Գեղեցիկ խոստումներ սոցիալական ոլորտում. ի՞նչ են առաջարկում նախագահի թեկնածուները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | February 15, 2013 12:12

«Վստահեցնում եմ` 2018 թվականին մենք ապրելու ենք շատ ավելի լավ Հայաստանում: Հաստատուն քայլերով ենք գնալու այդ ճանապարհով, ԴԵՊԻ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ տանող ճանապարհով»:

Այս խոստման հեղինակը Հայաստանի նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն է, որի նախընտրական ծրագրում սոցիալական ոլորտի վերաբերյալ ամրագրված է հետևյալը. «Հայաստանում պետք է լինեն սոցիալապես պաշտպանված ընտանիքներ»:

Նախագահի թեկնածուն խոստովանում է, որ վերանայվել է մոտեցումն աղքատության հաղթահարման խնդրի նկատմամբ. սոսկ նպաստներով և սոցվճարներով այս խնդիրը չի լուծվի, պետք է վերացնել աղքատությունը ծնող պատճառները:

Նա գտնում է, որ յուրաքանչյուր ընտանիք պետք է կարողանա աշխատանքով ապահովել իր բարվոք կենցաղը, իսկ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքը պետք է զգա պետության իրական աջակցությունն ու օգնությունը:

Ուստի նախագահի թեկնածուն խոստանում է շարունակել համալիր սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը՝ որպես ապահով ընտանիքի երաշխիք:

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը նշանակում է նոր որակի ծառայությունների տրամադրում, շահառուի սոցիալական վիճակի վրա ներազդելու սկզբունքորեն նոր մեթոդների և մեխանիզմների կիրառում: Մասնավորապես, նախատեսվում է սոցիալական պաշտպանության ոլորտում անցում կատարել դեպի ակտիվ, նախաձեռնողական քաղաքականություն, որի շրջանակներում հետևանքների վերացմանը միտված պասիվ ծրագրերի (դրամական վճարներ, արտոնություններ) հաշվին ընդլայնվելու են սոցիալական անբավարարվածություն ծնող պատճառների չեզոքացմանն ու կանխարգելմանը միտված ծրագրերը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ կանխարգելումը շատ ավելի արդյունավետ և նվազ ծախսատար է: Արդյունքում սոցիալական պաշտպանության ոլորտը զուտ վերաբաշխման գործառույթ կատարելու փոխարեն նպաստելու է մարդկային կապիտալի զարգացման միջոցով տնտեսական աճի ապահովմանը:

Թոշակառուներ

 

Ծախսային առաջնահերթություն են լինելու կենսաթոշակների չափերի շարունակական բարձրացումները՝ որպես նշանակետ ընտրելով ցածր եկամուտներ ստացող կենսաթոշակառուներին: Նույնիսկ ամենացածր կենսաթոշակը պետք է բավարարի կենսաթոշակառուի կենսական պահանջմունքները: Կուտակային համակարգի ներդրմամբ կենսաթոշակային ապահովության խնդիրը հիմնարար լուծում կստանա:

Հաշմանդամներ

 

Հաշմանդամ անձանց համար պետք է ստեղծվեն առնվազն նվազագույն պայմաններ՝ հասարակության մեջ նրանց ներառումն ապահովելու համար: Հատուկ ուշադրություն է դարձվելու հաշմանդամների զբաղվածության խնդիրներին:

Զոհված ազատամարտիկների ընտանիքներ

 

Մի քանի տարում ավարտվելու է զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային ապահովման խնդրի լուծումը, արագացվելու են տեմպերը նաև հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների կարիքների բավարարման ուղղությամբ:

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի սոցիալական ոլորտի ծրագրերը

Նախագահի թեկնածուն, անդրադառնալով երկրի սոցիալական խնդիրներին, նախ հարց է բարձրացնում` «ի՞նչ է կյանքի որակը», ապա տալիս բացատրությունը. «Տարբեր ոլորտների ժամանակակից հայեցակարգերում այսօր լայնորեն կիրառվող ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ հասկացությունն իրենից ներկայացնում է սոցիալ-տնտեսական,  քաղաքական, մշակութային, գաղափարախոսական,  բնապահպանական գործոնների,  ինչպես նաև անհատի գոյության,  մարդու հասարակության մեջ գրաված դիրքի ամբողջություն:  Դա հասարակության առանձին խմբերի ֆիզիկական,  բարոյական,  մտավոր և սոցիալական բարեկեցության պայմանների համակցությունն է,  որում անհրաժեշտ հատկանիշների բացակայության կամ ձևախախտման արդյունքում էլ ձևավորվում է ԱՂՔԱՏՈւԹՅՈւՆ կոչվող երևույթը»:

«Այսօր  նույնիսկ պաշտոնական տվյալների հիման վրա կարելի է պնդել, որ մոտ մեկ մլրդ դոլարի չափ գումար մուտք չի գործում պետական բյուջե (խոսքը 2008 թ. բյուջեի մասին է) և շրջանառվում է ստվերում»,- նշված է թեկնածուի նախընտրական ծրագրում: Այս գումարի հաշվին, ըստ Արման Մելիքյանի, կարելի է          բարձրացնել պետբյուջեից աշխատավարձ ստացողների,  այդ թվում նաև պետական ծառայողների աշխատավարձերը, ավելացնել թոշակներն ու նպաստները, աջակցել բնակչության նյութապես անապահով շերտերի` հաշմանդամների, փախստականների, ծայրահեղ աղքատների սոցիալական պայմանների բարելավմանը և ապահովել նրանց լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքին:

ՀՀ Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը կարծում է, որ պետք է տեղի ունենա ազգային եկամտի արդարացի բաշխում, և պայմաներ ստեղծվեն քաղաքացիների արժանապատիվ կյանքի համար: Ըստ նրա՝ պետությունը պարտավոր է երաշխավորել յուրաքանչյուր մարդու արդար վարձատրություն և աշխատանքի նորմալ պայմաններ, ինչպես նաև` ապահովել միատեսակ պայմաններ աշխատանքային ավելի բարձր աստիճանի առաջ քաշման համար` բացառապես աշխատանքային ստաժի և որակավորման հիման վրա:

Քաղաքացիների արժանապատիվ կյանքի համար պայմաններ ապահովելու նպատակով անհրաժեշտ է կենտրոնացնել պետության, մասնավոր կապիտալի սեփականատերերի և ամբողջ հասարակության ջանքերը: Հետևաբար, նախագահ դառնալու դեպքում, Անդրիաս Ղուկասյանը պարտավորվում է մշակել և իրագործել «2014-2020 թթ. ազգային զարգացման յոթնամյա ծրագիր», որի սոցիալական բաղադրիչը հետևյալն է՝

– ապահովել աշխատունակ բնակչության լրիվ զբաղվածություն,

– ապահովել քաղաքային բնակարաններով և աշխատանքով քաղաքներում բնակչության 90 տոկոսին,

– բժշկական բոլոր ծառայությունները դարձնել հասանելի ամբողջ բնակչության

համար,

– կարիքավոր բնակչության բոլոր կատեգորիաները ներառել արդյունավետ

սոցիալական պաշտպանվածության ծրագրերում:

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն ընդամենը 100 քայլով ցանկանում է հասնել սոցիալական արդարության

 

Սոցիալական համերաշխության նրա մոդելը ներառում է բնակչության ազատ տեղաշարժի հնարավորություն սոցիալական մի խմբից մյուսը։ Մակրոտնտեսական կառավարման մոդելը պետք է այնպիսին լինի, որ չքավորներն ազատորեն մուտք գործեն միջին, ապա հարուստ խավի սոցիալական տիրույթ։ Տնտեսական քաղաքականությունը պետք է բացառի կամ նվազագույնի հասցնի մեկի հարստացումը մյուսի հաշվին։ Հարստության կուտակումը հնարավոր պետք է լինի միայն ազատ մրցակցության պայմաններում։

Սոցիալական արդարության Բագրատյանի մոդելի մյուս բաղադրիչը եկամուտների տարբեր տեսակների միջև նորմատիվային կապի պահպանումն է։ Հաշվի առնելով համաշխարհային փորձը` նա կարծում է, որ նվազագույն աշխատավարձը պետք է կազմի միջին աշխատավարձի 38-48%-ը, միջին կենսաթոշակը` միջին աշխատավարձի 37-40%-ը, Ջինիի գործակցով անհավասարությունները սպառման և եկամուտների մասերով պետք է կազմեն համապատասխանաբար` 0.235 և 0.315։ Նման մոտեցումը հնարավորություն կտա, որ թոշակառուները կամ ցածր վարձատրվողները երբեք կենսամակարդակի հարաբերական վատթարացում չունենան ։

