Ինչպիսի՞ գյուղ ենք ունենալու առաջիկա հինգ տարիներին

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | February 15, 2013 3:00

Գյուղատնտեսության ոլորտը եղել ու մնում է առավել ուշադրության արժանի ոլորտներից մեկը. այն  համարվում է «կերակրող» ոլորտ, ասել է թե` լուծում է յուրաքանչյուր երկրի սննդի ինքնաբավության հարցը: Այս ոլորտի մասին բազմիցս ու բազմապիսի մտահոգություններ են հնչել, հնչում են, և այս համատեքստում ուշագրավ է, թե ինչ պատկերացումներ ունեն նախագահի թեկնածուներն այս կարևորագույն ոլորտի վերաբերյալ:

 Այսպիսով` գյուղացիական տնտեսությունների համար նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը նախատեսում է սահմանել արտոնագրային, հաստատագրված վճարներ` հողի հարկի, արտոնագրային վճարումների ու միանվագ վճարումների տեսքով: Այսինքն` այս ոլորտում կիրառվող հարկային քաղաքականությունը կօպտիմալացվի: Սրանից բացի, նախագահի այս թեկնածուն գյուղոլորտի համար նախատեսում է նաև գյուղմթերքների թափոնների պետական հաշվառում, որի նպատակը թափոնների միջոցով արտադրության իրական ծավալները հարկային մարմինների կողմից վերահսկելի դարձնելն է:

Բագրատյանն իր ծրագրում խոսում է նաև գյուղատնտեսական մթերքների արտադրության սուբսիդավորման մասին: Սա նրա ծրագրի կարևորագույն նորամուծություններից մեկն է: Այս դրույթով նախագահի թեկնածուն առաջարկում է գյուղատնտեսական արտադրանքի համար սահմանել պետական մի գին, որը գյուղացուն կվճարվի անկախ այն հանգամանքից, թե նա հետագայում ինչ գնով կվաճառի իր արտադրանքը: Բագրատյանի ծրագրով` կարգելվի նաև այլ բնակավայրերից որևէ գյուղում խոշոր հողատարածքների գնումն ու տնօրինումը:

Բագրատյանը խոստանում է նաև ստեղծել գյուղատնտեսական արտադրանքի մեծածախ շուկաներ, բայց դրանցից բացի, ցանկանում է վերականգնել նաև նախկին կոլտնտեսային շուկաները` որպես մանրածախ շուկաներ, ինչը, նրա համոզմամբ, հնարավորություն կտա գյուղացուն առանց խոչընդոտների իրացնելու իր ստեղծած բարիքները:

Բագրատյանի ծրագրի մեկ այլ դրույթի համաձայն` առաջարկվում է ոռոգման, ագրոսերվիսի, գյուղմթերքների իրացման ու գյուղատնտեսական աշխատանքների ֆինանսավորման ոլորտներում գյուղատնտեսական փոխօգնության կոոպերատիվների ստեղծում: Այսինքն` գյուղում ստեղծել հումքի առաջնային կամ հետագա վերամշակման արտադրամասեր ու ագրոսերվիս, որտեղ գյուղացին, բացի իր ունեցած հողից, կունենա փայաբաժին:

Սրանք Բագրատյանի հիմնական դրույթներն են գյուղատնտեսության վերաբերյալ, եթե չհաշվենք, որ նա նախատեսում է նաև գյուղացիների կրթական և վերապատրաստման դասընթացների կազմակերպում, գյուղատնտեսական վարկերի մատչելիություն և այլն:

Նախագահի թեկնածուներ Անդրիաս Ղուկասյանն ու Արման Մելիքյանն իրենց ծրագրերում առանձին գյուղատնտեսական դրույթներ չեն ներառել: Գյուղատնտեսությանը վերաբերող ծրագրային դրույթների չենք հանդիպում նաև Պարույր Հայրիկյանի ներկայացրած ծրագրահենքում: Իսկ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանն առաջարկում է ամբողջությամբ վերացնել հողի հարկը և այլն:

Նախագահի մեկ այլ թեկնածու` Րաֆֆի Հովհաննիսյանն էլ իր ծրագրում նշում է, որ  երկրում ռազմավարական հարցի լուծման համար անհրաժեշտ է առաջնային ուշադրություն դարձնել գյուղում տնտեսության առաջանցիկ զարգացման, ենթակառուցվածքների` ջրագծերի, ոռոգման համակարգերի, ճանապարհների, կապի արդիականացման, սոցիալական կարիքների լիարժեք ապահովման հարցերին:

