստանի անկախության, գոնե ներքին ինքնավարության վերականգնում: Վահանն աչքի ընկավ որպես լավ զորավար ու հմուտ դիվանագետ:

481-484 թթ. Վահան Մամիկոնյանի ղեկավարած համազգային ապստամբությունը հայ ժողովրդի պատմության փառահեղ էջերից է: Վահան Մամիկոնյանը, որ պատմությանը հայտնի է նաև Գայլ Վահան անունով, Ավարայրի ճակատամարտում զոհված սպարապետ Վարդան Մամիկոնյանի եղբոր` Հմայակի որդին էր, իսկ մորական կողմից Արծրունյաց քաջարի տոհմից էր. նրա մայրը Ձվիկ իշխանուհին էր:

Ավարայրի ճակատամարտից հետո պարսիկները կալանավորեցին հայ ազնվազարմ իշխանազուններին և բոլորին պատանդ տարան Տիզբոն: Կալանվածների թվում էին նաև Վահանը եղբայրների` Վասակի և Արտաշեսի հետ: Բարեբախտաբար Մամիկոնյան պայազատները երկար չեն մնում Տիզբոնում. 455 թ. Գուգարաց հայրենանվեր Աշուշա բդեշխի միջնորդությամբ եղբայրները ազատ են արձակվում և վերադառնում հայրենիք: Աշուշան իր մայրաքաղաք Ցուրտավում ապաստան է տալիս որբ եղբայրներին ու դաստիարակում նրանց: Չի բացառվում, որ որպես ազատության փրկագին` Վահանն ու եղբայրները առերես ուրացած լինեն քրիստոնեությունը: Ինչևէ, շուտով Վահան Մամիկոնյանը հաստատվում է հայրենի Տարոնում, իր ձեռքը վերցնում Մամիկոնյան տոհմի տանուտիրությունը և հայոց այրուձիի սպարապետությունը:

Վարդանանց պատերազմը և Ավարայրի ճակատամարտը պարտությամբ ավարտվեցին: Վարդանանց անիմաստ նահատակության խորհուրդը արդյունք չտվեց: Պարսկական կառավարությունը, ճիշտ է, այլևս հայերի առջև համընդհանուր հավատափոխման պահանջ չդրեց, սակայն Տիզբոնը, օգտվելով հայկական ռազմուժի ջլատումից, լիիրավ տիրապետում էր Հայաստանի իրավիճակին: Պարսիկները ուժեղացրին հարկային բեռը Հայաստանի վրա, հայ նախարարների ձեռքից առան ներքին պաշտոնները, այսինքն` Հայաստանը զրկեցին ներքին ինքնավարությունից:

Հայաստանում հաստատելով ռազմական ու տնտեսական գերիշխանություն` Տիզբոնի արքունիքը ձեռնամուխ եղավ հայության ձուլման քաղաքականությանը: Պարսկական քաղաքականությունը Հայաստանում պաշտպանում էին որոշ պարսկամետ նախարարներ` մաղխազ Գադիշո Խոռխոռունու գլխավորությամբ: Նրանք, իրենց ազդեցությանն ընդդիմացող տեսնելով միայն Վահան Մամիկոնյանին, պարսից Պերոզ արքային մոտ (461-478)  չարախոսում են սպարապետին` ասելով, թե նա պատրաստվում է բռնագրավել արքունի գանձարանն ու ոսկիներով փախչել Բյուզանդիա: Բանսարկուների ջանքերով Տիզբոնում դիվան է գումարվում: Սակայն Վահան Մամիկոնյանը կարողանում է արյաց արքային ապացուցել իր անմեղությունը` ասելով, որ միայն կույրը կարող է չտեսնել պարսից հզորությունը և ապստամբել նրանց դեմ: Ի վերջո, ամբաստանությունը ի դերև է անցնում, և Վահանն ազատ է արձակվում: Ուսումնասիրողներից ոմանք կարծում են, որ Վահանը զրադաշտություն ընդունեց հենց այս ժամանակ, որպեսզի ցրի պարսից կասկածները:

Ինչևէ, պատմությանը, ցավոք, հայտնի չէ ճշմարտությունը` իսկապես Վահան Մամիկոնյանը ծրագրո՞ւմ էր որևէ ապստամբական շարժում, թե՞ ոչ: Սակայն ապստամբության առիթը  չուշացավ:

Շուտով Վիրքից Տարոն հասան վրաց Վախթանգ Ա Գորգասալ թագավորի (440-502) պատվիրակները վրացիների ապստամբության լուրով և օգնության խնդրանքով: Վախթանգ թագավորը սպանել էր Աշուշայի որդի, Գուգարաց դավաճան բդեշխ Վազգենին և ապստամբություն բարձրացրել Պարսկաստանի դեմ: Վախթանգ թագավորը, գնահատելով իրերի վիճակը, օգնություն էր աղերսում հայերից, մանավանդ սպարապետ Վահան Մամիկոնյանից, քանի որ Վրաստանը միայնակ ի զորու չէր թոթափել պարսկական լուծը:

Իր նամակում վրաց արքան, Վահանին դրդելով ապստամբության, հավաստիացնում է, որ ապստամբության դեպքում օգնության կշտապեն նաև հոները:

Վահան Մամիկոնյանը հայ զորավարների ու նախարարների ժողով է գումարում Շիրակում և հայտնում Վախթանգի նամակի մասին: Նախարարները միահամուռ ոգևորությամբ կոչ են անում սպարապետին ապստամբության դրոշ բարձրացնել: Կնքվում է միաբանության ուխտ: Սակայն հայերի ապստամբության մասին նախարար Վարազշապուհ Ամատունին տեղեկացնում է պարսիկներին:

Հայերը նախահարձակ են լինում, կոտորում Շիրակում գտնվող պարսկական զորագնդերը: Պարսիկները խույս են տալիս դեպի Արտաշատ և Դվին: Հայ նախարարները գրավում են Դվինը և Արտաշատը: Պարսիկները փախուստի են դիմում Ատրպատական: Ապստամբները, ազատելով երկիրը պարսկական գերությունից,  կազմում են առանձին կառավարություն: Վահան Մամիկոնյանը ստանձնում է զորքերի հրամանատարությունը, Սմբատ ասպետ Բագրատունին` մարզպանությունը, կաթողիկոս Հովհաննես Ա Մանդակունին` գլխավոր դատավարությունը:

Պարսիկ մարզպան Ատրվշնասպը շուտով Ատրպատականից մեծ զորքով շարժվում է դեպի Հայաստան: Կողմերի միջև առաջին մեծ բախումը եղավ Արարատի լանջին` Ակոռի գյուղի մոտ: Հայկական բանակը, ճիշտ օգտագործելով անհարթ տեղանքը, թշնամուն զրկում է թվային առավելությունն օգտագործելու հնարավորությունից, ջախջախում պարսիկներին ու վտարում երկրից: Ճակատամարտի ժամանակ սպանվում է նաև Ատրվշնասպ մարզպանը: Համաձայն աղբյուրների` այս ճակատամարտում պարսկական բանակի կորուստները անցան 40.000-ը:

Մյուս տարի` 482 թ. գարնանը, պարսիկներն ավելի մեծ բանակով են շարժվում Հայաստանի վրա: Վահան Մամիկոնյանը որոշում է թույլ չտալ թշնամուն ներխուժել երկիր և նրան դիմավորում է Հայաստանի սահմանագլխին` Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մատույցներում: Արյունոտ ճակատամարտն ավարտվում է պարսկական բանակի սոսկալի ջարդով ու կոտորածով: Պարսիկ բանակի մնացորդները փախուստի են դիմում և լքում Հայաստանը:

Թվում է, թե ամեն ինչ լավ է ընթանում: Սակայն չկարողանալով ծնկի բերել հայերին` պարսիկները Աղվանքից արշավեցին Վիրք: Վախթանգ թագավորը օգնություն աղերսեց Վահան Մամիկոնյանից: Ընդ որում, Վախթանգ Գորգասալը Վահան Մամիկոնյանին Վիրք հրավիրեց սուտ խոստումներով, իբր օգնության ակնկալիք ունի նաև հոներից: Ինչպես հետագայում պարզվեց, վրաց արքան, ուղղակի վախենալով պարսկական 50.000-ոց բանակից, ստել էր: Հայերը շտապեցին օգնության: Հայ-վրացական բանակը թշնամուն դիմավորեց Քռի ափին` Ճարմանայի դաշտում: Ճակատի ձախ թևը պահող վրացական բանակի երկյուղածության պատճառով, պարսիկները կարողանում են շրջանցել դաշնակից ուժերին, շրջապատել և հաղթանակ տանել: Հայկական բանակի կորուստները զգալի էին: Ճարմանայի ճակատամարտում զոհվում են մարզպան Սմբատ Բագրատունին, սպարապետի եղբայր Վասակ Մամիկոնյանը, այլ անվանի իշխաններ ու զորավարներ: Յաղզ Սյունին ու Հրահատ Կամսարականը գերի են ընկնում:

Պարսկական բանակը Վրաստանից անցավ Հայաստան և հետապնդեց ջախջախված հայկական զորքը: Պարսիկները հայերին պաշարեցին Դվինում: Սակայն Վահան Մամիկոնյանը անակնկալ հարձակումով ճեղքեց թշնամու շղթան և հեռացավ Խաղտիք, այնտեղից` Տայք: Իր հերթին Վախթանգը նահանջում է Եգերք:

Վահան Մամիկոնյանը, պարսկական հալածանքներից խուսանավելու և իր զորքը կարգի գցելու նպատակով, որոշ ժամանակով անգամ անցնում է Տայքի բյուզանդական հատվածը:

Այնուհետ, հայոց սպարապետը պարտիզանական կռիվներ է սկսում պարսկական բանակի դեմ` անակնկալ հարձակումներով անընդհատ ծանր կորուստներ պատճառելով թշնամուն: Նոր նշանակված Զարմիհր մարզպանը չի կարողանում որսալ Վահանին ու նրա զինակիցներին: Անակնկալ հարձակումներն այն աստիճանի են սարսափ տարածում պարսկական բանակի վրա, որ պարսիկների շարքերում տիրում է վախը, սարսափը, հուսահատությունը: Պատերազմի այս ձևն էլ հաշվի առնելով` թշնամին հայոց սպարապետին կնքում է Գայլ Վահան անունով:

484 թ. Պարսկաստանի միջազգային դրությունը ծայրահեղ վատացավ: Պարսկական բանակը ծանր պարտություն կրեց Միջին Ասիայում` քուշանների դեմ պատերազմում: Ճակատամարտում սպանվում է Պերոզ արքան: Գահի վրա նրան փոխարինած Վաղարշը հասկանում է, որ անհնար է այլևս երկու ճակատով պատերազմել և ստիպված հաշտություն է խնդրում հայերից: Բանակցություններ վարելու նպատակով Հայաստան է ժամանում պարսից Նիխոր զորավարը: Բանակցությունների վայր է ընտրվում հայ-պարսկական սահմանագլխի Պարսկահայք նահանգի Հեր գավառի Նվարսակ գյուղը:

Վահան Մամիկոնյանը մի քանի պայման է դնում Տիզբոնի արքունիքի առջև.

ա. պարսկական արքունիքը երբևէ չպետք է հավատուրացության պահանջ դնի, հավատուրացները որևէ արտոնություն Հայաստանում չպետք է ստանան:

բ. Հայաստանում վերականգնվում է նախարարական կարգը: Հայ նախարարները ենթակա են միայն պարսից արքային, առանց որևէ պարսիկ պաշտոնյայի միջնորդության. ասել է թե` վերականգնվում էր Հայաստանի ներքին անկախությունը:

Պայմանագիրը վավերացնելու համար Վահան Մամիկոնյանը մեծ շքախմբով մեկնեց պարսկական ճամբար: Նրան դիմավորեցին արքայավայել:

Մյուս տարի Վահան Մամիկոնյանն արդեն Տիզբոնում պարսից արքայից ստացավ հայոց տանուտիրությունը, իսկ քիչ անց նշանակվեց հայոց մարզպան:

Վահանանց պատերազմի դասերը բավական ուսանելի էին հետագա սերունդների համար: Եթե Վահան Մամիկոնյանի ապստամբությունը համեմատենք Վարդանանց պատերազմի հետ, ապա հստակ կերևան Վահանանց շարժման նպատակներն ու ուղղվածությունը, այն է` Հայաստանի անկախության, գոնե ներքին ինքնավարության վերականգնում: Վահանն աչքի ընկավ որպես լավ զորավար ու հմուտ դիվանագետ:

Այլ էր Վարդանանց տարերային, անկազմակերպ շարժումը, որի մեջ բացակայում էին նպատակներն ու հեռահար մարտավարությունը: Վարդանանց միակ նպատակը հանուն հավատի նահատակությունն էր, և այդ շարժման մեջ հայրենիքն ու Հայաստանը բացակայում էին որպես նպատակ ու ելակետ:

 Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

 

 

Դիտվել է 6184 անգամ:
Print Friendly

Leave a Reply