ՀԱԿ դաշինքից` ՀԱԿ կուսակցություն` նույն` «ավազակապետությունը կազմաքանդելու» առաքելությամբ

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | February 14, 2013 15:07

Նախորդ շաբաթ Հայաստանի ներքաղաքական կյանքում մի իրադարձություն եղավ, որը ստվերվեց Պարույր Հայրիկյանի` ՍԴ դիմելչդիմելու  իրարանցման համատեքստում: Մասնավորապես` ՀԱԿի համակարգող Լևոն Զուրաբյանը մամլո ասուլիս հրավիրեց և ի լուր Հայաստանի ու աշխարհի ազդարարեց նոր` ՀԱԿ կուսակցության հիմնումը:

 Հին  ու նոր ՀԱԿը

Զուրաբյանը հայտարարեց, որ փետրվարի 7-ին 28 հոգու կողմից ՀԱԿ կուսակցություն ստեղծելու մասին հայտարարություն-ծանուցում է ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարություն: Նա նշեց, որ նախաձեռնողները հայտարարում են ՀԱԿ կուսակցության ստեղծումը և ծանուցում, որ կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա այս տարվա մարտի 22-ին:

Այս հայտարարությունը սպասելի էր, քանի որ դրանից առաջ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին հարցազրույց էր տվել` ասելով, թե ժամանակն է, որ Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի և անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության»:

Հենց նույն թերթի լրագրողը մեկնաբանություններ էր վերցրել ՀԱԿ-ի կազմի մեջ մտնող տարբեր քաղաքական ուժերի ու նախաձեռնությունների ներկայացուցիչներից և ստացել հետևյալ պատկերը. նորաստեղծ կուսակցության մաս կկազմեն Կոնգրեսի ստեղծմանը մասնակցած և մինչ օրս այդ կառույցի անդամ հանդիսացող 13 քաղաքական ուժերից միայն 3- 4-ը:

Եվ այսպես, դիմում ծանուցագիրն անհատ նախաձեռնողների կողմից արդեն մուտքագրվել է արդարադատության նախարարություն, նոր կուսակցության ստեղծման մասին հայտարարվել է հրապարակավ, և այդ կուսակցության ստեղծումն այլևս փաստ է: Իր ասուլիսի ժամանակ Զուրաբյանը հատուկ շեշտեց, որ նոր կուսակցության հիմնումը ՀԱԿ-ի ներսում անկուսակցական անհատների և  քաղաքական տարբեր ուժերի միջև ավելի ուժեղ կոնսոլիդացիա ստեղծելու փորձ է: «Մենք կարծում ենք, որ ստեղծում ենք նախադեպը չունեցող մասսայական, դեմոկրատական կուսակցություն, որի միջոցով ցանկանում ենք իշխանության բերել ժողովրդի ներկայացուցիչներին, որոնք կկարողանան կազմաքանդել այս քրեաօլիգարխիկ համակարգը»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը:

Հարց է առաջանում, իսկ ի՞նչ է լինելու ՀԱԿ դաշինքի հետ, այն վերջնականապես կազմաքանդվելո՞ւ է, թե՞ դաշինքի ձևաչափից սահուն անցնելու է կուսակցության ձևաչափի: Նախաձեռնողները բացատրում են, որ ՀԱԿ կուսակցության ստեղծումով ՀԱԿ դաշինքին ոչինչ չի պատահելու, այն կա, կամավոր դաշինք է, և եթե նրա անդամները ցանկանում են դաշինքը պահպանել, ապա այն կպահպանվի: Իսկ նոր կուսակցություն ստեղծելու նախաձեռնությունը ՀԱԿ-ի ներսում անհատական ինքնորոշման հիման վրա մարդկանց միավորում է մեկ կուսակցության մեջ: Այն քաղաքական ուժերն էլ, որոնք կմտնեն կուսակցության մեջ, եղել են ՀԱԿ դաշինքի անդամներ:

ՀԱԿ-ի անդամներից Գուրգեն Եղիազարյանն էլ հենց ՀԱԿ կուսակցություն ստեղծելու մասին հայտարարելու օրը նշել է, որ իրենց կուսակցությունն  այլ կուսակցության մեջ չի կարող մտնել: Եվ իրենք ՀԱԿ-ում էին, որովհետև ՀԱԿ-ը ռեժիմը կազմաքանդելու նպատակ ուներ, օլիգարխիայի դեմ էր հանդես գալիս:

«Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, ՀԱԿ-ի անդամ Սոս Գիմիշյանն էլ նույն օրը` մեկ այլ մամլո ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի մտադրությանը` ՀԱԿ-ը կուսակցության վերածելու գաղափարին, նշել է, որ ուրախ է Տեր-Պետրոսյանի գաղափարի համար, բայց համաձայն չէ դրա հետ, քանի որ ՀԱԿ-ը պետք է պահպանել:

Ուշագրավ է նաև մեկ այլ հանգամանք. երբ նոր` ՀԱԿ կուսակցությունը դեռ «երկունքի ցավերի» մեջ էր, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ-ի անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ ինքը ողջունում է Տեր-Պետրոսյանի գաղափարը,  իսկ իրենք  հետո կքննարկեն, թե ինչպես է ՀՀՇ-ն վարվելու:

Եթե մի պահ տեսականորեն պատկերացնենք, որ ՀՀՇ-ն վերջնական որոշում կայացնի չմիանալ այդ նախաձեռնությանը, ապա կստացվի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀԱԿ կուսակցության նախաձեռնողները կմնան  միայնակ ավազակապետությունը կազմաքանդելու իրենց պայքարում:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ ՀԱԿ-ի ողնաշարը կազմող հիմնական կուսակցություններն ու քաղաքական ուժերն առանձնապես մեծ խանդավառություն չեն ցուցաբերում նորաստեղծ կուսակցությանը մաս կազմելու համար, նախաձեռնողները հույս ունեն, որ նոր կուսակցության կայացման գործում դեռ շատ անելիքներ կան, և  երբ այդ ուժերը տեսնեն, որ շատ ավելի արդյունավետ քաղաքական ուժ է հիմնադրվել, միգուցե հետագայում այդ ուժի հետ միավորվելու ցանկություն հայտնեն:

 Նոր և հակասական գաղափարական ուղղություն

 

Ցանկացած կուսակցություն ունենում է ծրագիր և գաղափարական ուղղվածություն: Նոր կուսակցության ծնունդն ազդարարելիս ՀԱԿ-ի համակարգող և նոր կուսակցության համանախաձեռնող Լևոն Զուրաբյանը նաև ներկայացրեց այդ կուսակցության գաղափարական ուղղվածությունը, և ո՜վ զարմանք: Պարզվում է, որ  կուսակցության հիմնական գաղափարական ուղղությունը լինելու է սոցիալական-լիբերալիզմը:

Այս  հանգամանքը Զուրաբյանը հիմնավորեց այսպես. «Եթե ուզում ենք ստանալ ժողովրդի վստահությունը, ապա պետք է գնալ գաղափարախոսությունների ամուսնության: Տվյալ դեպքում մենք դնում ենք սոցիալիզմի և լիբերալիզմի ամուսնություն:

Թե ինչ է դա նշանակում, հավանաբար գիտեն միայն նորաստեղծ կուսակցության նախաձեռնողերը, որոնք իրենց ընտրած «գաղափարական ուղղությունն» արդեն համեմատում են Ռուզվելտի իրականացրած քաղաքականության հետ, որի շարունակողը Քլինթոնն էր, Օբաման ևն:

Հանուն  ճշմարտության նշենք, որ սոցիալիզմն ու լիբերալիզմը չեն համարվում համադրվող  գաղափարախոսություններ, եթե չասենք` ընդհակառակը` հակադիր ու նույնիսկ հակամարտող են: Լիբերալիզմը, օրինակ` առաջարկում է ամբողջովին ազատ շուկայական հարաբերություներ, որի միջոցով էլ կարգավորվում են սոցիալ-տնտեսական և այլ հարաբերությունները: Իսկ սոցիալիզմն առաջարկում է պետության ակտիվ մասնակցություն սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական հարաբերություններում` հանուն արդարության, հավասարության ու ազատության: Լիբերալները կարծում են, որ պետությունը չպետք է խառնվի սուբյեկտների ազատ շուկայական հարաբերություներին, իսկ սոցիալիստները համոզված են, որ պետությունը պետք է ակտիվորեն միջամտի այդ հարաբերություններին, և այսպես շարունակ: Ու թե ինչ հիբրիդ կամ աննորմալ ծնունդ պետք է ծնվի այս, ինչպես Զուրաբյանն է նշում, ամուսնությունից, այնքան էլ հեշտ չէ պատկերացնել, եթե, իհարկե, նորաստեղծ ՀԱԿ-ում միանգամից չեն որոշել նոր քաղաքական-գաղափարախոսական ուղղություն ստեղծել:

Անդրադառնանք նաև մյուս կարևոր հարցին` յուրաքանչյուր կուսակցություն պետք է ունենա հստակ նպատակ և դրան հասնելու կոնկրետ ծրագիր: Եթե ծրագիր չունենալը դեռևս կարելի է բացատրել, քանի որ կուսակցությունը, որպես այդպիսին, դեռևս չի կայացել, նույնիսկ հիմնադիր համագումար չի ունեցել, ապա նպատակի մասով հարցեր, այնուամենայնիվ, առաջանում են: Օրինակ` այն նույն մարդիկ, որոնք վերջին 5 տարում միավորված էին ավելի մասսայական, սկզբնական շրջանում նույնիսկ բավականին ուժեղ  դաշինքի մեջ, ինչպիսին ՀԱԿ-ն էր, այժմ արդեն ակնհայտ փոքրաթիվ ուժերով միավորվել են և իրենց առջև դնում են նույն նպատակը, ինչ ՀԱԿ դաշինքը` կազմաքանդել քրեաօլիգարխիկ համակարգը, հասնել իշխանափոխության: Ահա տրամաբանական հարց է առաջանում` արդյոք կկարողանա՞ն  սրանք իրականացնել դա, եթե չիրականացրեցին մինչ այս ավելի մեծ ուժերով:

Լևոն Զուրաբյանը պատասխանել է, որ նախկինում մի շարք հանգամանքներ կային, որոնք թույլ չէին տալիս ՀԱԿ-ին տեղից շարժվել: Դեռ ավելին, որպես օրինակ` նշել է, թե ՀԱԿ-ում որևէ մարդ-կուսակցություն կարող էր կարևոր հարցերում, քաղխորհրդի նիստերում օգտագործել իր վետոյի իրավունքը, և դրա հետևանքով այս կամ այն որոշման կայացումը կարող էր խաթարվել: Նախաձեռնողները, փաստորեն, համոզված են, որ այլևս նման բան չի լինի, ու հավանաբար հենց դրա համար են հայտարարում, որ այս նորաստեղծ կուսակցությունը ապագայում ամենակարևոր դերակատարումն է ունենալու երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Ըստ երևույթին, ոչ այն դերակատարությունը, ինչ ունեցավ ՀԱԿ դաշինքը:

 

Դիտվել է 1421 անգամ:
Print Friendly

Leave a Reply