Այդ առումով նախագահի այս թեկնածուն նպատակադրում է գյուղացիական տնտեսություններում ներդրումային և վարկավորման ծրագրերի իրականացման համար նպաստավոր պայմանների ստեղծում, ֆերմերային տնտեսությունների զարգացում, ագարակատերերի և նրանց ընտանիքների կենսամակարդակի հարաճուն բարձրացում, գյուղատնտեսության մեջ կամավորության սկզբունքով կոոպերացիայի տարբեր ձևերի կազմավորման համար նպաստավոր պայմանների ու մեխանիզմների ապահովում, ջրամատակարարման, պարարտանյութերի և գյուղատնտեսական տեխնիկայի մատչելիություն և արտոնյալ հարկային ու վարկային պայմաններ` գյուղատնտեսության ռիսկային գոտիների ու հատվածների համար:

Այս նկատառումներից ելնելով` Հովհաննիսյանը, օրինակ, նախատեսում է ավելացնել գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների գործող պետական սուբսիդավորումը մինչև 50 տոկոսով, ինչպես նաև վարկային ու ներդրումային ծրագրերի շրջանակներում պետական լուրջ աջակցություն ցուցաբերել գյուղատնտեսական մեքենաների հավաքակայանների ստեղծմանը, գյուղացու և ագարակատիրոջ համար ողջամիտ գների առումով դրանց մատչելիության ապահովմանը:

Հովհաննիսյանը նախատեսում է նաև մի չարչրկված թեմա` ստեղծել գյուղատնտեսության և ֆերմերային տնտեսությունների ապահովագրական համակարգ: Հովհաննիսյանի ծրագրով նախատեսվում 70-80 տոկոսով սուբսիդավորել ոռոգման ջրի արժեքը, իրականացնել գյուղատնտեսական արտադրանքի սպառման խթանմանն ուղղված համազգային արշավներ, խրախուսել ինտենսիվ և նորարար գյուղատնտեսությունը, ինչպես նաև հիմնել պարարտանյութերի արտադրություն, որը կապահովի Հայաստանի գյուղատնտեսության կարիքները:

Ինչ վերաբերում է գործող նախագահ և նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, ապա նա իր ծրագրում նշում է, որ գյուղատնտեսությամբ զբաղվելը գրավիչ և շահավետ դարձնելու նպատակով շարունակելու է ոլորտում կատարվող ներդրումներն ու աջակցությունները` մատչելի վարկավորում, պարարտանյութեր, դիզվառելիք, սերմացու և այլն: Շարունակվելու է գյուղատնտեսական տեխնիկայի ու տեխնոլոգիաների արդիականացման գործընթացը: Մատչելի ֆինանսավորման և սպասարկման ճկուն մեխանիզմների կիրառման արդյունքում գյուղացու համար ժամանակակից տեխնիկայի ու սարքավորումների ձեռքբերումը դառնալու է ձեռնտու: Սրանից բացի, նախագահը ծրագրում է նաև գյուղատնտեսական արտադրության արդյունավետության և ապրանքայնության մակարդակի բարձրացման, եկամտաբերության ավելացման նպատակով քայլեր ձեռնարկել գյուղատնտեսական կոոպերացիայի խթանման ուղղությամբ:

Նախագահի մշտական ուշադրության կենտրոնում են գտնվելու ագրովերամշակման ոլորտի զարգացման և թարմ ու վերամշակված գյուղատնտեսական արտադրանքի արտահանման գործընթացները, և ստեղծվելու են նպաստավոր պայմաններ ջերմոցային տնտեսությունների զարգացման և տարածքների ավելացման համար:

Նախագահը նշում է նաև հակակարկտային կայանների կառավարման ժամանակակից համակարգերի կիրառման միջոցով բնակլիմայական ռիսկերի նվազեցումը:

Սրանք նախագահի թեկնածուների առաջարկած հիմնական դրույթներն են, բայց թե այս դրույթներից քանիսը իրականություն կդառնան, ցույց կտան առաջիկա հինգ տարիները:

Դիտվել է 1700 անգամ:
Print Friendly

Leave a Reply