Բագրատյանն առաջարկում է սոցիալական արդարության մոդելի ևս մեկ բաղադրիչ` ինքնազբաղվածության աճ. ոչ թե աշխատատեղեր են ստեղծում մարդկանց համար, այլ, նախևառաջ, նրանց հնարավորություն է տրվում ստեղծել սեփական նախասիրություններին համապատասխան աշխատատեղեր։ Պետությունը կվճարի ցանկացած նոր (առաջին անգամ բացվող) փոքր ձեռնարկություն նախաձեռնելու հետ կապված վարկերի տոկոսները։ Թեկնածուն նախատեսում է նաև կենսաթոշակների արագացված (մինչև 1.5 անգամ)  բարձրացում միջին աշխատավարձի նկատմամբ։ Եթե Բագրատյանը դառնա նախագահ, 2017 թ. կենսաթոշակները կկազմեն միջին աշխատավարձի 38%-ը։

Գործազրկության նպաստի տևողությունը կերկարաձգվի: Աշխատանքից ազատելու դեպքում գործատուի կողմից վճարվող նպաստի նվազագույն տևողությունը պետք է սահմանել առնվազն 3 ամիս, իսկ որոշ աշխատանքների համար՝ 6 ամիս (ներկայիս 1-2 ամսվա փոխարեն)։ Հրանտ Բագրատյանը խոստանում է այս հարցը կարգավորել անմիջապես։

«Սոցիալական արդարության, համերաշխության, հավասար հնարավորությունների ու բոլոր անդամներին ներառող հասարակությունն առողջ, հանդուրժող, սոցիալական բևեռացումն ու խտրականությունը բացառող հանրույթ ունենալու գրավականն է»,- համոզված է ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ուստի նա կարծում է, որ պետք է ապահովել բնակչության եկամուտների իրական աճ, ամրապնդել սոցիալական պաշտպանության համակարգը, վերականգնել սոցիալական արդարությունն ու սոցիալական խախտված իրավունքները, պաշտպանել անապահով խավերի աշխատանքային իրավունքը, կրճատել, ապա և բացառել գործազրկությունը` իրականացնելով զբաղվածության արդյունավետ քաղաքականություն, հետամուտ լինել հարևան և այլ երկրներից տեղահանված ու Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատած փախստականների սերտաճմանը հասարակության մեջ, հավասար հնարավորություններ ապահովել բոլորի համար` բացառելով խտրականությունն ու հասարակության որևէ խմբի լուսանցք մղվելը:

Թեկնածուն հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց ներառման չափը համարում է ժողովրդավարական հասարակության, ժողովրդի բարեկեցության չափանիշներից մեկը: Ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա դրանց բարձրացման, եկամուտների արդարացի բաշխման և նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով նախատեսում է հասնել աղքատության էական կրճատման` 2012 թ. 35%-ից 2017թ. 20%-ի, որի արդյունքում 120.000 տնային տնտեսություն կամ 480.000 քաղաքացի դուրս կգա աղքատությունից:

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն իր ծրագրահենքում յուրովի է անդրադառնում սոցիալական ոլորտին. «ՀՀ սահմանադրութիւնը եւ միջազգայնօրէն այս ոլորտում Հայաստանի ստանձնած պարտաւորութիւնների ճշգրիտ կատարումը բաւական են, որպէսզի լիարժեքօրէն ապահովուած լինեն Հայաստանի քաղաքացու սոցիալական, քաղաքական, քաղաքացիական եւ միւս իրաւունքները: Հետեւութիւնն այն է, որ Հայաստանում պակասում է  իշխանութիւնների քաղաքական կամքը»:

Մինչդեռ նախագահի թեկնածուն վստահ է, որ ներկա օրենսդրական դաշտի պայմաններում քաղաքական կամքի հետևողական դրսևորմամբ կարելի է բարելավել ցանկացած ոլորտ, այդ թվում նաև աղքատության ճիրաններում հայտնված, տասնամյակներ աղետի գոտում կացարանի սպասող քաղաքացիների վիճակը:

ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի նախընտրական ծրագիրը, ցավոք, հասանելի չէ, եթե իհարկե գոյություն ունի, ուստի հնարավոր չեղավ պարզել, թե այդ թեկնածուն ինչ փոփոխություններ է առաջարկում հանրությանը:

 

Դիտվել է 1702 անգամ:
Print Friendly

Leave a Reply