Հայկական բռնցքամարտն ինչպես որ կա

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | February 16, 2013 14:20

Հայկական բռնցքամարտի միակ օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը հրաժեշտ տվեց կյանքին օտար ափերում` ԱՄՆի Լոս Անջելես քաղաքում: Նրա աճյունը հողին կհանձնվի փետրվարի 16-ին Երևանի քաղաքային պանթեոնում: ՀԱՕԿի նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ այսուհետ իր իսկ սահմանած մրցանակների խաղարկության բռնցքամարտի երևանյան ավանդական միջազգային մրցաշարը կնվիրվի Վլադիմիր Ենգիբարյանի հիշատակին:

Ի դեպ, այդ մրցաշարը սկզբում նվիրված էր Ենգիբարյանի, նաև ԽՍՀՄ, Հայաստանի հավաքականների մարզիչ Էդվարդ Արիստակեսյանի հիշատակին: Վերջինիս պատվին միայն երիտասարդական միջազգային մրցաշար է նախատեսվում կազմակերպել: Ինչ վերաբերում է Ծառուկյանի մրցանակների խաղարկության մրցաշարին, ապա այն վերջին անգամ կազմակերպվել է երկու տարի առաջ: Ուշագրավն այն է, որ խաղարկված պարգևների կեսից ավելին բաժին է հասել Հայաստանի ներկայացուցիչներին: Լավ է էր դա, թե ոչ, դժվար է ասել: Ինչ վերաբերում է սեփական հարկի տակ կազմակերպված միջազգային այդ մրցաշարում «հերոսացած» մեր բռնցքամարտիկներին, ապա հետագայում նրանք օլիմպիական խաղերի միայն մեկ ուղեգրի տիրացան, տապալվեցին վարկանիշային նախաօլիմպիական մրցաշարում, օլիմպիական խաղերում էլ մեր պատվիրակը տխուր տպավորություն թողեց:

Ցավալին այն է, որ օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարից առաջ հավաքականից հեռացել էին տիտղոսակիրները` Էդիկ Համբարձումյանը, Ազատ Հովհաննիսյանը, Ցոլակ Անանիկյանը, և այդպես էլ պատասխան չտրվեց, թե ինչն է նրանց նեղացրել:

Իսկ 2012-ի Հայաստանի բռնցքամարտիկների ամենանշանակալի ձեռքբերումն այն էր, որ տարեվերջին Կալինինգրադում անցկացված 19-22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր էին դարձել, համապատասխանաբար, Կորյուն Սողոմոնյանը, Արամ Ավագյանը և Նարեկ Աբգարյանը:

Եվ ահա, Հայաստանի հավաքականը  2016-ի օլիմպիական խաղերին սկսում է նախպատրաստվել 0-ից: Այդ երեք մարզիկները չմասնակցեցին Երևանի մարզահամերգային համալիրի ճեմասրահում  օրերս կազմակերպված Հայաստանի առաջնությանը, քանի որ արդեն հավաքականի թեկնածուների թվում են: Իսկ այդ պատվին արժանանալու համար 10 քաշային կարգերում պայքարի ոլորտ էր ներգրավվել 88 բռնցքամարտիկ:

Նախորդ տարվա համեմատությամբ` չեմպիոնները փոխվեցին: Իր տիտղոսը պահպանեց միայն 64 կգ քաշային Արա Պուլուզյանը: Նա հավաքականի հնաբնակներից է: Հավասարը չունեցավ նաև փորձառու, 52 կգ քաշային Դերենիկ Գիժլարյանը: 2012-ի  չեմպիոն Կորյուն Սողոմոնյանի բացակայության պայմաններում  ուժեղագույն ճանաչվեց 49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը: Եվրոպայի նախկին չեմպիոնը 2012-ին Հայաստանի առաջնությունում բավարարվել է արծաթե մեդալով: Պատվո պատվանդանի առաջին աստիճանին կանգնեցին նաև Արարատ Մխիթարյանը (56 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Արման Հովիկյանը (75 կգ), Ռուսլան Իբրահիմյանը, (81 կգ), Ազատ Դավթյանը (91 կգ), Արմեն Սիմոնյանը (+91 կգ): Ի դեպ, վերջին երեք քաշային կարգերի Հայաստանի ուժեղագույն բռնցքամարտիկները հույսեր չեն ներշնչում, որ կարող են միջազգային ռինգում մեր երկրի պատիվը բարձր պահել:

Ցավոք վիճակն այս է: Ահա այն ամենը, ինչ ունենք: Մինչդեռ, բռնցքամարտը Հայաստանում հենակետային մարզաձև է, պետությունը մեծ փողեր է տրամադրում` տարեկան  110 մլն դրամ: Ընդ որում, խորհրդային տարիներից այս մարզաձևի ներկայացուցիչներին զգալի ժառանգություն է մնացել` հարմարավետ մարզասրահներ, բայց արդյունքները մտահոգող են:

Ինչևէ, փետրվարի 25-ից մինչև մարտի 10-ը Հայաստանի հավաքականի թեկնածուներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Աբովյանի մարզաբազայում: Ապա մեր բռնցքամարտիկներն ուժերը կչափեն Չեխիայում, Ուկրաինայում, Ղազախստանում կայանալիք միջազգային մրցաշարերում: Գլխավոր փորձությունը կլինի մայիսի 31-ից մինչև հունիսի 10-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք Եվրոպայի առաջնությունում:

 

 

Դիտվել է 1713 անգամ:
Print Friendly

Leave a Reply